Հայաստանում ամառային հանգիստն անցկացնելն ըստ քաղաքացիների գանգատների բավականին թանկ հաճույք է, առավելեւս, որ այդ հաճույքն էլ լիակատար չէ: Այդ պատճառով էլ բազմաթիվ ընտանիքներ գերադասում են իրենց հանգիստն անցկացնել եվրոպական երկրներում, քանի որ այնտեղ գներն ավելի մատչելի են:
ArmLur.am-ը տուրիստական ընկերություններին փորձեց պարզել, թե հատկապես որ երկրներում են իրենց ամառային հանգիստն անցկացնում մեր հայրենակիցները եւ ինչքան գումարով։
«Էվլայն վոյաժ» տուրիստական գործակալության աշխատակիցը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի մեր քաղաքացիների մեծամասնությունը նախընտրում է իր հանգիստն անցկացնել Հունաստանում, Իտալիայում, Անթալիայում, Եգիպտոսում և Իսպանիայում: Օրինակ՝ Եգիպտոսում ամառային հանգիստն անցկացնելու համար յուրաքանչյուր քաղաքացու հարկավոր է 400-ից մինչև 5 հազար դոլարի սահմաններում գումար, իսկ Անթալիա գնալու համար մինիմալ հանգիստն անցկացնելու համար հարկավոր է 400 դոլար (6-7 օր):
Իսկ «Բլեսինգ տուր» տուրիստական գործակալության տուրմենեջերը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս տարի քաղաքացիների մեծամասնությունը նախընտրում է իր ամառային հանգիստն անցկացնել Հունաստանում, Բալկանյան կղզիներում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում:
Ըստ նրա՝ այս պահին առկա են մեծ զեղչեր, օրինակ՝ Միացյալ Էմիրություններ գնալու համար անհրաժեշտ է միջինը 450 հազար դրամ:
Լիդա Եղիազարյան