Առաջիկայում կփորձեմ բարձրացնել ռեկորդային քաշը. Սիմոն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն օրեր առաջ երկրորդ անգամ նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումը: Տոկիոյում իր մրցելույթներից Մարտիրոսյանն այնքան էլ գոհ չէ, քանի որ չէր հաջողել ռեկորդային մոտեցումը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ծանրորդը խոսեց չեմպիոնական տպավորությունների եւ 246 կգ-ը չֆիքսելու պատճառների մասին:

– Աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն դարձաք: Ի՞նչտպավորություններով եք վերադարձել Տոկիոյից:

– Ուրախ եմ, որ կարողացա եւս մեկ անգամ դառնալ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն: Ինձ համար նոր քաշեր բարձրացրի, որոնք նախկինում չէի արել:

– Փորձեցիք նոր ռեկորդ սահմանել` հրում վարժությունում մոտենալով 246 կգին: Թվաց ծանրաձողն արդեն գլխավերեւում է, բայց ինչոր բան խանգարեց:

– Երեւի թե պատճառը շտապելն էր: Ես զգացի, որ կարող էի այդ քաշը պահել գլխավերեւում: Նաեւ լարվածություն կար, քանի որ ռեկորդային մոտեցում էր: Առաջիկա համաշխահային Ունիվերսիադայում կամ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պատրաստվում եմ բարձրացնել այդ քաշը:

– Մրցակիցներին մեծ առավելությամբ եք գերազանցում: Սա հոգեբանականառավելություն տալի՞ս է:

– Դա օգնում կամ խանգարում էր, երբ միջազգային փորձս պակաս էր: Հիմա արդեն նշանակություն չունի: Ես կատարում եմ այն, ինչն ինձնից պահանջվում է:

– Ի՞նչ եք մտածում ծանրաձողին մոտենալուց առաջ:

– Պարզապես պետք է կենտրոնանամ ծանրաձողի վրա, թողնեմ լարվածությունը, որ կարողանամ քաշը ֆիքսել: Այլ բաների մասին չեմ մտածում:

– Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում այդ կիլոգրամները գլխավերեւում պահելու համար:

– Ինձ մոտիվացնում է այն, որ ինձնով հպարտանում են: Ծանրամարտն իմ մարզաձեւն է: Ես դրանով ապրում եմ:

– Ունե՞ք թալիսման:

– Ես ունեմ խաչ, որը յուրաքանչյուր մրցման ժամանակ ինձ հետ է: Այն ինձ ուժ է տալիս:

– Ո՞րն է ծանրամարտում Ձեր գերնպատակը:

– Իհարկե իմ գլխավոր նպատակն օլիմպիական ոսկին է: Փորձելու եմ աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն դառնալ:

– Ի՞նչ, եթե ոչ ծանրամարտ:

– Մի որեւէ հանգիստ բան կընտրեի (ծիծաղում է,- խմբ): Իմ մտքում միայն ծանրամարտն է:

Լուսանկարը` Սիմոն Մարտիրոսյանի անձնական արխիվից




Լրահոս