Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին երեկ շառաչուն ապտակ է հասցրել իշխանություններին. «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը եւ հետագա քայլերը» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում դեսպան Սվիտալսկին անդրադարձել է ԱԺ ընտրություններին՝ կոշտ գնահատականներ հնչեցնելով ընտրախախտումների վերաբերյալ:
Սվիտալսկին կարեւորել է ԿԸՀ կազմավորման ձեւը՝ ընդգծելով, որ գործող հանձնաժողովն անարժանահավատ է: «Ես բարձր եմ գնահատում ԿԸՀ-ի աշխատանքը, սակայն այդ կառույցը պետք է լինի հանրային մեծ վստահություն վայելող։ Խոսքն ընկալումների մասին է։ Կարծում եմ` ԿԸՀ-ի կազմը պետք է ընդլայնվի, այնտեղ պետք է ներառվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հայերին իմ խորհուրդն է՝ մտածեք` ինչպես ԿԸՀ-ն դարձնել արժանահավատ։ Եթե հանձնաժողովն ուզում է, որ հանրությունը վստահի իրեն, ապա պետք է ունենա արժանահավատ գործող կառույց»,- ասել է նա: Այնուհետեւ նա խոսել է ԸՕ մասին՝ շեշտելով, որ օրենքը բարելավման կարիք ունի. «Կոնսենսուսն ԸՕ շուրջ ներառել է այդ օրենսգրքի սահմանափակ թվով կետեր: Կային կետեր, որոնք չընդունվեցին: Խոսքը, այսպես կոչված, ռեյտինգային ցուցակների մասին է: Հայաստանում պետք է որոշեն՝ արդյո՞ք այդ ցուցակներն աշխատեցին, թե՞ ոչ: Եկեք, չտրվենք պատրանքներին, սա բավական լուրջ խնդիր է: Բոլոր կողմերը պետք է փոխհամաձայնության գան, որպեսզի գտնեն լուծում: Ես ունեմ իմ սեփական կարծիքը դրա վերաբերյալ, ես համոզված եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն այս խնդիրը»:
Ինչ վերաբերում է բուն ընտրական պրոցեսին, Սվիտալսկին թեեւ հայտարարել է, որ ընտրատեղամասերում ընտրություններն արդար են եղել, բայց նաեւ շեշտել` «ուշադրություն պետք է դարձնել, թե ինչ է եղել դրսում»։ Ըստ դեսպանի. «Մենք տեղյակ ենք ձայներ գնելու, ընտրակաշառքի, սպառնալիքների, ուղղորդման դեպքերի մասին։ Կար անգամ մի նկար, որում պատկերված էին բուժհաստատություններում հիվանդների փոխարեն քվեարկող բժիշկներ: Միգուցե դրանք փոքր երեւույթներ են, սակայն ազդեցիկ են։ Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար։
Երբեմն բարդություններ կան քրեական գործերում՝ նման փաստերի բացահայտման հետ կապված: Մինչդեռ այդ փաստերն ակնհայտ են: Կարծում եմ` ջանքեր կներդրվեն, որ նման երեւույթները վերանան: Հայերը կարիք ունեն խորը ժողովրդավարության: Հայերը գենետիկորեն ուզում են ազատություն ու բավականին քաջ են` պայքարելու իրենց ազատության համար։ Ես լավատես եմ Հայաստանի ապագայի հարցում: ժողովրդավարությունն այստեղ հասունանալու է, եւ Հայաստանն ունենալու է արդյունավետ գործող ընտրական համակարգ»,- իր ելույթն ամփոփել է նա:
Եթե անկեղծ՝ ապա Սվիտալսկու խոսքերն իրենց մեջ որեւէ նորություն չէին պարունակում, բացառությամբ, թերեւս, ԿԸՀ «անարժանահավատ գործելու» գնահատականներից: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը եւս իր զեկույցում խոսել էր ընտրակաշառքի, վարչական ռեսուրսների կիրառման մասին, այդ գնահատականները կրկնել էին նաեւ օտարերկրյա դեսպանատները իրենց հայտարարությունների մեջ: Իսկ Սերժ Սարգսյանն էլ ապրիլի 18-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն էր հայտնել նրանց գնահատականների ու համագործակցության համար: Այնպես որ, այս առումով իշխանությունների երեկվա իրարանցումն ու Սվիտալսկու հասցեին հակադարձումները, մեղմ ասած, անհասկանալի էին: Զարմանալի էին ՀՀԿ վերնախավի հայտարարությունները, երբ միաբերան Սվիտալսկուն մեղադրում էին Հայաստանի ներքին գործերին խառնվելու մեջ: «Երբեմն մարդիկ միգուցե մոռանում են, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, եւ նույնիսկ նույն ԿԸՀ անդամների խնդիրը, նույն ռեյտինգային խնդիրը, ընտրությունները բացառապես ՀՀ քաղաքական ուժերի եւ պառլամենտում ընդգրկված քաղաքական ուժերի մենաշնորհն է,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ հավելել, -սա այն տարբերակը չէ, որ ով փող է տալիս, նա էլ շամպայնը կամ երաժշտությունը պատվիրում է, այդպես չէ»: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւս նման գնահատականներ է հնչեցրել. «Եթե պարոն Սվիտալսկին նման հայտարարությամբ հանդես է եկել, կարծում եմ, որ որոշակի փորձ է մեր ներքին քաղաքական հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից, դա արվում է բարի, թե այլ նպատակներով»: Եւ վերջապես, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ում ներկայությամբ Սվիտալսկին հնչեցրել էր քննադատությունները, ասել է. «Պարոն դեսպանը նշեց մի շարք խնդիրներ, ես կցանկանայի կարեւորել մեկ հանգամանք՝ դա ազնվությունն է: Ազնվություն, անկեղծություն՝ տեսակետներ ներկայացնելու մեջ, ոչ թե գույները խտացնել, ոչ թե փորձել տեսնելու միայն վատը, փորձել տեսնելու նույնիսկ այնտեղ, որտեղ դա նկատելի չի…»:
Միայն թե, հետաքրքիր է, եթե իշխանություններն այսօր ԵՄ դեսպանին մեղադրում են Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձի մեջ, ինչո՞ւ էին ընտրական բարեփոխումների համար գումարներ աղերսում ԵՄ-ից եւ օտարերկրյա այլ պետություններից կամ նույն տրամաբանությամբ` ինչո՞ւ են հիմա գումարներ խնդրում ԵՄ-ից կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ ծրագրերի համար: Մեկ փաստ եւս. ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ահռելի ֆինանսական օժանդակություն են ցուցաբերել Հայաստանին, ու այս առումով ունեն բոլոր իրավունքները` հետեւելու ու կարծիք հայտնելու այդ գումարների արդյունավետ ծախսման վերաբերյալ: Ու իշխանությունների երեկվա ջղաձգումները, մեղմ ասած, ավելորդ էին, ծիծաղելի:
Հ.Գ. Եթե անգամ միջազգային հանրությունն այսօր միաբերան դրական գնահատականներ հնչեցնի Հայաստանում անցկացված ընտրությունների մասին, բոլորս հո գիտենք, թե իրականում ինչպես է անցել համապետական այդ միջոցառումը, ինչպես էին իշխանությունները գործի դրել վարչական մեքենան ու համատարած ընտրակաշառք բաժանում, ինչ մթնոլորտ էին ստեղծել: Այնպես որ, անկախ գնահատականներից՝ իրականությունը չի փոխվում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՋՐԱՌԱՏԸ «ՋՐԵՑԻՆ»
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կարճվել է Ջրառատ համայնքում ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով հարուցված քրեական գործը: Հիշեցնենք` մարտի 12-ին ու 14-ին ին Արմավիր մարզի Ջրառատ համայնքում ծեծկռտուք էր եղել համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանի համակիրների եւ «Օհանյան-Րաֆֆ-Օսկանյան» դաշինքի անդամների միջեւ, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը` Լեռնիկ Երանոսյանը, ատրճանակից օդ էր կրակել, ինչի համար նրան ծեծել էին: Հետո միջադեպը շարունակվել էր երկու օր անց, այս անգամ իշխանությունները գործադրել էին ինքնաձիգ. գյուղապետի տեղեկալ Տիգրան Սարգսյանը ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ էր արձակել, եւ ստացված վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել ջրառատցիները՝ Մելիք Մելքոնյանը, Հակոբ Մելքոնյանը եւ անչափահաս Արայիկ Մելքոնյանը: Փոխգյուղապետին էլ մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել), եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով հրազեն իրացնելը, պահել) համաձայն: Սակայն մարտի 16-ին դեպքերը զարգացան միանգամայն այլ ուղղությամբ, հիվանդանոց տեղափոխված Հակոբ Մելքոնյանի հայրը` Մանվել Մելքոնյանը, հայտարարեց, թե ինքը հանդիպել է Լյովա Երանոսյանի հետ, խոսել են, հասկացել իրար եւ հաշտվել: Հիմա կարճվել է մարմնական վնասվածք հասցնելու մասով հարուցված քրեական գործը, իսկ ահա ապօրինի զենքի գործով նախաքննությունը շարունակվում է, եւ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը կալանքի տակ է: Հիմա էլ փորձեր են արվում ապօրինի զենք պահելու եւ գործադրելու գործը կարճելու եւ նրան ազատ արձակելու ուղղությամբ:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԴԵՐ
ՀՀ արտաքին գործերի նախարարության ուռճացված գնումներին անդրադառնալու առիթներ շատ է եղել: Պարզվում է` մարտի 8-ին ընդառաջ էլ ԱԳՆ-ն 11 հատ ծաղկեփունջ է գնել` յուրաքանչյուրը 65 հազար դրամ արժողության: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ն այդ ծաղկեփնջերը գնելու պայմանագիրը կնքել է մարտի 7-ին` «Բալանս Կո» ՍՊԸ-ի հետ՝ վճարելով ընդհանուրը 715 հազար դրամ: Թե դիվանագիտական որ ձեռքբերումների համար է Նալբանդյանը որոշել մարտի 8-ին ընդառաջ 65 հազար դրամանոց ծաղկեփնջեր նվիրել, անհասկանալի է, իսկ միգուցե դրանք գնել է օտարերկրյա կին դեսպանների կամ դեսպանների կանանց համա՞ր:
ԿԲԵՐԵՆ ԱԺ
Սպասվում է, որ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը խորհրդարան կբերվի հունիսի 19-ին: Բայց ԱԺ նիստում այն կարող է քննարկվել միայն 48 ժամ անց, որպեսզի պատգամավորները հասցնեն ծանոթանալ դրան: Ըստ այդմ, կառավարության ծրագիրն ԱԺ նիստում կարող է քննարկվել հունիսի 21-ից ոչ շուտ: Իսկ արդեն այդ նիստից հետո խորհրդարանը եւս մեկ արտահերթ նիստ կգումարի, որից հետո կգնա արձակուրդ:
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
ՄԵԿՆԵԼ Է ԻՏԱԼԻԱ
Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա: Այսօր նա կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին: Հովհաննիսյանը կներկայացնի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տրված կարծիքների հետագա ընթացքը, կքննարկվի նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքի նախնական տարբերակը այն հաստատելու նպատակով:
ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ
Հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:34-ին, ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.470 եւ արեւելյան երկայնության 44.720 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Չարենցավան քաղաքից 9 կմ հյուսիս-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է Չարենցավան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ
Շենգիավիթում ողբերգական դեպք է տեղի ունեցել. երիտասարդ աղջիկը ցած է նետվել 8-րդ հարկից: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` աղջիկը 8-րդ հարկում գտնվող իրենց տան պատուհանից ցած է նետվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: