Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցում կտրամադրվի եւս մեկ զոհված զինծառայողի ընտանիքի եւ մեկ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի: Փոխհատուցման որոշումը կայացվել է 20.06.2017-ին հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովի կողմից:
Հիմնադրամի կայքէջի փոխանցմամբ, պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Ռաֆիկի Հարությունյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ եւ պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Ալեքսան Սերգեյի Ավանեսյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաեւ տարվա ընթացքում համապատասխանաբար կտրամադրվի ամսական 250 000 եւ 150 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Հիշեցնենք, որ զինծառայող Արմեն Հարությունյանը զոհվել է մայիսի 26-ին՝ Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում՝ Ադրբեջան զինուժի արձակված կրակոցից:
Պայմանագրային զինծառայող Ալեքսան Ավանեսյանն էլ ստորին վերջույթի վիրավորում էր ստացել այս տարվա հունվարին: