«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀ կառավարությունը մերժում է յուրայինների բիզնես հովանավորչությունը, սակայն կառավարության նախորդ նիստում տեղի է ունեցել մեկ ուշագրավ իրադարձություն:
Կառավարությունը որոշել է մաքսատուրքից ազատել «Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ–ԷՄ–ՋԻ)»–ի կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները: Ըստ հիմնավորման՝ «գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից»:
«Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ–ԷՄ–ՋԻ)» ընկերությունը չնայած գրանցված է Երևանի Սայաթ-Նովա հասցեում, հողատարածք ունի Հրազդան քաղաքում, որտեղ էլ հիմնել է արևային էներգիայի արտադրությունը: Ուշագրավն այն է, որ այս ընկերությունը հիմնադրել է էներգետիկայի ներկա նախարար Աշոտ Լևոնի Մանուկյանը: Այս մասին տեղեկանում ենք պետռեգիստրի կայքից: Ըստ կայքի՝ Աշոտ Մանուկյանի մասնակցությունը դադարեցված է իր հիմնադրած ընկերությունում:
Քանի որ մաքսատուրքից ազատված ընկերությունը հենց էներգետիկայի ոլորտում է գործում և կարող է լինել շահերի բախում, էներգետիկայի և բնական պաշարների նախարարի խոսնակ Վասակ Թարփոշյանից «Փաստը» հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ ընկերությունը փոխանցվել է Աշոտ Մանուկյանի հարազատներին, կամ այժմ նախարարն ունի՞ բաժնետոմսեր այդ ընկերությունում կամ որևէ այլ առնչություն: Մամուլի խոսնակը խոստացավ պատասխանել մեր հարցմանը, սակայն երեկ չկարողացավ պատասխանել՝ խոստանալով պատասխանն ուղարկել ավելի ուշ»: