Ինչպես հայտնի է՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, որ ԱԺ ընտրություններում զբաղեցնում էր ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը, հրաժեշտ տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնին, որից հետո նախարար դարձավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարար է եղել 1998 թվականից մինչեւ 2007 թվականը: Եվ ահա մայիսի 25-ին նորից նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց պարոն Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, չե՞ք հոգնել արդարադատության նախարարի պաշտոնից:
– Ո՛չ, քանի որ կարծում եմ, որ կյանքը, մեր հասարակությունը նրանով է հետաքրքիր, որ մենք անընդհատ ունենք նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ: Վստահ եմ, որ որեւէ կայացած պետությունում այդպիսի հետաքրքրություն չի առաջանում պետական գործիչների մոտ, ինչքան մեզ մոտ, որովհետեւ խնդիրները, նրանք անընդհատ են ծագում, եւ խնդիրները լինում են շատ ավելի ֆունդամենտալ լուծումներ պահանջող, քան կայացած երկրներում: Այնպես որ, չեմ հոգնել, քանի որ կան բազում խնդիրներ:
-Նշեցիք բազում խնդիրների մասին, ո՞րն է լինելու կամ եղել է Ձեր առաջիկա քայլը ոլորտում առկա խնդիրների կարգավորման մասով:
-Կարծում եմ, որ առաջիկա անելիքները ներկայացված կլինեն կառավարության ծրագրում, որը կառուցված է լինելու հենց առաջնահերթ խնդիրներից եւ երկարաժամկետ խնդիրներից:
-Նախորդ նախարարը, ըստ էության, ավելի քան մեկ ու կես տարի չայցելեց քրեակատարողական հիմնարկներ, ու արդյունքում այսօր կալանավայրերում կան դատապարտյալներ, որոնք արտոնյալ են եւ ՔԿՀ-ներում կրելով իրենց պատիժը՝ շարունակում են խարդախության ճանապարհով քաղաքացիներից հափշտակություններ իրականացնել: Դուք՝ որպես նորանշանակ նախարար, ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել այս երեւույթի դեմ, առհասարակ, պատրաստվո՞ւմ եք անձամբ այցելել ՔԿՀ եւ ծանոթանալ այնտեղ տիրող իրավիճակին:
– Գիտեք, կարծում եմ, որ նախարարների այցը քրեակատարողական հիմնարկներ, միգուցե, կարեւոր են, եթե նախարարը ծանոթ չէ իրավիճակին: Պետք է նշեմ, որ ես բավականին լավ ծանոթ եմ, ժամանակին քրեակատարողական համակարգը տեղափոխվել է արդարադատության համակարգ իմ օրոք: Վստահեցնում եմ Ձեզ, որ բոլոր քրեակատարողական հիմնարկները շատ լավ գիտեմ, թե պայմանները: Իհարկե, տարիների ընթացքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, բայց ես դրանց եւս իրազեկ եմ: Այսինքն՝ ինքնանպատակ չէ այցելությունը, բայց խնդիրներ քրեակատարողական հիմնարկում, ինչպես նաեւ բոլոր մյուս համակարգերում, կան, որոնք պահանջում են լուծումներ:
-Դեռեւս 2016 թվականից համաներման մասին լուրեր են տարածվում, ավելին՝ տեղեկություններ տարածվեցին, որ խորհրդարանական ընտրություններից առաջ համաներում կլինի: Բայց չեղավ: Հիմա խոսակցությունները նոր թափ են ստացել, որ մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը կհայտարարվի համաներման մասին: Դուք՝ որպես նորանշանակ նախարար, ի՞նչ գիտեք այս մասին եւ, առհասարակ, տեսնո՞ւմ եք համաներման անհրաժեշտությունը, որը ինչ-որ չափով կարող է բեռնաթափել ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությունը:
-Համաներումը որոշ դեպքերում լուծում է գերծանրաբեռնվածության հարցերը, այս պահին սա ամենաառաջնահերթ հարցը չէ գերծանրաբեռնվածությունը քրեակատարողական հիմնարկներում: Մենք ունենք բազում այլ առաջնահերթ խնդիրներ այդ համակարգում: Իսկ ինչ վերաբերում է, առհասարակ, համաներմանը, սա ավելի շատ քաղաքական քայլ է, եւ բոլոր երկրներում դա առաջին հերթին ընկալվում է որպես քաղաքական քայլ եւ ոչ թե քայլ, որի նպատակն է լուծելու գերծանրաբեռնվածության խնդիրը, եւ քանի որ դա քաղաքական քայլ է, եւ այն արդարադատության նախարարի իրավասություններից դուրս է, ես այդ հարցին ձեռնպահ կմնամ պատասխանելուց:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Այս տարվա ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների գործը հետաքրիր ընթացք է ստանում: Ընտրախախտում կատարելու համար եւս մեկ անձ է կալանավորվել: Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում արձանագրված դեպքերով հարուցվել էր 19 քրեական գործ, որոնցից միայն 12-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերի համար, 3 գործ էլ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար: Ընտրախախտում իրականացրած անձանցից մեկ հոգի կալանավորվել էր: Նա Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանն էր, որը կրկնակի քվեարկություն էր արել եւ կալանավորվեց: Սակայն նրան գրավի դիմաց ազատ արձակեցին: Ի դեպ, ըստ մարզում տարածված լուրերի՝ Աշոտ Կաղզվանցյանը ընտրություններին մշտապես աշխատել է Հանրապետական կուսակցության օգտին եւ ՀՀԿ-ի համար ձայներ է ապահովել:
Ու որքան էլ փորձ էր արվում մատուցել, թե նորագույն սարքավորումները հնարավորություն չեն տալիս ընտրախախտումների, իրականում այդպես չէ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապրիլի 2-ին Դավիթ Սիմոնյանը, ով իր մոտ չի ունեցել անձնագիր, սակայն ցանկացել է մասնակցել ընտրություններին, եղբոր` Գոռ Սիմոնյանի հետ այցելել է Երեւան քաղաքի Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում տեղակայված թիվ 9/53 ընտրատեղամաս, եղբորից վերցրել է նրա անձնագիրը եւ փորձել քվեարկել: Թվում էր, թե Դավիթ Սիմոնյանը չէր կարող այլ մարդու անձնագրով քվեաթերթիկ ստանալ, հասնել քվեախցիկի մոտ ու կատարել իր ընտրությունը: Բայց իրականում Դավիթ Սիմոնյանը եղբոր` Գոռ Սիմոնյանի անձնագրով գրանցվելով ընտրողների ցուցակում՝ շատ հանգիստ մոտեցել է քվեախցիկին եւ կատարել իր ընտրությունը: Եւ միայն կատարելուց հետո է Դավիթ Սիմոնյանին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով՝ կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով:
Մեզ հայտնի դարձավ, որ ընտրախախտումը բացահայտել են հանձնաժողովի անդամները եւ ըստ էության այդ մասին հայտնել իրավապահներին, իսկ թե Դավիթ Սիմոնյանը ում օգտին է քվեարկել, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Վերջում հավելենք, որ այս գործով նախաքննությունը օրերս ավարտվել է, եւ հարուցված քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Տեսնենք, թե դատարանն ինչ վճիռ կկայացնի. կշարունակի՞ կալանքի տակ պահել ընտրակեղծարարին, թե՞ ազատ կարձակի:
Ք. Մ.
ՆՇԱՆԱԿՎԵՑ
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ տարածքային կառավարման փոխնախարար Արթուր Խաչատրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: «Ունենալով տարածքային կառավարման նախարարության աշխատանքի փորձ եւ, փաստորեն, առօրյա շփվելով այն մշակույթի եւ այն կանոնների հետ, որը որ մենք ուզում ենք՝ Դուք շատ արագ այնտեղ կկանոնակարգեք աշխատանքները»,-կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետը: Հովսեփ Սիմոնյանն այսօր ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից:
ԱՆԹՐԱՇ
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիներն ու երկիր այցելող զբոսաշրջիկները առաջինը հանդիպում են անհատ տաքսիների վարորդներին. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով այս դաշտում վերահսկողությունը կխստացվի, հատուկ ուշադրություն կդարձվի նրանց լիցենզիաների տրամադրման գործընթացին: «Անթրաշ, չսափրված, սիգարետը բերնին տաքսիստներ պիտի չլինեն, զբոսաշրջիկները առաջինը նրանց են հանդիպում»,- կառավարության նիստում ասել է վարչապետը: Նա նաեւ հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ լիցենզավորման ոլորտում օրինախախտումների, գործունեության դադարեցման ուղղությամբ: Վարչապետը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ փաստացի առանց լիցենզիայի գործող տաքսու վարորդների կողմից թույլ տրվող իրավախախտումների բացահայտման, կանխարգելման եւ պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:
ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության եւ կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացված նախաքննության ընթացքում ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա դատախազին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` մեղադրյալի օգտին գործողություն կատարելու համար նրա ծնողներից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու համար: Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Ս. Շհոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, դատախազը կալանավորվել է:
ԿՐԱԿՈՑՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
«Առավոտ»-ը հայտնում է, որ երեկ երեկոյան Գյումրու Թատերական հրապարակում՝ շախմատի դպրոցի մոտ, տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք երկու անձանց միջեւ, այնուհետ, ըստ բնակիչների, հնչել են կրակոցներ։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել է. «Երկու անձանց միջեւ եղել է վիճաբանություն, որի ընթացքում եղել է ծեծկռտուք, հավաքվել են անձինք, որոնք բաժանել են այդ երկուսին։ Բայց որ հնչել են կրակոցներ, այդ մասին որեւիցե տեղեկություն նախապատրաստվող նյութերում առկա չէ։ Այս պահին նախապատրաստվում են նյութեր ոստիկանության «Կումայրի» բաժնի կողմից։ Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ նշված անձանց ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար ու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։ Ի դեպ, թաղի բնակիչները ճանաչել են վիճաբանողներին, մեկը «Շիրակ» ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է, մյուսը՝ գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդանն է։