«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարություն է տարածել վերջինիս խոշտանգման մասին.
«Հաղորդում հանցագործության մասին
2017 թվականի հունիսի 28-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում քաղբանտարկյալ Արայիկ Եզնիկի Խանդոյանը ենթարկվել է խոշտանգման և ծեծի: Նա ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
Խանդոյանին ծեծել և խոշտանգել են ոստիկանի համազգեստը կրող բազմաթիվ էակներ:
Նշված հանգամանքները իրավական պետությունում քննվում են օրենքով սահմանված կարգով և հանցագործները ենթարկվում են քրեական պատասխանատվության:
Թեև ներկայիս ռեժիմը Հայաստանը վեր է ածել անիրավ պետության, այդուհանդերձ Գլխավոր դատախազից և Հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք անհապաղ սկսել քննություն և ապահովել դրա կատարյալ թափանցիկություն: Փորձ չանեք որևէ մեկի մոլորեցնել կամ խաբել նախաքննական գաղտնիք եզրույթով. հանրությանը, Արայիկ Խանդոյանին, նրա պաշտպաններին տրամադրել ամենօրյա տեղեկատվություն՝ քննության ընթացքի, համազգեստավոր էակների, կատարված բոլոր գործողությունների մասին:
Մեր պահանջներից որևէ մեկի չկատարումը հաստատելու է մեր այն համոզմունքը, որ Հայաստանի իշխանությունը զավթված է բանդայի կողմից, իսկ դրանց՝ իրավաբանական հիմքով սահմանափակումն անթույլատրելի է, քանի որ Արայիկ Խանդոյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ բոլոր բռնությունները մեկ անձի քաղաքական պատվերն ու անձնական վրեժխնդրությունն են, ինչն իրավունքի հետ որևէ առնչություն չունի»:
Քաղբանտարկյալ Արայիկ Խանդոյանի
պաշտպաններ՝
Արա Ղարագյոզյան
Արայիկ Պապիկյան
29.06.2017թ