Տարիներ շարունակ Նոյեմբերյանի «Դովեղի ճանապարհի» հեղեղատար էին լցվում հարակից փողոցների կոյաջրերը: Բանն այն էր, որ այդ տարածքներում երբեք առանձին կոյուղագիծ կառուցված չի եղել, ինչն էլ իրհերթին տարածքում հակասանիտարական վիճակի և գարշահոտության պատճառ էր դարձել:
Խնդիրն ի վերջոպետք է լուծվեր: Լուծողն էլ երեւի նախախնամության կամոք նոր օպերատոր Վեոլիա Ջրի«Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության «Նոյեմբերյան» տեղամասի աշխատակիցները պետք է լինեին: Ովքեր եւ օրերս ձեռնամուխ եղան նոր կոյուղագծի կառուցմանը:
Ավելին, որոշվեց նոր խողովակաշար տեղադրել նաև հեղեղատարի համար: Արդյունքում ոչ միայն տարածքի գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակը վերացվեց, այլև ապահովվեց ջրահեռացման համակարգի բնականոն աշխատանքն ու անձրեւաջրերի ճիշտ հեռացումը:
Հետո «հընթացս» որոշվեց. քանի որ տարածքում էր համապատասխան շինտեխնիկան և մասնագիտական խումբը, տարվող աշխատանքներին զուգահեռ նաեւ մաքրել Կալինին փողոցի կոյուղագիծը, ապահովելով վերջինիս լիարժեք շահագործումը: Այստեղ խցանվել էր դեռևս 1950-ականներին կառուցված և, բնակիչների խոսքով, երբեք չմաքրված կոյուղու 6-8 մետրանոց հատվածը: Այստեղ ևս լուծումը, ինչպես նաև արդյունքը չուշացան:
Չուշացավ նաեւ տեղիս բնակիչների գոհունակությունը` բողոքներին ջրմուղագործների արագ արձագանքի ու մասնագիտական աշխատանքի առթիվ:
Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն