Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց քուվեյթաբնակ հալեպահայ գործարար, գրող, հրապարակախոս Կիրակոս Գույումճյանին:
Նախարարը կարևորեց նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում, մասնավորապես, անդրադառնալով հայտնի գործարարի բարեգործական ծրագրերին և հրապարակախոսական ակտիվ գործունեությանը:
Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը:
Կիրակոս Գույումճյանը նախարարին նվիրեց իր «100 տարի ցեղասպանութենէն վերականգնում», «Կայաններ և դիրքորոշումներ» գրքերը և հրապարակախոսական մի շարք հոդվածներ, որ տպագրվել են հայերեն և արաբերեն:
Նա շնորհակալություն հայտնեց զրույցի համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, հայրենասիրական ոգին բարձր պահելու ուղղությամբ. «Սփյուռքի նախարարությունն ինձ համար մոտ ու հարազատ կառույց է, և Ձեր աշխատանքը ինձ համար շատ կարևոր է: Իմ պարտականությունն է ամեն ինչ անել ազգիս ու Հայրենիքիս համար». հավելեց նա: