ՈՎ Է ԵՐԳԻՉ ԱՐԱԲՈՅԻ ԸՆՏՐՅԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին կայացել է երգիչ Արաբո Իսպիրյանի անդրանիկ մենահամերգը մարզահամերգային համալիրում: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կիսվեց մենահամերգի տպավորություններով, ինչպես նաեւ խոսեց իր առաջիկա ծրագրերի, նոր երգերի, Ներսիկ Իսպիրյանի բեմական գործունեության 35-ամյակը ԱՄՆ-ում նշելու մասին:

-Արաբո՛, վերջերս ներկայացրիք Ձեր նոր «Հայաստան ջան» երգի տեսահոլովակը: Ի՞նչ եք կարծում՝ հիմա՝ յութուբյան դարում, տեսահոլովակների կարիք կա՞: Սկավառակների, ձայներիզների ժամանակները կարծես թե անցան:
-Իմ կարծիքով արժի, որվհետեւ դա պրոֆեսիոնալ է, ինչ-որ մի նկարով չես կարող երգ գցել եւ այդպես հասնել ժողովրդի դատին, նամանավանդ, որ երգն իմաստ ունի, եւ երգի պատմությունն ազգային-հայրենասիրական հիմք ունի: Երգը պետք է տեսահոլովակով մատուցել ժողովրդին, բայց ինչ-որ կապվում է նկար եւ երաժշտություն յութուբյան էջում, դա ճիշտ չեմ համարում: Իհարկե, եղել են դեպքեր, որ յութուբում իմ նկարներով երգ ենք գցել, դեմ եմ եղել, բայց մեր ռեժիսորի հետ որոշել ենք այդպես մատուցել: Խորհուրդ եմ տալիս մեր շոուբիզնեսի արվեստագետ մարդկանց, որ շարունակեն լավ տեսահոլովակներ, լավ երգեր մատուցել հայ ժողովրդին:
-Մի փոքր խոսենք երգի ստեղծման ակունքների մասին, ինչպե՞ս է ծնվել երգը:
-«Հայաստան ջան» երգն արդեն մեկ տարի է, որ ձայնագրել, վերջացրել ենք, ուղղակի սցենարային փոփոխություններ էինք կատարում, դրա համար մի քիչ ձգձգվեց: Երգի հեղինակը Էդգար Ալեքսանյանն է «Դուէտրո» ստուդիայից, իսկ ռեժիսորը Վահե Հարությունյանն է: Նրանց հետ միասին որոշեցինք «Պիտ պաշտպանեմ» երգի շարունակությունը պատրաստել, եւ արդյունքը լավն էր, լավ բան ստացվեց: Իմ կարծիքով՝ կարողացանք ժողովրդին հանձնել երգ, որը հասկանալի եղավ նրանց կողմից: Ես միշտ ցանկացել եմ ամեն տարի «Տուն իմ հայրենի» երգի նման երգեր մատուցել ժողովրդին:
-Արաբո՛, հունիսի 11-ին տեղի ունեցավ Ձեր առաջին մենահամերգը մարզահամերգային համալիրում: Ե՞րբ ծնվեց մենահամերգի գաղափարը, եւ ինչո՞ւ որոշվեց հենց հունիսի 11-ը:
-Որոշեցինք տարվա սկիզբ անել մենահամերգը՝ չնայած երկու-երեք տարի առաջ արդեն մենահամերգի գաղափարը կար, որ անպայման պետք է: Եղել են բազմաթիվ համերգներ, որ հայրիկիս եւ եղբորս հետ մասնակցել եմ, բայց որոշեցինք մենահամերգ մատուցել մեր ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է օրվան, այն ինչ-որ իմաստ չունի, ուղղակի այդ օրը որոշվեց:
-Նոր երգեր կամ զուգերգեր համերգի ընթացքում չհնչեցին: Կայացած մենահամերգից հետո արդյո՞ք կլինեն նոր երգեր կամ տեսահոլովակներ:
-Անշո՛ւշտ, պատրաստվում եմ երկու-երեք երգ մատուցել մեր հայրենակիցներին:
-Տեսահոլովակով թե՞ միայն յութուբյան պրեմիերա կլինի:
-Դեռ չենք որոշել, կարող է՝ մի երգը տեսահոլովակով մատուցենք, մյուսները՝ յութուբյան տարբերակով:
-Արաբո՛, բացի ազգագրական երգերից՝ երգում եք նաեւ էստրադային երգեր: Մտավախություն չկա՞, որ ինչպես շատ երգիչների, Ձեզ էլ էստրադան կգրավի, եւ Դուք աստիճանաբար կհեռանաք ազգային-ժողովրդական երգարվեստի ժանրից:
-Ազգային-ժողովրդական երգն իմ մեջ գենետիկորեն է արթնացել, ինչքան էլ էստրադային երգեր երգեմ, ինչքան էլ ուրիշ ժանրի մեջ երգեմ, հաստատ ազգային-հայրենասիրական երգը չեմ կարող բաց թողնել, որովհետեւ դա մեր ցավն է, մեր վերքն է, մեր ժողովրդի եկած պատմությունն է, որը չես կարող դնել մի կողմ ու անտարբեր անցնել:
-Գիտեմ, որ մենահամերգից հետո համերգային ծրագրով մեկնելու եք Ռուսաստանի Դաշնություն: Ո՞ր քաղաքում ի՞նչ համերգ է լինելու:
-Մեկ քաղաք ենք մեկնելու՝ Ուլանուտե, համերգին մասնակցելու ենք ես, Աղասին եւ հայրիկս:
-Իսկ այլ շրջագայություններ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ:
-Շրջագայություններ կլինեն աշնանը: Կմեկնենք Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ:
-Գիտենք նաեւ, որ պատրաստվում եք Ներսիկ Իսպիրյանի հետ ԱՄՆ-ում մենահամերգով հանդես գալ: Կմանրամասնե՞ք սպասվելիք համերգային ծրագիրը:
-Հայրիկս արդեն 35 տարի բեմում է, եւ այդ կապակցությամբ Ամերիկայում հանդես կգանք մեծ մենահամերգով, որից հետո Մոսկվայում, եւ վերջին համերգը կլինի Հայաստանում:
Հ.Գ. Հավելենք, որ հունիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մենահամերգի ընթացքում Արաբոն ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝ հենց բեմի վրա: Նրա համար երգեց «Աննաման» երգը: Իսկ թե ով է Արաբոյի ընտրյալը, բեմահարթակից չհայտարարվեց: Ընդամենը նշվեց Արմինե Գրիգորյան: Պարզվում է, որ Արաբոյի ամուսնության առաջարկ ընդունող աղջիկը Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դուստրն է:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ԵՍ ԻՆՁ ՇԱՏ ԼԱՎ ԵՄ ԶԳՈՒՄ

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի անսպասելի հիվանդության պատճառով վերջերս հետաձգվել էր Սուրեն Շահվերդյանի «Սեւ դառը շոկոլադ» ներկայացումը:

«Ժողովուրդ» օրաթերթը դերասանուհի Լուիզա Ղամբարյանից հետաքրքրվել է, թե ինչպես է նրա առողջական վիճակը: «Ես ինձ շատ լավ եմ զգում: Առողջական վիճակս լավ է, իսկ անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է: Փա՛ռք Աստծո»,-շտապեց տեղեկացնել նա:
Դերասանուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ չի հասկանում, թե ինչը կարող էր հանրության մեջ նման աղմուկի պատճառ դառնալ. «Ես ընդհանրապես զերծ եմ մնում նման երեւույթներին արձագանքելուց, պարզապես ունեի առողջական, նորմալ, օրինաչափ, մրսածության հետ կապված խնդիրներ, ինչեւէ… վատառողջ էի, բայց հիմա ամեն ինչ նորմալ է»:
Հարցին, թե այս պահին ինչ գործունեություն է իրականացնում դերասանուհին, ասաց. «Զբաղված եմ իմ առօրյա գործունեությամբ, ներկայացումներ Դրամատիկական թատորնում, նոր ներկայացման փորձեր, ինչպես նաեւ հանրային հեռուստատեսությունում «Կյանքն ափի մեջ» հաղորդման նկարահանումներով»:
Լուիզա Ղամբարյանի խոսքով՝ շատ շուտով հանդիսատեսի դատին կներկայացնեն «Տրամվայ ցանկություն» ներկայացումը, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի բեմադրությամբ: Գլխավոր դերերում հանդես կգան դերասանուհին եւ Արամոն:
«Եվ էլի մի ներկայացման վրա ենք աշխատում, որը դեռ հստակ չէ»,-հավելեց նա:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Լրահոս