ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՁԵՎԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը երեկ 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթին: Օրինագծով նախատեսվում է ընդլայնել հայտարարագրեր ներկայացնողների ցանկը եւ 500-ի փոխարեն 2200 պաշտոնյաների պարտավորեցնել հանրությանը ներկայացնել ունեցվածքը: Այդ հանձնաժողովը հետեւելու է հայտարարագրերին, քննելու է հայտարարագրմանն առնչվող խախտումներին վերաբերող գործեր:

Ստեղծվելիք հանձնաժողովի շուրջ «Ժողովուրդը» զրուցել է օրինագծի հեղինակներից ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:
-Տիկի՛ն Հովհաննիսյան, այսօր խորհրդարանում միաձայն ընդունվեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթը: Չնայած խորհրդարանում բոլորը կողմ էին նախագծին, սակայն խորհրդարանից դուրս կա անվստահություն այդ հանձնաժողովի հանդեպ: Ինչպե՞ս եք բարձրացնելու հանրության վստահությունը:
-Ես չեմ ուզում, որ որեւէ մեկը դեռեւս չստեղծված մարմնի կազմավորման եւ օրենսդրական բուն նախաձեռնության քննարկման փուլում իրեն վերապահի դատավորի դեր եւ ի սկզբանե խոսի, որ մարմինն արդյունավետ չի գործելու կամ ընդհանրապես չի գործելու: Իրականում յուրաքանչյուրս պատասխանատու է այդ մարմնի գործունեության արդյունավետության համար, եւ հանրությունը եւս պետք է իր աջակցությունը հայտնի այդ մարմնին, դա եւս անչափ կարեւոր է: Մենք ամեն ինչ արեցինք, ընդունեցինք ընդդիմության առաջարկները, եւ ինձ համար պատիվ էր զեկուցել մի նախագիծ, որը կոնսենսուսով ընդունվեց խորհրդարանում, եւ դա ազդակ էր, որ դրական գործընթացներ են տեղի ունենում, եւ հանրության աջակցությունն այդ մարմնին անհրաժեշտ է լինելու, որպեսզի այն գործի:
-Մինչ այս հակակոռուպցիոն բազմաթիվ մարմիններ են գործել, սակայն դրանց արդյունավետությունն այդպես էլ հանրությունը չի տեսել: Ի՞նչ երաշխիք կա, որ այս անգամ էլ նույնը չի լինի:
-Մենք միշտ խոսում ենք այս կամ այն մարմնի արդյունավետության կամ անարդյունավետության մասին, սակայն մենք չենք ունեցել մարմին, որը միջազգային սկզբունքների համապատասխան ունեցել է գործիքակազմ եւ այդ մարմնին վերապահված են եղել այնպիսի իրավասություններ, որոնք մենք տալիս ենք այս նոր հանձնաժողովին: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը եղել է հարթակ քննարկումների համար, բայց այն գործիքակազմ չի ունեցել: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, կարծում եմ, կատարել է բավականին լուրջ աշխատանք այն գործիքակազմի շրջանակներում, որն ունեցել է: Իրականում իրենք շատ լուրջ աշխատանք են կատարել, որպեսզի մենք այսօր նաեւ այդ աշխատանքի բազայի վրա, թերությունները հաշվի առնելով, կարողանանք նախագիծ մշակել:
-Եթե այս հանձնաժողովը ստեղծվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատանքի բազայի հիման վրա, դա չի՞ խոսում այդ հանձնաժողովի անարդյունավետության մասին եւս:
-Իրենք կատարել են բազմաթիվ ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, որոնք ցույց են տվել բացերը գործող համակարգի եւ մեզ թույլ են տվել ստեղծելու այդ մարմինը: Էթիկայի հանձնաժողովի հենքի վրա չի ստեղծվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Երբ այդ հանձնաժողովը կսկսի գործել, էթիկայի հանձնաժողովի լիազորությունները կդադարեցվեն:
-Դուք նշեցիք, թե պետք է հանրության աջակցությունը լինի, սակայն նախօրեին Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն այս ամենը համեմատեց գործ տալու հետ:
-Նախ խորհրդարանը հարթակ է՝ տարբեր տեսակետներ հնչեցնելու համար: Պատգամավորն ընդամենն իր մտահոգությունն էր արտահայտում: Ես կարծում եմ, որ այստեղ մենք պետք է խոսենք ոչ թե հանրության դրական կամ բացասական արձագանքի մասին, այլ ավելի շատ պետք է խոսենք ստեղծվելիք մարմնի հանրային աջակցության մասին:
-Վերջին շրջանում դատավորների կաշառք ստանալու աղմկահարույց դեպքեր բացահայտվեցին: Դա ինչի՞ հետեւանք եք համարում` օրենքի բացի՞, թե՞ ցածր աշխատավարձի: Եվ այս առումով ի՞նչ կարող է անել նոր հանձնաժողովը:
-Այդ մարմինը քննության ֆունկցիա կամ քննչական իրավաչափ գործառույթներ չի ունենալու բնականաբար, բայց մարմինն իրեն տրված գործիքակազմի շրջանակներում` շահերի բախման, հայտարարագրման հետ կապված, կարողանալու է իր կասկածները ներկայացնել գլխավոր դատախազություն եւ ասել, որ ինքն այդտեղ խնդիր է տեսնում:
-Բայց կաշառքի նման դեպքերն ինչի՞ հետեւանք եք համարում:
-Դուք կոնկրետ դեպքի մասին եք խոսում, բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպք ունի իր պատճառաբանությունը:
Եթե կատարել են հանցագործություն, պետք է պատժվեն, ես այստեղ որեւէ միտում չեմ տեսնում: Կոռուպցիան ծնող պատճառների մասին եթե խոսենք, դրանք տարբեր կարող են լինել, օրինակ՝ ցածր աշխատավարձից մինչեւ կոռուպցիոն հակվածություն:

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴՐԱԾՈՆ ԿՈՏԱՅՔՈՒՄ

Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքից պատգամավոր դարձած Անդրանիկ Հարությունյանի անունը նախընտրական քարոզչության շրջանակներում կապում էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որով էլ բացատրեցին մարզում ՀՀԿ-ականների շրջանում երկրորդ տեղը զբաղեցնելու հանգամանքը: Բանն այն է, որ Անդրանիկ Հարությունյանը ստացած ձայներով առաջ էր անցել այնպիսի կարկառուն ՀՀԿ-ականներից, ինչպիսիք Արամ Հարությունյանն ու Վարդան Այվազյանն էին:

Ո՞վ է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը: «Ժողովուրդը» զրուցել է նրա հետ:
-Պարո՛ն Հարությունյան, ինչո՞ւ որոշեցիք զբաղվել օրենսդրական գործունեությամբ:
-Նախ ասեմ, որ մասնագիտությամբ իրավաբան եմ, հենց դրա համար էլ հայտնվեցի խորհրդարանում: Ես ընդգրկվել եմ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում: Կամաց հունի մեջ ենք մտնում, քննարկումներ են տեղի ունենում, մասնակցում ենք: Հուսով ենք, որ ստանձնած պարտականությունները կկատարենք եւ պատվով դուրս կգանք:
-Պարո՛ն Հարությունյան, խորհրդարանական ընտրություններում Ձեր գրանցած արդյունքն անակնկալ եղավ շատերի համար, հատկապես փորձառու ՀՀԿ-ականներ Արամ Հարությունյանից եւ Վարդան Այվազյանից ավելի շատ ձայներ ստանալու առումով: Ինչի՞ հաշվին կարողացաք փորձառու գործիչներից առաջ անցնել:
-Ինձ թվում է, որ այդ հարցն ավելի շատ պետք է տալ ազգաբնակչությանը, իրենք ավելի լավ կկարողանան պատասխանել: Նախ ես ինքս Կոտայքի մարզում եմ ծնվել, իմ ծնողներն այդ մարզում աշխատել են: Երեւի ինչ-որ չափով դա է օգնել, ինչ-որ չափով իմ ընկերները, իհարկե, կուսակցության աջակցությունը եւս եղել է: Իմ գրանցած արդյունքն աշխատանքի արդյունք է ուղղակի:
-Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ձեր անունը կապեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ. Դուք նրա դրածոն էիք համարվում: Ինչպիսի՞ աջակցություն է եղել նրա կողմից:
-Աջակցություն լինելու դեպքում հաստատ լրատվական միջոցներին գոնե ինչ-որ մեսիջներ, ակնարկներ տարբեր տեղերից կհասնեին: Ազդեցություն, իհարկե, եղել է, որ ես «Գազպրոմ»-ի աշխատող եմ, անունս կապվել է վարչապետի հետ: Իհարկե, ինքը տեղյակ է եղել իմ առաջադրման մասին, կուսակցության փոխնախագահն է եւ պետք է տեղյակ լիներ:
-Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի գրանցած արդյունքը եւս կապում էին Կարեն Կարապետյանի անձի հետ: Ձեր հաջողության գործում նա դերակատարում չի՞ ունեցել:
-Եթե ընդհանուր իմիջի մասին է խոսքը, ապա ինչքան որ մնացած կուսակիցներին է օգնել իր անձը, նույնչափ, միանշանակ, ինձ է օգնել:
-Տարբեր տարիների խորհրդարանում ականատես ենք եղել պատգամավորների, ովքեր նիստերի դահլիճ գալիս էին միայն քվեարկելու համար եւ նույնիսկ մեկ անգամ որեւէ ելույթ չեն ունեցել: Դուք ինչպիսի՞ պատգամավոր եք լինելու՝ կոճակ սեղմո՞ղ, թե՞ օրենսդիր գործունեություն ծավալող:
-Այն պարտականությունները, որը ստանձնել եմ հանձնաժողովի շրջանակներում, փորձելու եմ պատվով կատարել, առաջինը դա: Համենայնդեպս եկել եմ աշխատելու, ուղղակի ժամանակ անցկացնելու համար չեմ եկել:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԵՎՍ ՄԵԿ ԱՐՏԱՀԵՐԹ
Այսօր կավարտվի կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սա վերջին արտահերթը չի լինելու: Խորհրդարանն առաջիկայում եւս երկու արտահերթ նիստ է հրավիրելու եւ քննարկելու է կառավարության ծրագիրը: Ծրագրի ներկայացման շուրջ երկու ժամկետներ են նշվում. չի բացառվում, որ նոր արտահերթ նիստը հրավիրվի արդեն հունիսի 13-ին, սակայն ավելի ուշ ժամկետներ եւս նշվում են: Ըստ այդմ, հունիսի 20-ը եւս հավանական ժամկետ է, որից հետո մեկ արտահերթ նստաշրջան եւս կհրավիրվի:

 

 

 

ԱՆՉԱՓԱՀԱՍԸ
Երեկ հայտնի դարձավ, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի անչափահաս որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, քաղաքապետարանին պատկանող ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 58-ամյա Վալերի Թորոսյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ ՓԲԸ, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հատկանշական է, որ դեպքից որոշ ժամանակ անց իրավապահներին է ներկայացել Հրազդան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված մի տղամարդ եւ հայտարարել, թե վրաերթ կատարելու պահին նշված ավտոմեքենայի ղեկին ինքը է գտնվել: Սակայն քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ղեկին գտնվել է 16-17 տարեկան պատանի։ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը չկարողացավ խոսել տեղի ունեցածի մասին. նա բավականին տխուր էր եւ ի վիճակի չէր խոսելու:

 

 

 

ՍԿՍԵՑԻՆ ՓԱՅԼԵԼ
ԱԺ նորընտիր պատգամավորներն իրար հերթ չեն տալիս խորհրդարանի ամբիոնից իրենց ցույց տալու եւ մտքի գոհարներ շաղ տալու հարցում: Երկու օր է՝ ակտիվ քննարկումների թեմա է դարձել ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանի անդրանիկ ելույթը, երբ հայտարարել էր «գործ տալու ինստիտուտի», «հայի տեսակի եւ եվրոպական արժեքների անհամատեղելիության» մասին: Երեկ էլ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից Լուիզա Սարգսյանն էր որոշել քծնել Սերժ Սարգսյանին՝ մոռանալով կամ տեղյակ չլինելով, որ իրենք ԱԺ-ում ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունն են: Համայնքների խոշորացման ծրագրի մասին խոսելիս նա պատկառանքով մեջբերեց ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ուղերձից հատվածներ, հետո ասաց. «Նման ուղերձից հետո ես գոնե վստահություն ունեի, որ աշխատանքները պետք է որոշակի հավաքական բնույթ կրեին՝ ժողովուրդ-կառավարություն-խորհրդարան, բայց ինչպես տեսնում եմ՝ այսօր այլ ձեւով են տարվում, այլ ձեւաչափով» եւ այսպես շարունակ: Ելույթից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք կես-կատակ, կես-լուրջ ասում էին, որ եկել է ԲՀԿ-ի հետ նորից կոալիցիա կազմելու ժամանակը, քանի որ նրանց պատգամավորը ՀՀԿ-ականից ավելի ՀՀԿ-ական դուրս եկավ՝ առաջին ելույթը սկսելով Սարգսյանին ցիտելով:




Լրահոս