«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը Երեւան քաղաքի թիվ 1 ընտրատարածքը ներառող Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում գրասենյակներ է բացում:
Armtimes.com-ը Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածում տեսանկարահանել է այդ գրասենյակներից մեկը, որը տեղակայվել է Միհրան Պողոսյանին պատկանող նախկին «Ֆլամինգո» սուպերմարկետի տարածքում: Այդ տարածքն առավել հայտնի է 5-րդ զանգվածի «փռի շենք»:
Գրասենյակը գրեթե կահավորվել է, իսկ ապակիների վրա փակցված է «Քեթրին» հասարակական կազմակերպության տարբերանշանը: Ի դեպ, այս գրասենյակի վրա փակցված է նաեւ, որ այն «Քեթրին» ՀԿ-ի «Նոր Նորք» մասնաճյուղն է: Թե ինչ նպատակով է Միհրան Պողոսյանը գրասենյակաշինությամբ զբաղվում, կարելի է միայն ենթադրել, որոշ հանգամանքներ վերհիշելով:
Խորհրդարանական ընտրություններից առաջ մամուլում շատ գրվեց այն մասին, որ Միհրան Պողոսյանը Երեւանի քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի: Իհարկե, քարոզարշավի շրջանակներում նա հերքում էր, թե տարաձայնություններ ունի Տարոն Մարգարյանի հետ, բայց չէր հերքում իր հավակնությունների մասին լուրերը:
«Քեթրին» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջն ամբողջությամբ ողողված է Միհրան Պողոսյանի գործունեությամբ, կարելի է վստահ ասել, որ այդ ՀԿ-ն նախկին ԴԱՀԿ պետի համար PR արշավ կազմակերպելու համար պատրաստի հարթակ է: Ֆեյսբուքյան այդ էջից էլ իմանում ենք, որ Ավան վարչական շրջանում նույնպես գրասենյակաշինություն է տեղի ունենում: «Հարգելի՛ քաղաքացիներ, շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ «Քեթրին» ՀԿ Ավանի մասնաճյուղի բացումը հետաձգվում է։ Բացման օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկանում ենք նույն էջից:
Մի փոքր էլ խորանալով ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում, պարզում ենք նաեւ, որ Միհրան Պողոսյանը գրասենյակ կբացի նաեւ Մոնումենտում եւ Քանաքեռում:
Ստացվում է, որ 3 վարչական շրջանում Միհրան Պողոսյանն ավելի շատ գրասենյակ կունենա, քան հենց ՀՀԿ-ն: Ըստ էության, Միհրան Պողոսյանը փորձում իր ազդեցությունն ավելի մեծացնել Երեւան քաղաքում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: