aravot.am-ը գրում է. «Գյումրու Սայաթ-Նովա փողոցը, որտեղ երեկ ուշ ժամի հնչել են կրակոցներ, այսօր շրջափակված է ոստիկաններով, դադարեցված է երթևեկությունը, քաղաքային տրանսպորտը ստիպված փոխել է իր ուղղությունը։ Տեղում աշխատում են քննիչները, քրեագետները, զննում Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող բոլոր սպասարկման օբյեկտների տարածքները:
Դեպքի մասին խանութատերերը գրեթե ոչինչ չգիտեն, «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի աշխատակիցները ևս խուսափում էին որևէ բառ ասելուց, թեև իրադարձությունները ծավալվել են հենց սրճարանի դիմաց։ Ըստ մեր տեղեկությունների, տուժող կողմը՝ 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը՝ իր շրջապատով, նստած է եղել սրճարանի բացօթյա տարածքում, սրճարանից դուրս գալուց վիճաբանություն է սկսվել ու հնչել են կրակոցներ։ Ըստ բժիշկների, տուժողը կողմի վիճակը կայուն ծանր է, նա Ախուրյանի տարածաշրջանի վաղամեռիկ դատախազ Հակոբ Հակոբյանի որդին է։ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 8-10 պարկուճներ ու գնդակ։ Դատախազն ասաց, որ այս պահին չունեն որպես կասկածյալ ներգրավված, բերման ենթարկված անձինք։ Ըստ դատախազի, հետաքննական մարմինը ունի տվյալներ, վարկածներ, սակայն այս պահին տվյալներ չեն հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից։ Դատախազն ասաց, որ հարցաքննել են տարածքի բնակիչներին, սակայն նրանք էական նշանակության ունեցող ցուցմունքներ չեն տվել։
Առգրավված են նաև տարածքի սպասարկման օբյեկտներում տեղադրված տեսախցիկները։ Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, տուժող երիտասարդը՝ Գեորգի Հակոբյանը կոնֆլիկտի մեջ է եղել օրենքով գող՝ Անդրանիկ Սողոյանի՝ Զապի ու վերջինիս քրոջ որդու՝ Արտյոմի հետ, որը նույնպես օրենքով գող է։ Ընդ որում, նույն աղբյուրների փոխանցմամբ, տուժող երիտասարդը բարեկամական կապերի մեջ է օրենքով գողերի հետ։ Ըստ շրջանառվող լուրերի, տևական ժամանակ Գեորգի Հակոբյանը վիրավորական արտահայտություններ է արել իր բարեկամների՝ օրենքով գողերի հասցեին, որոնք բավական երկար գերադասել են չարձագանքել»։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: