Բելառուսի գանգատն ընդդեմ Հայաստանի. փոխնախարարը այն ընդունված գործելակերպ է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ArmLur.amտեղեկացրել էր, որ Բելառուսի Հանրապետությունը գանգատվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը իր պաշտոնական կայքէջում պետական գնումների, նաեւ`գնումների վերաբերյալ մրցույթների մասին հայտարարությունները միայն հայերենով է տեղադրում:

Ինչի պատճառով Բելառուսի Հանրապետությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության դիմել է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովին: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացել էր տնտեսագետ Արտակ Մանուկյանից: Նրա խոսքով, սա հակասում է ԵԱՏՄ պայամանագրի 29.05.2014 թվականի 88 հոդվածի 1-ին մասին:

Ըստ այդմ` Բելառուսը պնդում է, որ Հայաստանը չի իրականացնում վերոնշյալ պայմանագրի համապատասխան հոդվածը, ինչը դժվարացնում է Բելառուսի կողմից որպես մատակարար Հայաստանի պետական գնումներում մասնակցելու գործընթացին: Սակայն ըստ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանի սա ընդամենը դիմում է եւ ընդունված գործելակերպ: «Այն ընդամենը դիմում է` իրականացված մոնիտորինգի արդյունքների մասին, ինչը ԵԱՏՄ անդամակցող երկրների միջեւ որեւէ հարցի շուրջ խորհրդակցություններ իրականացնելու ընդունված գործելակերպ է: Նման խորհրդակցություններ լինում են բազմաթիվ եւ կապված տարատեսակ հարցերի հետ: Դա մեր առօրյա աշխատանքն է»,- նկատեց Կարեն Թամազյանը:

Նա ArmLur.am-ին տեղեկացրեց, որ նշված հարցը սկսել է քննարկվել դեռեւս 2015 թվականից, որի վերաբերյալ անցած տարվա հուլիսի 5-ին եւ դրանից հետո տեղի են ունեցել անդամ-երկրների ներկայացուցիչների միջեւ խորհրդակցություններ:

Ըստ փոխնախարարի` խնդիրը քննարկվել է, եւ ձեռնարկվող միջոցառումների մասին գործընկեր երկրների ներկայացուցիչները տեղեկացվել են: Հայաստանի ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը ArmLur.am-ին տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանում կազմակերպվող գնումների վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում ռուսերեն լեզվով, պետական գնումների կայքում հրապարակման ուղղությամբ անցած տարվա հուլիսից ի վեր իրականացվել են միջոցառումներ:

«Օրինակ, էլեկտրոնային գնումների «ARMEPS» համակարգի պատուհանները թարգմանվել են ռուսերենով, եւ մասնակիցներն, առանց որեւէ խոչընդոտի, կարող են մասնակցել գործընթացներին: Բացի այս, ռուսերեն լեզվով թարգմանվել եւ հրապարակվել է այս տարվա ապրիլի 25-ից ուժի մեջ մտած «Գնումների մասին» ՀՀ օրենքը: Պաշտոնական թարգմանության փուլում է նաեւ նշված օրենքի կիրարկումն ապահովող հիմնական իրավական ակտը` ՀՀ կառավարության 04/05/17թ. N 526-Ն որոշումը, որը մեծածավալ լինելու հանգամանքով պայմանավորված (շուրջ 100 թերթ) նախատեսվում է ավարտել այս հուլիսինՙ,- նշեց փոխնախարարը: Ապա`տեղեկացրեց, որ ռուսերեն լեզվով հրապարակվում է նաեւ գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների սեւ ցուցակը:
Իսկ ահա անցած տարվա դեկտեմբերի 16-ին ընդունված «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսվել է, որ բոլոր մրցակցային գնումների հայտարարությունները պետք է հրապարակվեն նաեւ ռուսերեն լեզվով:

«Հաշվի առնելով ԵԱՏՄ պայմանագրով սահմանված պարտավորությունները եւ ԵԱՏՄ գործընկերների պնդումները, միջոցներ են ձեռնարկվում ավտոմատ եղանակով հրավերների թարգմանությունների ապահովման ուղղությամբ: Մասնավորապես` քննարկումներ են վարվել ԵԱՏՄ գործընկերների հետ, որոնք նշել են, որ առկա է թարգմանության ինքնաշխատ ՏՏ ծրագիր:

Այդ հիմքով կազմակերպվել է ծառայությունների ձեքբերման մրցույթ, որով հնարավոր կլինի փաստթղթերը հայերենից ռուսերեն ինքնաշխատ թարգմանել: Բայց մրցույթը չի կայացել` հայտ չլինելու պատճառով: Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել գնման նոր գործընթաց»,- ներկայացրեց փոխնախարարը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս