ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Այգեշատ համայնքում

Այգեշատ համայնքի բնակիչները որոշել են այս կերպ ինքնակազմակերպվել ու իրենց խնդիրները լուծել։ Նրանց բերքը վնասվել է վերջերս տեղացած կարկուտից, եւ նրանք իրենց հույսը դրել են ՀՀ կառավարության ու գյուղատնտեսության նախարարության օգնության վրա։

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե վթար է տեղի ունեցել, ապա ապահովագրական հատուցում ստանալու համար ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս դիմել հատուցման տրամադրման համար:

Սուրեն Մովսիսյան (38 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապահովագրական հատուցում ստանալու համար պետք է դիմել՝
1. Ապահովագրական հատուցում ստանալու համար պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցներից որեւէ մեկի ապահովադիր չհանդիսացող վարորդ-տուժողը իրավունք ունի դիմելու տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրողին, վերջինի բացակայության դեպքում՝ տվյալ պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրողներից ցանկացածին տուժողի նախընտրությամբ, իսկ վերջինների բացակայության դեպքում՝ բյուրոյին:
2. Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով ներկայացնում է դիմում եւ բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը:
3. Եթե տուժողն ունի ՀՀ տարածքում գործող որեւէ ապահովագրական ընկերության հետ կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով այդ ապահովագրական ընկերությունը պարտավոր է անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում, բացառությամբ այն դեպքերի, երբ տուժողը եւ վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միեւնույն ապահովագրական ընկերության հետ:
4. Եթե տուժողը եւ վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միեւնույն ապահովագրական ընկերության հետ, կամ եթե տուժողը ապահովագրական պատահարը տեղի ունենալու պահին հետիոտն կամ ուղեւոր է եւ չունի ՀՀ տարածքում գործող որեւէ ապահովագրական ընկերության հետ կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա տուժողի պահանջով բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու գործընթացում:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ եթե տուժողը հանդիսանում է նաեւ ապահովադիր, ապա նա պետք է հատուցման համար դիմի իր հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը: Իսկ ընդհանրապես ԱՊՊԱ-ները վաղուց լցրել են մարդկանց համբերության բաժակը:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ի՞նչ է անհրաժեշտ:

Մարինե Մնացականյան (49 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին՝ երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում: Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին՝ ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:
Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք, եւ դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ միանվագ հրատապ օգնությունը տրամադրվում է ընտանեկան նպաստի համակարգում գրանցված ընտանիքին` երեխայի ծննդյան (50 000 ՀՀ դրամ), ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու (25 000 ՀՀ դրամ), ընտանիքի անդամի մահվան դեպքերում (50 000 ՀՀ դրամ):




Լրահոս