Որն է Վրաստանում հայկական ավտոբուսի վթարի իրական պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հունիսի 25-ին Վրաստանի Մառնեուլի-Թբիլիսի ավտոճանապարհին հայկական ավտոբուս էր վթարվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այն պատկանել է «Ալբերտ տուր» ընկերությանը:

Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ նշված ընկերությունը մասնակցել է Երեւան-Բրյանսկ ուղղությամբ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Սակայն վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում, եւ ըստ նախարարության՝ այն անօրինական ուղեւորափոխադրում է իրականացրել: Մինչ այդ, սակայն, «Ալբերտ տուր» ընկերությունից հակառակն են պնդում` վթարված ավտոբուսը կանոնավոր ուղեւորափոխադրում է իրականացրել:

Ավելին՝ ընկերության աշխատակիցը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ տվյալ ավտոբուսը մրցույթին մասնակցել է եւ անցել: Թե ինչու է նախարարությունը ողջ պատասխանատվությունը գցում ընկերության կամ վարորդի վրա, դժվար չէ հասկանալ. այսպես ավելի հեշտ է, եւ բացի այդ՝ տպավորություն է, թե իրենք վերահսկում են ոլորտը, բայց դաշտում, այնուամենայնիվ, ընկերություններ կան, որոնք խախտում են օրենքները:

Նշենք, որ այս ընթացքում ընկերության տնօրենը վթարի մասով քննարկումների մեջ է նախարարության հետ: «Ժողովուրդ»-ը ընկերությունից տեղեկացավ նաեւ, որ ուղեւորներից երկուսը, որոնք հիվանդանոցում էին, դուրս են գրվել, իսկ բոլոր անհրաժեշտ վճարումները կատարվել են ընկերության կողմից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղել է վրաց կին վարորդը: Բայց ընկերությունից այս մասով խուսափեցին որեւէ տեղեկություն տալ` նշելով, որ քննություն է ընթանում: Բացի այս՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել էր նաեւ, որ գործունեության ընթացքում «Ալբերտ տուր»-ը թույլ է տվել մի շարք խախտումներ, որոնց համար տրանսպորտային տեսչության կողմից այս տարվա մայիսի 23-ին տուգանվել է 450 հազար դրամով, իսկ հունիսի 13-ին` 900 հազար դրամով։ Իսկ այս մասով էլ ընկերությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ բոլոր տուգանքները բողոքարկվել են: Այս պահին դրանք բողոքարկման փուլում են գտնվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս