Փարիզի, Լիոնի և Նյու Յորքի թուրքերն աջակցություն են հայտնել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»­ին դրա անցկացման 12­-րդ օրը միացել են աշխարհի տարբեր քաղաքներում բնակվող թուրքեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Հանրապետության հրապարակում հավաքված թուրքերը բարձրացրել են տարբեր լեզուներով գրված «արդարություն» գրառումը:

Ֆրանսիական մեկ այլ քաղաքում՝ Լիոնում, տեղաբնակ թուրքերը հավաքվել են արդարադատության պալատի դիմաց: Նրանց միջոցառումն անց է կացվել «Արդարության համար մի կրակ էլ դու վառիր» խորագրի ներքո:

«Եթե անարդարության դեմ լուռ եք մնում, նշանակում է, որ անցել եք սատանայի կողմը»,­ նշել են հավաքվածները: Ավելի վաղ մի միջոցառում է կազմակերպվել նաև Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում:

Ցուցարարները պահել են պաստառներ «Արդարություն բոլորի համար», «Թուրքիան աշխարհիկ է, աշխարհիկ էլ կմնա» գրություններով: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և նրա կողմնակիցները հունիսի 15­-ին սկսել են իրենց երթը Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց: Երթը պետք է ավարտվի Ստամբուլի Մալթեփեի բանտի մոտ: Այն իրականացվում է՝ ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման: Քըլըչդարօղլուն ասել է, որ օրական պետք է անցնեն 18 կմ:

Ակնկալվում է, որ երթը կշարունակվի 28 օր: Քեմալականները քայլելուց հետո գիշերելու են ճանապարհների վրա տեղադրված վրաններում: Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով:

Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»­ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին բեռնատարների վերաբերյալ: Հունիսի 14­-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում:

Cumhurriyet թերթի լրագրողները, այդ թվում և գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը ձերբակալել էին դեռևս 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետություն»խմբավորման ահաբեկիչներին: Դատարանը լրագրողներին մեղադրել էր պետական գաղտնիքներ հրապարակելու, լրտեսության և ահաբեկչական գաղտնի կառույցի անդամակցելու մեջ:




Լրահոս