Երեւանի քաղաքապետի երդմնակալությանը երեկ մասնակցում էր իշխանական ողջ էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այդ միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթն է՛լ ավելի հիմնավորեց վաղուց տարածված տեսակետը, թե Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է, քանի որ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է:
«Տարո՛ն ջան, Երեւանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես եւ Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երեւանին եւ երեւանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշերուցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երեւանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երեւանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել եւ շարունակել կառավարել Երեւանը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Համաձայնեք, սովորաբար նման տոնայնությամբ մեծերը երեխաների հետ են խոսում, երբ փորձում են փոքրիկին համոզել, որ դպրոցում լավ սովորի, հանձնարարությունները պարտաճանաչ կատարի, օրինակելի վարք դրսեւորի: Նույնկերպ երեկ Սերժ Սարգսյանն էր փորձում համոզել Տարոն Մարգարյանին, որ գիշեր-ցերեկ աշխատի ու Երեւանի առաջ ծառացած խնդիրները լուծի: Առավել եւս, հիշում եք, երբ 2010թ. Գագիկ Բեգլարյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց, բայց նրա առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը չզբաղեցրեց այդ աթոռը, այլ քաղաքապետ ընտրեցին ավագանու անդամերից Կարեն Կարապետյանին (ներկայիս վարչապետին), իսկ երբ 2011թ. Կարապետյանը հրաժարական ներկայացրեց, ստիպված քաղաքապետ դարձրին Տ. Մարգարյանին. չկար ուրիշ հավակնորդ, ուրիշ հարմար թեկնածու: Ու Սերժ Սարգսյանը երեկվա լիրիկական զեղումներով անուղղակի հիշեցնում էր նաեւ այդ մասին՝ շեշտելով, որ Մարգարյանն իրենց հիասթափեցնելու իրավունք չունի:
Բայց ուշագրավ էին մայրաքաղաքի խնդիրները լուծելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի երեկվա հանձնարարականները, որտեղ նա մեկ առ մեկ թվարկել էր առկա հիմնահարցերը:
«Անհրաժեշտ է վերացնել խրձերով լարանցումները եւ գեղագիտական առումով աչք ծագող մյուս թերությունները՝ առաջին հերթին, իհարկե, քաղաքի կենտրոնում:
Երեւան քաղաքը բախվում է մի շարք բարդ խնդիրների, որոնց համար անհրաժեշտ է լուծումներ գտնել: Այդ հարցերի շարքում է տրանսպորտի խնդիրը:
…Մեկ այլ կարեւորագույն խնդիր է աղբահանությունը եւ աղբի կառավարման ողջ գործընթացը: …Անհրաժեշտ է ձեւավորել աղբի կառավարման նոր մշակույթ:
Նորովի պետք է քննենք եւ լուծենք բազմաբնակարանային շենքերի բնակելի ֆոնդի պահպանման հարցերը:
…Ամենալուրջ ուշադրությամբ պետք է քննել վերելակային տնտեսության կարիքները՝ կանխելով դժբախտ պատահարների հնարավորությունը»,- ասել է նա:
Համեմատականի համար նշենք, որ 2013թ. ավագանու ընտրություններից հետո Տարոն Մարգարյանի երդմնակալության ժամանակ Սերժ Սարգսյանն այսպիսի բծախնդրություն չէր դրսեւորել, եւ այն ժամանակ իր ելույթում նա մայրաքաղաքի խնդիրների վրա չէր ծանրացել, այլ հայտարարել էր պարզապես հիմնահարցերը լուծելու անհրաժեշտության մասին: «Իհարկե, ես այսօր չեմ պատրաստվում թվարկել Երեւանում առկա բոլոր խնդիրները: Ես հավատում եմ, որ Երեւանի ավագանին նոր ուժերով կարողանալու է մեր բոլորի կողմից սիրված Երեւանը դարձնել ավելի հարմարավետ, ավելի հաճելի, ավելի գեղեցիկ ե՛ւ երեւանցիների համար, ե՛ւ իր հյուրերի համար… Չկան անլուծելի եւ լուծելի խնդիրներ, կան դժվար եւ աշխատանքով լուծվող խնդիրներ»,- ասել էր նա 2013թ. հունիսի 11-ին:
Մինչդեռ հիմա Սերժ Սարգսյանի տոնայնությունը փոխվել է: Ու փաստը, որ Ս. Սարգսյանը Տ. Մարգարյանի պաշտոնավարման երկրորդ շրջանում մեկ առ մեկ թվարկում է մայրաքաղաքի խնդիրները, վկայությունն է այն բանի, որ լրջագույն հիմնահարցերն այդպես էլ մնացել են չլուծված: Ի դեպ, հիշեցնենք, որ այս բոլոր խնդիրները լուծելու խոստումներ Տարոն Մարգարյանը տվել է դեռ նախորդ ընտրություններում՝ 2013 թվականին, այս խոստումները նա կրկնել էր նաեւ վերջին ընտրությունների ժամանակ, բայց, հասկանում եք, ապարդյուն:
Մեկ ուշագրավ փաստ էլ. երբ Սերժ Սարգսյանը խոսում է Տարոն Մարգարյանի՝ Երեւանում ամենամեծ վարկանիշն ունենալու, հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակելու մասին, ապա լավ կաներ, եթե հիշեր, թե ինչպե՞ս իր կուսակցությանը հաջողվեց մեծամասնություն կազմել ընտրություններում: Եթե մոռացել է, հիշեցնենք. վարչական ռեսուրսի կիրառման եւ համատարած ընտրակաշառքի շնորհիվ: Ընդ որում, անգամ այդքանից հետո Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցության շատ ցածր ցուցանիշ գրանցվեց. քվեարկելու իրավունք ունեցող 842 հազար 147 քաղաքացուց մասնակցեց 345 հազար 158 հոգի` 41 տոկոսը, ՀԿ օգտին քվեարկեց 240 հազար 36-ը: Սա ընտրություններին մասնակցած քաղաքացիների 71.25 տոկոսն է, բայց եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 41 տոկոսը, ապա ընտրողների ընդհանուր թվի մեջ սա շատ ցածր ցուցանիշ է՝ ՀՀԿ օգտին քվեարկել է Երեւանում ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 28.5 տոկոսը, ոչ ավելին: Սա՝ իմիջիայլոց:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի խմբակցության կազմում մինչեւ տարեվերջ հնարավոր են փոփոխություններ: Բանն այն է, որ պատգամավորական մանդատների հայտնի սկանդալից հետո Ծառուկյանն իր դեմ ըմբոստացածներից մի քանիսին պատգամավորական մանդատը թույլատրել է վերցնել ժամանակավորապես. սա այն բանից հետո, երբ դաշինքի այդ ներկայացուցիչները Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ ասել են, թե իրենք բանկերի հետ կապված լուրջ վարկային խնդիրներ ունեն, ընդհուպ մինչեւ սնանկացման եզրին են կանգնած, եւ մանդատը նրանց կարող է պաշտպանել ոտնձգություններից: Ծառուկյանն էլ ընդառաջել է նրանց խնդրանքը, եւ պայմանավորվածություն է եղել՝ այդ խնդիրները լուծելուց հետո նոր վայր կդնեն մանդատները: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ենթադրվում է, որ խնդիրները պետք է լուծվեն մինչեւ տարեվերջ: Մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԺ «Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին, որն ասաց. «Նման հարցեր մեր շարքերում այս պահին չեն քննարկվում, եւ եթե նման գործողութուն լինի, ապա դա կլինի հրապարակային»:
ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանը անմիջական կապ ունի ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում օրեր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի հետ եւ ուղղորդել է այն: Գյուղացիները բողոքում են համայնքների խոշորացման դեմ եւ պահանջում իրենց գյուղը չմիացնել Մեծ Մասրային, անգամ վերջերս ճանապարհ են փակել: Մեզ հասած տեղեկություններով՝ սոթքեցիներին ուղղորդողը հենց Սպարտակ Մելիքյանն է: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նա արդարացավ. «Ժողովուրդը հավաքվել է, ու ինձ զանգել են, ասել, որ մենք նման ակցիա ենք անում, Դուք էլ եկեք ու մեր կողքին կանգնեք: Ես էլ տղաներիս հետ գնացել եմ ու իրենց կողքին կանգնել: Դա ոչ թե իմ կազմակերպելու կամ մի քանի հոգու ամբիցիա է, այլ տեղի բնակիչների պահանջն է եղել: Ես անձնական ոչ մի շահագրգռվածություն չունեմ: … Իրենց ավելի հարմար է իրար հետ ապրելը, քան վարդենիսցիների, Մեծ Մասրայի բնակիչների հետ: Իրենց հետ խնդիր չկա, ուղղակի այս մարդիկ ցանկություն ունեն իրար հետ ապրել»:
ԱՃՈՂ ՊԱՐՏՔՈՎ
Հայաստանի պետական պարտքը, որ վաղուց գերազանցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը, շարունակում է անշեղորեն աճել: Պաշոնական տվյալներով՝ հունիսի 1-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 95 մլն դոլար: Այս գումարի առյուծի բաժինը՝ 5 մլրդ 544.1 մլն դոլարը, կառավարության պարտքն է, որից միայն 4 մլրդ 373.5 մլն-ը՝ արտաքին պարտքը: Իրավիճակի լրջությունը, սակայն, երեւում է համեմատության մեջ. միայն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պետական պարտքն աճել է մոտ 152.9 մլն դոլարով. տարեսկզբին այն 5 մլրդ 942.1 մլն դոլար էր:
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ
ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Le Club de Richard Findykian ռադիոհաղորդան ժամանակ ասել է, որ «Pour toi Armenie» երգը կարող է դառնալ Հայաստանի նոր օրհներգը: «Ես կարծում եմ, որ «Pour toi Armenie» երգը, այդ մասին խոսվել է, հնարավոր է՝ դառնա Հայաստանի օրհներգը, քանի որ ներկայիս օրհներգն առանձնապես բան չի հաղորդում: Ես դա կուզենայի»,- ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել այդ գաղափարին:
ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի երեկվա որոշմամբ՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը: Նա բանասիրական գիտությունների թեկնածու է, մինչեւ լրագրողական աշխատանքի անցնելը դասավանդել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, Երեւանի պետական համալսարանում, «Անանիա Շիրակացի» համալսարանում: Լրագրողական գործունեությունն սկսել է 1993 թվականին: 2016 թվականից Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խորհրդականն էր:
ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
«Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցությունը երեկ բոյկոտել է Տարոն Մարգարյանի երդմնակալությունն ու Սերժ Սարգսյանի ելույթը քաղաքապետարանում: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեկնաբանել է, որ երկուսին էլ չի ճանաչում որպես ընտրված պաշտոնյաների: «Գռեհիկ միջոցառումը վերաբերում էր նրան, որ Տարոն Մարգարյանը երդվում էր ավելի լավ կողոպտել մեր հանրային գումարները, ավելի լավ ապականել Երեւանը, ավելի արագ վերացնել այն շուրջ չորս քառակուսի մետր կանաչ տարածքը, որը մնացել է յուրաքանչյուր անձի»,- հայտարարել է նա:
ԴԵՐ ՉԻ ԽԱՂԱ
Նախիջեւանում մեկնարկել է Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժության հերթական փուլը, այն կշարունակվի մինչեւ հունիսի 15-ը: Ըստ ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանի՝ զորավարժությունը անցկացվում է համատեղ ռազմական համաձայնագրերի շրջանակում, այն դասական սցենարով իրականացվող փոքր զորավարժություն է: Տ. Հովհաննիսյանի խոսքով՝ չնայած ֆինանսական խնդիրներին՝ Ադրբեջանի համար զորավարժություն անցկացնելը մեծ ֆինանսական հարց չէ. «1 մլրդ եւ ավելի, Ադրբեջանի ռազմական բյուջեի մասին է խոսք գնում, զորավարժությունը էական դեր չի կարող խաղալ»:
ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը: Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը: