ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արգելել է «Անելիք բանկի» անունով բացված դոմենի օգտագործումը: Այսօր՝ հունիսի 28-ին, ՏՄՊՊՀ-ն իր նիստում հրապարակել է իր վարույթում գտնվող անբարեխիղճ մրցակցության դրսևորման ևս մեկ գործ:
ՏՄՊՊՀ-ից ArmLur.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ՏՄՊՊՀ-ն ստացել է դիմում-բողոք «Անելիք Բանկի» կողմից՝ ընդդեմ «Նոյ-Ֆիրմա» արտադրական կոոպերատիվի: Խնդիրն այն է, որ «Անելիք բանկը» մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է նույն անվանումով ապրանքային նշանը և հանդիսանում է դրա իրավատերը, իսկ 1999 թվականին գրանցել է նաև www.anelik.am դոմենը, որը հանդիսանում է բանկի կայքը: Սակայն, հետագայում պարզվել է, որ մեկ այլ ընկերություն՝ «Նոյ-Ֆիրմա» ԱԿ-ը, գրանցել է www.anelikbank.am անվանումով դոմենը:
Քննելով վերոնշյալ գործի հանգամանքները, ՀՀ մրցակցային մարմինը փաստում է, որ «www.anelikbank.am» դոմենի օգտագործումը շփոթության աստիճանի նման է համանուն բանկի ապրանքային նշանին: Ըստ ՏՄՊՊՀ-ի, «Նոյ-Ֆիրմա» արտադրական կոոպերատիվի նման վարքագիծը կարող է մոլերցնել կամ շփոթեցնել սպառողներին, քանի որ վերջիններս կարող են մտածել, որ «www.anelikbank.am» դոմենը դա համանուն բանկի կայքն է:
Տվյալ պարագայում, փաստորեն, Նոյ-Ֆիրմա» ԱԿ-ը, դրսևորել է անբարեխիղճ մրցակցության վարքագիծ՝ օգտագործելով ուրիշին պատկանող գրանցված ապրանքային նշանը: Ընկերության հանդեպ կիրառվել է պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում և հանձնարարվել է դադարեցնել կայքի գործունեությունը: