ՏԱՐՈՆԸ ԵՐԴՎԵՑ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՋՆՋԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԴԻՄԱԳԻԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ երդվեց շարունակել աշխատանքը: Իսկ աշխատանքը, որպես այդպիսին, Երեւանի դիմագծի «բնաջնջումն էր»:
Երդմնակալության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթն ուշագրավ շեշտադրումներ էր պարունակում: Նա թվարկել է բոլոր այն խնդիրները, որ Տարոն Մարգարյանը պարտավոր է լուծել՝ տրանսպորտ, աղբահանություն, բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանում, վերելակների վերանորոգում: Հատկանշական է փաստը, որ 2013թ. ավագանու ընտրություններից հետո Տարոն Մարգարյանի երդմնակալության ժամանակ Սերժ Սարգսյանն այսպիսի բծախնդրություն չէր դրսեւորել, եւ այն ժամանակ իր ելույթում նա մայրաքաղաքի խնդիրների վրա չէր ծանրացել՝ ընդամենը հայտարարելով. «Իհարկե, ես այսօր չեմ պատրաստվում թվարկել Երեւանում առկա բոլոր խնդիրները: Ես հավատում եմ, որ Երեւանի ավագանին նոր ուժերով կարողանալու է մեր բոլորի կողմից սիրված Երեւանը դարձնել ավելի հարմարավետ, ավելի հաճելի, ավելի գեղեցիկ ե՛ւ երեւանցիների համար, ե՛ւ իր հյուրերի համար»: Մինչդեռ հիմա Սերժ Սարգսյանի տոնայնությունը փոխվել է, եւ խնդիրները թվարկելով՝ նա անուղղակի շեշտում է, որ մինչեւ հիմա լրջագույն հիմնահարցերն այդպես էլ մնացել են չլուծված:
Ի դեպ, Ս. Սարգսյանի ելույթով հիմնավորվեց նաեւ տեսակետը, որ Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է, քանի որ ինքը երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է: «Տարո՛ն ջան, Երեւանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես եւ Հանրապետականի ղեկավարներից մեկը… Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել»,- ասել է Սերժ Սարգսյանը մոտավորապես այն տոնով, ինչ երեխանների հետ խոսում են մեծերը՝ համոզելով, որ նրանք դպրոցում լավ սովորեն, հանձնարարությունները պարտաճանաչ կատարեն եւ այսպես շարունակ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործից: Հիշեցնենք՝ նրանք ձերբակալվել էին դեռ 2014թ-ին մի գործի շրջանակներում կաշառք վերցնելու մեղադրանքով: Մեր տեղեկություններով՝ այս թեմայով իրավապահները սկսել են զբաղվել, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գեւորգ Կոստանյանն էր՝ հենց նրա ցուցումով: Բայց քանի որ կոնկրետ փաստեր ու բողոք չէր եղել, հնարավոր չէր եղել ապացուցել գումար վերցնելու փաստը: Եւ կաշառք տված Գալստյանները այս թեմայով աղմուկ են բարձրացրել այն բանից հետո, երբ իրենց գործը ցանկալի ընթացք չի ստացել: Սակայն նկատենք, որ այս ժամանակ մահացել է կարեւոր վկաներից մեկը՝ դատախազի բարեկամը, որն ըստ ցուցմունքների՝ Գալստյաններից վերցրել է գումարն ու չի տվել դատախազին: Ինչպես նկատվում է՝ գործը մտնում է փակուղի:

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարի՝ Արա Սաղաթելյանի հրահանգով այս օրերին ներքին աուդիտ է անցկացվում: Իսկ նպատակն է հասկանալ, թե այս տարիներին արդյո՞ք ԱԺ աշխատակազմի բաժինները արդարացված են աշխատել, արդյո՞ք ֆինանսական խախտումներ եղել են, թե ոչ: Բանն այն է, որ վերջին տարիներին Աժ աշխատակազմը գնալով միայն ավելացել է, իսկ թե որքանով է արդյունավետ գործել, մեծ հարցական է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտարարեց, թե ԱԺ-ն ունի ներքին աուդիտի բաժին, որը օրենսդրության համաձայն՝ անցկացնում է ստուգումները: «Ինչ վերաբերում է ձեր տեղեկություններին, ապա հավանաբար խոսքը ԱԺ-ի աշխատակազմին ամրակցված գույքի գույքագրման աշխատանքների մասին է, ինչը օրենքով նախատեսված պարտադիր պահանջ է բոլոր պետական հիմնարկների համար. իրականացվում է առկա գույքի գույքագրում, համեմատվում է հաշվապահական փաստաթղթերում առկա տվյալների հետ` նպատակ ունենալով վերջնական արդյունքով ներդնել գույքի կառավարման էլեկտրոնային համակարգ»:

 

 

 

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալից հետո չի պատրաստվում հրաժարական տալ: Հիշեցնենք՝ հունիսի 8-ին քաղաքապետի 17-ամյա որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, հոր ծառայողական մեքենայով վրաերթի է ենթարկել Վալերի Թորոսյանին, որը գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվածից հետո քրեական գործ է հարուցվել, Ռ. Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել: Բայց ցանկացած նորմալ երկրում միջադեպին պետք է հետեւեր նաեւ քաղաքապետ Դանիելյանի հրաժարականը. ի վերջո, նրա անչափահաս որդին մարդուն մահացու վրաերթի է ենթարկել հենց քաղաքապետի ծառայողական մեքենայով: Մինչդեռ Արամ Դանիելյանը փորձում է ամեն կերպ կոծկել որդու արածը, եւ դեպքից անիմիջապես հետո ոստիկանություն էր ուղարկել իր վարորդին, որպեսզի վերջինս իր վրա վերցներ կատարվածի մեղքը, բայց իրավապահներն այդպես էլ չեն հավատացել: Հիշեցնենք նաեւ՝ Հայաստանի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ պաշտոնյաներն իրենց որդիների արարքներից հետո հրաժարական են տվել:

 

 

 

ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ ՊԱՏԻԺ
Ինչպես հայտնի է` տարածաշրջանային այցով Երեւանում էին գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հանդիպումներ են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, այնուհետեւ մեկնել Ստեփանակերտ: Այդ հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրությունների մեջ աչքի ընկնողը ԱԳՆ-ի հաղորդագրությունն էր: Այստեղ մի փոքր ավելի մանրամասն է ներկայացված Նալբանդյանի ու համանախագահների զրույցի բովանդակությունը, մասնավորապես Հայաստանի ԱԳ նախարարի խոսքերը. «Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ, թեեւ մայիսի 18-ի համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները, այլեւ անել լրիվ հակառակը: Նախարարի բնորոշմամբ՝ հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլեւ համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական եւ սադրիչ քաղաքականությունը»,- ներկայացված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Էդվարդ Նալբանդյանն առաջին անգամը չէ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից Ադրբեջանին սանձելու կոնկրետ գործողությունների պահանջ է ներկայացնում: Մի քանի օր առաջ՝ մայիսի 30-ի ասուլիսի ժամանակ, Նալբանդյանը նույն միտքն արտահայտել էր մի փոքր այլ ձեւակերպմամբ. «Եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններով հանդես գան, այլեւ քայլեր ձեռնարկեն, որ սանձեն Ադրբեջանի ապակառուցողական ու սադրիչ քաղաքականությունը»,- ընգծել էր նա:
Էդ. Նալբադյանը չի հստակեցրել, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ի՞նչ միջոցներով ու մեթոդներով պետք է սանձեն Ադրբեջանին: Մինչդեռ հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ս է տեսնում իր հորդորի իրականացումը: Համենայն դեպս, չկա որեւէ փաստաթուղթ, համաձայն որի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրավունք կունենային պաշտոնական Բաքվի (կամ Երեւանի) նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: ԵԱՀԿ ՄԽ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չէ, համանախագահներն էլ ընդամենը միջնորդներ են: Այնպես որ, Նալբանդյանի կողմից նման հայտարարությունները կարող են, մեղմ ասած, անլուրջ ընկալվել միջազգային հանրության եւ նույն համանախագահների կողմից: Իսկ Նալբանդյանը նման հայտարարություններ է հնչեցնում, քանի որ վերջապես առաջին անգամ ԵԱՀԿ ՄԽ-ն հրադադարի ռեժիմի խախտման համար հասցեական քննադատեց Ադրբեջանին, ու հիմա ՀՀ-ն փորձում է օգտվել այդ իրավիճակից: Եւ հետո Նալբանդյանը փորձում է ցույց տալ, թե ինքն, այնուամենայնիվ, գործ է անում, զբաղված է ԼՂ խնդրի լուծմամբ՝ ձեռքի հետ կոծկելով իր դիվանագիտական ձախողումները, որոնցից ամենաակնառուն Ադրբեջանի վետոյի շնորհիվ ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի փակումն է:




Լրահոս