ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երեկ ավարտել են տարածաշրջանային այցը, որից հետո ԼՂ խնդրի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ: Երեկվա փաստաթղթի շեշտադրումներն, ի դեպ, բավական ուշագրավ էին. «Համանախագահներն Ադրբեջանի ղեկավարներին կոչ են անում ձեռնարկել լարվածության հետագա սրումից խուսափելու միջոցներ: Համանախագահները նույն ուղերձով դիմում են Հայաստանի ղեկավարներին եւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությանը: Համանախագահները կողմերին հորդորում են ձեռք առնել միջոցներ, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմաններին: Երկու մայրաքաղաքներում համանախագահները կողմերին կոչ են անում բարեխղճությամբ եւ քաղաքական կամքի դրսեւորմամբ վերսկսել բովանդակային բանակցությունները: Համանախագահներն ընդգծում են, որ դա հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց ակնկալող, կարգավորման արժանի տարածաշրջանի ժողովուրդների համար հարատեւ խաղաղություն ապահովելու միակ ուղին է»: Միաժամանակ, հայտարարության մեջ ասված է, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հայտնել են կարգավորման առավել վիճահարույց խնդիրների շուրջ փոխզիջումային լուծում գտնելու նպատակով քաղաքական երկխոսությունը վերսկսելու իրենց պատրաստակամության մասին:
Ակնհայտ է, որ հակամարտության կողմերն անկեղծ չեն խնդրի փոխզիջումային լուծման մասին իրենց հայտարարություններում, այլապես չէին փորձի ամենատարբեր միջոցներով վիժեցնել խաղաղ կարգավորման գործընթացը եւ իսկապես կգնային փոխզիջումների: Ավելին՝ եթե Ադրբեջանը քաղաքական երկխոսությունը վերսկսելու կողմնակից լիներ, ապա չէր հրահրի վերջին օրերի սահմանային միջադեպերը, որոնց հետեւանքով հայկական կողմը 4 զոհ է ունեցել: Եւ այս առումով պատահական չէ փաստը, որ սա ԵԱՀԿ ՄԽ երկրորդ հայտարարությունն է, որտեղ համանախագահները հրադադարի ռեժիմի խախտման համար հասցեական քննադատում են Ադրբեջանին:

 

 
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ շարունակվում է պարային խմբերի կազմում դեպի եվրոպական երկրներ ՀՀ քաղաքացիների անօրինական տեղափոխումը: Ընդ որում, շատ հաճախ այդ գործընթացը կազմակերպում են անձամբ հայտնի պարի խմբի ղեկավարները: Այդպես է վարվել, օրինակ, Գյումրիում գործող «Ա. Շաբոյան» պարային խմբի ղեկավար Արմեն Շաբոյանը, որը կլորիկ գումարի դիմաց հավաքագրել է Եվրոպա մեկնել ցանկացողների: Կատարվածը, սակայն, բացահայտվել է, հարուցվել է քրեական գործ, եւ Շաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով` անօրինական միգրացիայի կազմակերպման համար: Հիմա գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան:

 

 
«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Ամենայն հավանականությամբ, ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, եւ նրա փոխարեն կնշանակվի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին Գասպարյանին նշանակեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ` այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման համար: Իսկ թե ինչ է լինելու Հակոբյանի հետագա ճակատագիրը, առայժմ հայտնի չէ: Հավելենք, որ Օնիկ Գասպարյանը երկար տարիներ եղել է N բանակային կորպուսի հրամանատար:

 

 

 

Օրերս վթարի է ենթարկվել Հայաստանից Ռուսաստան ուղեւորափոխադրում իրականացնող հերթական միկրոավտոբուսը: Այս անգամ վթարը եղել է Տուլայի շրջանում. Հայաստանից ուղեւորված միկրոավտոբուսը բախվել է «Կամազ» բեռնատար մեքենային: Միջադեպի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, իսկ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տրանսպորտի նախարարության տրանսպորտի տեսչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանից պարզեց, որ ուղեւորափոխադրումն իրականացվել է ոչ կանոնավոր, միկրոավտոբուսը պատկանել է ընդամենը օրեր առաջ հիմնադրված «Քոչար տուր» ՍՊԸ-ին: Սակայն նախարարության պաշտոնյային ՍՊԸ-ից հայտնել են, որ ուղեւորափոխադրումն իրենք չեն իրականացրել, այլ մեքենան ժամանակավոր օգտագործման են տվել ուրիշին: Նկատենք, որ նման միջադեպերը սկսել են պարբերական բնույթ կրել: Բանն այն է, որ վարորդներն ավելի քան 20-24 ժամ ճանապարհ են անցնում (շատ հաճախ` անքուն), եւ վթարները նրանց հոգնածության, երբեմն նաեւ մեքենայի անսարքության հետեւանքով են լինում: Ու ժամանակն է, որ պետությունն այս ոլորտում որոշակի կարգավորումներ մտցնի, «հետվիրահատական» միջամտություններն այլեւս անիմաստ են:

 

 

 
ՊՈԼԻՏԲՅՈՒՐՈՅԻ ՎԿԱՆԵՐԸ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրերս արած մի արտահայտությամբ լավագույնս ի ցույց է դրել Հայաստանում ՀՀԿ-ի իշխանավարման բնույթը: Երեւանի ավագանու նիստում, երբ ընդդիմադիրները հարցրել էին, թե որքանո՞վ է արդյունավետ փոխքաղաքապետի պաշտոնում Կամո Արեյանի առաջադրումը, երբ վերջինս 90-ականների վերջից աշխատում է համակարգում, ու իր կառավարման տարիները աչքի են ընկել կանաչապատ տարածքների նվազմամբ, ճարտարապետական շինությունների քանդմամբ, Մարգարյանն ընդամենը պատասխանել էր. «Հանրապետականի թիմը պարոն Արեյանին առաջադրում է քաղաքապետի առաջին տեղակալ»:
Ուշադրություն դարձրեք` Տարոն Մարգարյանն ավագանու նիստի ժամանակ ո՛չ փորձել է պաշտպանել իր տեղակալին, ո՛չ փաստարկներ բերել նրա թեկնածության օգտին, ո՛չ որեւէ արժանիք մատնանշել, այլ միայն ասել է, թե դա ՀՀԿ թիմի որոշումն է: Այսինքն՝ Արեյանն է լինելու փոխքաղաքապետ, քանի որ այդպես է որոշել կուսակցությունը:
Ի դեպ, այս գործելաոճը եւ, ընդհանրապես, Սերժ Սարգսյանի կառավարման ոճը հիշեցնում է խորհրդային «հին ու բարի» ժամանակները, երբ բոլոր որոշումները կայացնում էին կուսակցության ղեկավար մարմնում` պոլիտբյուրոյում, եւ պետական կառույցներն ընդամենը այդ որոշումները կատարող մարմիններն էին: Հիմա նույն գործելաոճը Հայաստանում է. բոլոր որոշումները կայացվում են ՀՀԿ ԳՄ նիստերի ժամանակ եւ ուղարկվում պետական կառույցներ` ի կատար ածելու:
Միայն թե հետաքրքիր է՝ ե՞րբ է Տարոն Մարգարյանը յուրացրել այս ամենը: Ի վերջո, նա տարիքով մեծ չէ. ԽՍՀՄ-ը փլուզվեց, երբ Մարգարյանը 12-13 տարեկան էր: Եւ հետո նա սերում է այլախոհի ընտանիքից. հայրը` երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը, տեւական ժամանակ պայքար է մղել խորհրդային կարգերի դեմ ու դրա համար անգամ հանիրավի բանտարկվել: Եւ ենթադրվում է` խորհրդային անցյալը հիշեցնող արատավոր երեւույթները Տարոն Մարգարյանի համար պետք է խորթ լինեին:
Բայց այդպես չէ: Փորձը ցույց է տալիս, որ պաշտոնը շատ ավելի կարեւոր է, քան սկզբունքները, ինչ-որ արժեքները: Ի վերջո, Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում, որովհետեւ ՀՀԿ-ական է, որովհետեւ այդպես է որոշել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ի դեպ, այս համատեքստում մի փաստ էլ. ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը երեկ, խոսելով 2018թ. նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի մասին, ասել է. «Երկրի ղեկավարությունը, կապված ապագայի հետ, կմնա Սերժ Սարգսյանը»: Այլ կերպ ասած՝ նա ակնարկել է, որ եթե անգամ Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, միեւնույն է, որպես կուսակցության նախագահ ինքն է ՀՀԿ միջոցով շարունակելու ղեկավարել երկիրը: Ճիշտ այնպես, ինչպես Բրեժնեւն էր, որպես պոլիտբյուրոյի ղեկավար, կառավարում ԽՍՀՄ-ը:




Լրահոս