ՏՆՕՐԵՆԸ ԱՅԳՈՒ ՀԱՐԱԿԻՑ ՀՈՂԵՐՆ ԱԶԱՏԱԳՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը մայիսի 6-ի առավոտյան տեղի ունեցած միջադեպից ավելի քան մեկ ամիս անց պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցերին:

Հիշեցնենք՝ մայիսի 6-ի վաղ առավոտյան Երեւանի կենդանաբանական այգու անվտանգության ծառայության աշխատակիցները հաղորդել էին, որ մի խումբ շներ ներխուժել են այգու եվրոպական եղնիկների ազատավանդակ ու հարձակվել կենդանիների վրա: Պատահարի հետեւանքով երկու եղնիկ անկել էին, մի քանիսը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս առիթով մենք Ռուբեն Խաչատրյանից հետաքրքրվել էինք.
-Ինչպե՞ս եւ որտեղի՞ց են շները մուտք գործել Երեւանի կենդանաբանական այգու տարածք:
-Ցավոք, թափառող շների ներխուժումը կենդանաբանական այգու տարածք եզակի երեւույթ չէ, քանի որ առկա են դրան նպաստող մի շարք հանգամանքներ: Դրանցից գլխավորը այգու պարագծով ցանկապատի, պարսպի բացակայությունն է: Քաղաքապետարանի հետ այդ հարցը քննարկվել է, նախագիծը օրակարգային է, եւ հաջորդ փուլով անպայման կյանքի կկոչվի: Բայց նույնիսկ աշխարհի ամենապաշտպանված կենդանաբանական այգիներն այս խնդրից չեն կարողանում լիարժեք խուսափել: Շների առկայությունն այդ տարածքներում նաեւ իր օբյեկտիվ պատճառներն ունի: Այդ հողերն անկախության առաջին տարիներից բռնազավթված են եղել հարեւանությամբ բնակվող քաղաքացիների կողմից: Մեր ջանքերով, մոտ վեց տարվա համառ պայքարից հետո դրանք ազատագրվել են, սակայն հետեւանքները դրանց ծավալների պատճառով դեռեւս չի հաջողվել մինչեւ վերջ վերացնել:
-Երբ շները ներխուժել են եվրոպական եղնիկների ազատավանդակ, այդ ժամանակ անվտանգության աշխատակիցներ տարածքում եղե՞լ են, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ են պատմում իրենք, ինչո՞ւ դեպքը իրենց կողմից ավելի վաղ չի կանխվել:
-Իհարկե, այդ ժամանակ անվտանգության աշխատակիցները այգում եղել են: Նրանք ներկայացրել են համապատասխան զեկուցագրեր, որոնց պատճենները սիրով տրամադրում ենք Ձեզ (տես լուսանկարում): Բացի այդ՝ տեղի ունեցած դեպքի մասին պատշաճ կերպով տեղեկացվել է նաեւ հանրությանը, այդ թվում՝ կենդաբանական այգու պաշտոնական կայքէջի միջոցով:
-Նման երեւույթներից խուսափելու համար ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:
-Այս նպատակով արդեն իսկ մշակվում է պարսպապատման նախագծի վերջնական տարբերակը` այգու հիմնադրին, այսինքն` Երեւանի քաղաքապետարանին հանձնելու համար:
-Խնդրում եմ տեղեկացնել նաեւ, թե ձմռան ամիսներին քանի՞ կենդանի է անկել եւ ի՞նչ պատճառներով:
-Այդ թվերը գաղտնի չեն, աբողջությամբ տրամադրվում են վիճակագրական ծառայությանը եւ բաց են ուսումնասիրման համար: Ամեն դեպքում, ընդառաջ գալով Ձեր խնդրանքին՝ տեղեկացնեմ, որ 2016 թվականի դեկտեմբեր եւ 2017-ի հունվար ու փետրվար ամիսներին կենդանաբանական այգում անկում է ապրել 18 տեսակի 35 առանձնյակ: Նրանց մի մասը անկել է առողջական օբյեկտիվ պատճառներով, որոշ մասը` էվթանազիայի է ենթարկվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (բնության մեջ պատահում է, որ կենդանիները կռվում են իրար հետ կամ, ինչպես գիտեք, հարձակման են ենթարկվում թափառող շների կողմից: Լինում է, որ վազելիս կոտրվածք են ստանում՝ շատ արյուն կորցնելով եւ այլն), զգալի մասը՝ պարզապես ծերությունից: Այս բոլոր դեպքերը պատշաճ կարգով ուսումնասիրվել եւ ակտավորվել են օրենքով պահանջվող բոլոր նորմերի պահպանմամբ: Այսինքն՝ խոսելով կենդանիների մասին՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նրանք թանգարանային ցուցանմուշներ չեն, այլ կենդանի արարածներ, որոնք ցավոք, բայց անխուսափելիորեն մահկանացու են: Ի դեպ, անկման մասին վիճակագրական տվյալների հրապարակայնացումը հենց այգու տնօրինության նախաձեռնությունն է, եւ այս մշակույթը ձեւավորվել է միայն վերջին տարիներին, եւ դրա շնորհիվ է, որ Դուք կարողացել եք այդ տվյալները հանգիստ ձեռք բերել: Նշեմ նաեւ, որ ցուցանիշների մասով անհանգստանալու կարիք չկա, քանի որ այգում անկման չափը էականորեն քիչ է թույլատրելի տարեկան 10%-ից եւ կազմում է ոչ ավելի, քան 3%:
-Տեղեկություններ են շրջանառվում, որ այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, եւ դրանց վաճառքի իրական պատճառը թաքցնելու համար այգու աշխատակիցներն ու ղեկավարությունը հայտարարում են, որ կենդանիները անկել են: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այս տեղեկությունները, թե՞ ոչ:
-Իհարկե, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ այգին ունի ոչ գիշատիչ կենդանիների վաճառք իրականացնելու իրավունք՝ ամրագրված օրենքով, ու վաճառք թաքցնելն ուղղակի անտրամաբանական է: Բացի այդ՝ կենդանի վաճառելը ասեղ վաճառել չէ, որ ժամանակակից տեխնոլոգիաների դարում կարողանաս թաքցնել հանրությունից՝ ընդ որում, ներկայացնելով որպես շան կողմից հոշոտում: Քանի որ ցանկացած լրագրող արագ արձագանքման դեպքում կարող է հենց տեղում ծանոթանալ իրավիճակին: Մայիսի 6-ին հոշոտված եղնիկների մարմինների տեսարանը ամենադուրեկաններից չէր: Ի դեպ, հոշոտված մարմինների մնացորդները մինչեւ հիմա պահվում են այգու սառցարանում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստին հանձնարարեց մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը: «Ներկայումս Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման համար առավել բարենպաստ շրջան է: Սակայն մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ նշված ապրանքատեսակների մաքսազերծման եւ բացթողնման գործընթացը որոշ դեպքերում մնում է ժամանակատար, իսկ իրականացվող վարչարարությունը՝ ոչ արդյունավետ: Մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, որ տնտեսավարողների համար ամբողջությամբ չի կիրառվում մեկ պատուհանի սկզբունքը»,- ասաց նա:
Հաշվի առնելով այս հանգամանքը` Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարին եւ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը:




Լրահոս