Ինչու ոչ թե ԱԱԽ նոր քարտուղար նշանակվեց, այլ այդ լիազորությունները դրվեց Արմեն Գևորգյանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները դրվել են նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի վրա. սա այն բանից հետո, երբ ԱԱԽ քարտուղարի պաշտոնում կես տարի աշխատելուց հետո Յուրի Խաչատուրովը նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Պատահական չէ, որ Հայաստանում ոչ թե ԱԱԽ նոր քարտուղար է նշանակվել, այլ` այդ լիազորությունները դրվել են Արմեն Գեւորգյանի վրա: Եւ ընդհանրապես, եթե հիշում եք, 2013թ., երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց ԱԱԽ պաշտոնից, 3 տարի շարունակ նրա փոխարեն որեւէ մեկը չնշանակվեց: Բայց սա ոչ թե այն պատճառով, որ Բաղդասարյանն անփոխարինելի գործիչ էր ու նրանից հետո իշխանություններին դժվար էր արժանի ԱԽՔ գտնելը, այլ` որովհետեւ այդ պաշտոնն ինքնին անիմաստ էր ու ԱԽՔ ունենալ-չունենալը որեւէ կերպ չէր խանգարում երկրի անվտանգության, պաշտպանունակության ապահովմանը:

Իսկ ժամանակին այդ պաշտոնն այդպես «փառաբանվեց», անգամ` հատուկ ԱԱԽ աշխատակազմ ստեղծվեց Արթուր Բաղդասարյանին ընդդիմադիր դաշտից պոկելու եւ կոալիցիա տանելու նպատակով, եւ ոչինչ ավելին:
Ի դեպ, մեկ ուշագրավ փաստ էլ. Արմեն Գեւորգյանը 2006-2008թթ. զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, եւ այդ ընթացքում էլ նա եղել է ԱԱԽ քարտուղարը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս