Հայաստանում առաջիկայում կմեկնարկի «Արժանապատիվ աշխատանք» քառամյա ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 26-ին ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոսկվայի գրասենյակի տնօրեն տիկին Օլգա Կուլաևային:
Նախարար Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել ԱՄԿ-ի հետ երկարամյա համագործակցությունը և վստահություն հայտնել, որ Մոսկվայի գրասենյակի տնօրենի ղեկավարությամբ համագործակցությունը շարունակական և արդյունավետ կլինի:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սկսել «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ ծրագրի մշակման և իրականացման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կատարելագործել Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական քաղաքականությունը, աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, հզորացնել Գործատուների միության և Արհմիությունների կարողությունները:

Տիկին Օլգա Կուլաևայի խոսքով աշխատանքային խումբը, որը բաղակացած է լավագույն մասնագետներից, այս շաբաթ հանդիպում կունենա նախարարության համապատասխան պաշտոնյաների հետ: Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքների արդյունքում կարձանագրվեն լավագույն արդյունքներ:

Բացի այդ տիկին Կուլաևան իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ միշտ հնարավոր է գտնել զբաղվածություն ապահովող բացառիկ և հետաքրքիր ծրագրեր, ինչում նա համոզվել է նախարարության հետ համատեղ իրականացրած աշխատանքների ընթացքում:

Հանդիպմանը քննարկվել են նաև ԱՄԿ Գլխավոր տնօրեն պարոն Գայ Ռայդերի այցի կազմակերպման հետ կապված հարցեր:

«Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը քառամյա է, նպատակ ունի աջակցելու աշխատանքի, զբաղվածության, աշխատավարձի և սոցիալական գործընկերության բարեփոխումներին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս