Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և քաղաքացիներին բերման ենթարկելու տեղեկությունների հիման վրա 2017 թվականի հունիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի ներակայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և Ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Այցի ընթացքում տեղեկություններ են ստացվել Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելիս անհամաչափ ուժ կիրառելու, բերման ենթարկելու պատճառները, իրավունքները և պարտականությունները նրան չհայտնելու վերաբերյալ: Փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից տեղեկություն է ներկայացվել այն մասին, որ Ոստիկանության ծառայողը հարվածել է իրեն:
Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:
Գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ոստիկանություն՝ համապատասխանաբար Քրեական դատավարության օրենսգրքով ու Ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կարգով վարույթներ նախաձեռնելու և պարզաբանումներ ստանալու հարցերով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ