Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է կառավարության նիստին: Նկատի առնելով, որ նորանշանակ կառավարության անդամների հետ հանդիպումը տեղի է ունենում Ազգային ժողովի կողմից կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը հավանության արժանանալուց հետո, Հանրապետության Նախագահը առաջին հերթին շնորհավորել է կառավարության անդամներին իրենց պաշտոններում նշանակվելու առթիվ, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք կառավարության ծրագրի հաստատումից հետո այս շրջափուլում դրվում են գործադիր իշխանության առջև՝ նախանշված ծրագրերը հետևողականորեն իրականացնելու համար:
Սերժ Սարգսյանը խոսեց նաև չինական ասացվածքներից.
«Վերջին տարիներին հաճախ է հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը, շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի՝ անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ: Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն իսկապես դժվար է, սակայն նաև՝ հետաքրքիր: Ակնկալում եմ, որ դուք շահախնդրությամբ և պատվախնդրությամբ կլուծեք այս կարևոր պահին մեր ծրագրերի իրականացմանը և մեր բոլորի առջև ծառացած խնդիրները : Մենք պետք է իրապես լծվենք այս աշխատանքներին: Հավատում եմ, որ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարող է դա ամբողջովին անել: Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս ստեղծագործական մոտեցումներ, և մեր ժողովուրդը հենց ձեզ է վստահել դրանք գտնելու և իրագործելու պատվաբեր առաքելությունը»: