Այս տարին գյուղատնտեսության համար սկսվեց աննպաստ եղանակային պայմաններով. նախ` ցրտաշունչ ձմեռը, որին էլ հաջորդեց կարկուտը: Ու հիմա ոլորտի մասնագետները պնդում են` 2017 թվականը գյուղատնտեսության առումով բավականին լարված ու դժվար տարի է:
Առանց այն էլ ծանր վիճակում գտնվող մեր գյուղացիական տնտեսություններն ամեն տարի բնական աղետների հետեւանքով լուրջ վնասներ են կրում: Գումարները հաշվարկվում են մի քանի տասնյակ միլիարդ դրամի չափով: Թեեւ պետությունը փորձում է հնարավորության շրջանակներում աջակցել, բայց ապարդյուն:
Եթե նախորդ տարվա այս շրջանում Արմավիրի մարզի գյուղացիները տարբերակներ էին փնտրում իրենց գյուղմթերքն իրացնելու ուղղությամբ, ապա այս տարի հակառակն է. օրեր առաջ տեղացած ուժգին կարկուտի հետեւանքով նրանց ստանալիք եկամուտն ամբողջությամբ ոչնչացավ: Նշենք, որ Արմավիրի մարզի 10 գյուղերի բնակիչների հեկտարներով մշակաբույսերը, պտղատու այգիները կարկուտից լուրջ վնասներ են կրել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայաստանի ագրագյուղացիական միավորում հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը նկատեց, որ գյուղատնտեսական այս տարին ծանր է սկսվել եւ այդպես էլ ընթանալու է:
Նրա խոսքերով, նախ` գյուղացիները վերամշակող ընկերություններից իրենց պարտքերը չկարողացան հավաքել, ինչի պատճառով էլ խաղողի որթերի այգեթաղ չկազմակերպեցին: «Ինչին հաջորդեցին ցրտահարությունները, ունեցանք 22 աստիճանից մոտ քսան օր տեւող ցուրտ եղանակ, որն էլ վնասեց ծիրանենու, դեղձենու երիտասարդ շիվերը եւ խաղողին»,- տեղեկացրեց Բերբերյանը: Միաժամանակ մեր զրուցակիցը հայտարարեց, որ այս տարին բարենպաստ էր բանջարեղենի ու տեխնիկական կուլտուրաների համար: Նրա կարծիքով՝ այդպես լինում է, երբ տարին խաղողի համար բարենպաստ չէ, բայց բանջարեղենի, տեխնիկական կուլտուրաների համար հակառակն է լինում:
«Բայց համապատասխան պետական մարմնի կողմից այս տարվա ընթացքում ոչ մի քայլ չարվեց բանջարեղենի արտադրությունը ակտիվացնելու ուղղությամբ: Փոխարենը, չգիտես ինչու, կառավարությունը որոշել է պարսկական տոմատի մածուկը փաթեթավորել Հայաստանում. նույնիսկ այդ մասին փաստաթուղթ է ստորագրվել երկու կողմերի միջեւ: Այսինքն՝ մենք լոլիկի արտադրությունը դրել ենք մի կողմ եւ դրսից տոմատի մածուկ ենք ներկրում Հայաստան: Ամոթ մեզ, քանի որ Հայաստանը այսօր 30-40 հազար տոննա տոմատի մածուկի արտադրության պոտենցիալ ունի»,- վրդովված նկատեց Բերբերյանը:
Նա մեծ ցավով նկատեց, որ օրեր առաջ տեղացած ուժգին կարկուտի հետեւանքով Արմավիրի մարզի հարյուրավոր բնակիչներ շատ լուրջ վնասներ են կրել: «Եթե կարտոֆիլը այսօր կարելի է փրկել, ապա սոխի, լոլիկի, պղպեղի, սմբուկի դաշտերը ոչնչացվել են: Պտղատու այգիներին, խաղողի որթերին մեծ վնաս է հասցվել, այնպես որ, այդ գյուղերին հրատապ լուրջ օգնություն է պետք տալ, բայց ոչ թե չինովնիկների ձեռքերը տաքացնել, ինչպես արվեց 2013 թվականին: Նայե՛ք վարունգին, գյուղացին մինչ այս տվել է երեք ջուր, բայց դուրս կգրեն 13 ջուր: Այսինքն՝ այստեղ գյուղացին ոչինչ չի տեսնում, ինչից օգտվում են չինովնիկները, որոնք իրենց ձեռքերը տաքացնում են այդ գումարների վրա»,- նշեց Բերբերյանը:
Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ այս դեպքում կառավարությունը գոնե ուշքի կգա ու կփորձի տուժած գյուղացիների վարկերի տոկոսադրույքները սառեցնել: Բերբերյանը հիշեց նաեւ՝ 2013 թվականին բանկերը կարկուտից տուժած գյուղացիների վարկերի տոկոսադրույքները ոչ թե սառեցրին, այլ տեղափոխեցին, ինչի արդյունքում գյուղացին ավելի շատ ընկավ պարտքերի տակ: «Այսինքն՝ այստեղ այնպիսի մոտեցումներ են պետք կիրառել, որոնք իսկապես կթեթեւացնեն գյուղացու հոգսը, կմեղմացնեն ստեղծված ծանր վիճակը: Ոչ թե նստեն, մտածեն, թե ոնց պետք է մտնեն գյուղացու գրպանը: Վաղ թե ուշ նրանք ճանապարհներ են փակելու, բողոքի ալիքն է՛լ ավելի է ուժգնանալու: Մարդկանց մոտ դանակը ոսկորին է հասել, ցորեն ու գարի ցանելով՝ երկրի տնտեսությունը չեն կարող զարգացնել»,- վրդովվեց գյուղատնտեսը:
Նա նաեւ կանխատեսեց, որ խաղողն ու ծիրանը թանկ գնով կվաճառվեն: Ապա ավելացրեց, որ խաղողի եւ ծիրանի մասով ներքին շուկան կապահովվի, բայց արտահանումը քիչ կլինի:
Իսկ գյուղացին, որը միլիոնների հասնող վարկեր ունի առեւտրային տարբեր բանկերում եւ վարկային կազմակերպություններում, հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Եւ ամենացավալին այն է, որ տեղի ունեցածից հետո գյուղացին կորցրել է իր հույսն ու հավատը նաեւ իշխանությունների հանդեպ. փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում նա միայնակ է իր հոգսերի հետ, իսկ «ոսկի սարեր» խոստացող կառավարությունը, որը պետք է դեմքով շրջված լիներ դեպի գյուղացին, չգիտես թե որ կողմն է նայում: Արդյունքում այսօր ծայրահեղ ծանր վիճակում հայտնված գյուղացին ցանկություն չունի անգամ հող մշակելու, պտղատու այգիներ ստեղծելու, պահելու, որովհետեւ միայնակ է եւ կառավարությունից ոչ մի աջակցություն չի ստանում:
Միայն նշենք, որ այս տարեսկզբին դիզվառելիքի, գարնանացան սերմացուի դեպքում գյուղատնտեսության նախարարությունը թերացավ եւ նախատեսված ժամանակից ուշ տրամադրեց գյուղացիներին: Չենք խոսում ազոտական պարարտանյութի մասին, որը սկզբնական շրջանում քիչ քանակությամբ ներկրվեց ՀՀ եւ ոչ բոլոր գյուղացիական տնտեսություններին հատկացվեց: Եւ այս ամենում միանշանակ թերացել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ավելին՝ դեպքից միայն 3 օր անց նախարար Իգնատի Առաքելյանը բարեհաճեց փափուկ աթոռից պոկել իր մարմնի համապատասխան հատվածն ու գնալ տուժած գյուղեր: Մենք չենք զլանա Իգնատի Առաքելյանին եւս մեկ անգամ հիշեցնել, որ ինքը աշխատավարձ ստանում է նույն` տուժած գյուղացիների տված հարկերի հաշվին: Իսկ այսօր նա իրենց կողքին չէ, փոխարենը «ժելեած մազերով» ամենօրյա հանդիպումներ է ունենում իր աշխատասենյակում: Հանդիպումներ, որոնց պտուղները մարդիկ դեռ չեն տեսել:
Այս ամենի մեջ ուշագրավ է, սակայն, մեկ այլ փաստ. երեկ լրագրողների հարցին` թե ի՞նչ խորհուրդ է տալիս նախարարը գյուղացուն՝ սնանկանա՞լ, Իգնատի Առաքելյանը պատասխանել է. «Հիմա դուք, որ հարցը էդպես տալիս եք, ի՞նչ պատասխան եք ակնկալում: Ինչի՞ եք ասում՝ սնանկանա: Մյուս տարբերակը՝ չզբաղվել գյուղատնտեսությամբ»: Ահա, գյուղացիների խնդիրներով զբաղվող թիվ մեկ պաշտոնյայի պատասխանը, որն, ի դեպ, պաշտոնավարման այս ավելի քան կես տարվա ընթացքում զգալի ավելացրել է իր ունեցվածքը: Բավական է հիշեցնել, որ իր պաշտոնավարման սկզբում նա ուներ 21.7 մլն դրամ, 71.9 հազար ԱՄՆ դոլար եւ 77.7 հազար եվրո, իսկ հիմա` 47.8 մլն դրամ, 150.8 հազար ԱՄՆ դոլար եւ 47.7 հազար եվրո: Սնանկացող գյուղացիների ֆոնին, համաձայնեք, այս ամենն այլ կերպ է դիտվում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ