ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻԱՅՆ ՁԳՏՈՒՄ Է ՓՈԽԵԼ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են իրենց տարածաշրջանային այցերը: Երեկ նրանք ժամանել են Բաքու եւ հանդիպել Ադրբեջանի ղեկավարության հետ: Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը` Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովը հայտնել է՝ դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի:

Հասանովն ասել է նաեւ, որ այցն ուղղված է կողմերի դիրքորոշումների ճշգրտմանը: «Մենք կարծում ենք, որ ցանկացած ձեւաչափով անցկացված հանդիպումը նպաստում է ընդհանուր մոտեցումների որոնմանը: Դրանք վաղ թե ուշ կգտնվեն, հակառակ պարագայում պատերազմ կլինի»,- սպառնացել է նա:
Ուշագրավն այն է, որ համանախագահների այցի ֆոնին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում լարվածությունն աճել է: Համանախագահների այցի եւ սահմանային լարվածության շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովի հետ:
-Պարո՛ն Դուբնով, տարածաշրջան կատարած այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղան նաեւ Ադրբեջանում, օրեր առաջ էլ Հայաստանում եւ Ղարաբաղում: Ի՞նչ կարող են տալ նման այցերը Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման համատեքստում:
-Այժմ այդ հանիպումներն ունեն գործնական բնույթ: Դրանք կոչված են չեզոքացնելու եւ նվազեցնելու բախման ռիսկերը: Խոսքը հենց այնպիսի բախումների մասին է, որոնք հենց տեղի ունեցան համանախագահների այցերի ընթացքում: Խնդիրն էլ հենց այն է, որ նման այցերի ընթացքում սահմանային իրավիճակը լարվում է: Չնայած ես չեմ կարծում, որ դրանք միտումնավոր են արվում, սակայն երկու կողմերն էլ սովորել են այն միֆին, որ այդպես էլ պետք է լինի եւ համանախագահների ընթացքում լարվածությունն աճում է:
-Բայց այսպիսի հանդիպումները ձեւակա՞ն բնույթ են կրում, թե՞ ամեն դեպքում կարող ենք դրական տեղաշարժեր սպասել:
-Ես չեմ կարծում, որ դրանք սիստեմային բնույթ են կրում: Իմ կարծիքով, դրանք ստրատեգիական հանդիպումներ են, որոնք անխուսափելի են: Երկու կողմերն էլ դեմ չեն եւ չեն խոչընդոտում, որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան: Հետաքրքիր է, որ այժմ ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմերը սովորել են սահմանային լարումներին եւ սպասում են դրանց: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է լոկալ զարգացումների, եւ հենց այդ պատճառով էլ դեռ երկար ժամանակ մենք ականատես կլինենք, թե ինչպես լոկալ լարումները կշարունակվեն, իսկ Մինսկի խումբն էլ կշարունակի միջոցներ եւ տարբերակներ փնտրել երկկողմանի զիջման, որպեսզի երկու կողմերի շահերն էլ համընկնեն: Սակայն չեմ կարծում, թե մոտ ապագայում դա հնարավոր է:
-Իսկ ինչո՞ւ հնարավոր չէ, եւ առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել:
-Որովհետեւ կողմերի մոտ տակտիկական անհամաձայնություններ կան: Որովհետեւ, օրինակ, մոնիթորինգի մասին երեւանյան մոտեցումը հնարավոր չէ, քանի որ ընդհանրապես չի համապատասխանում Բաքվի տեսակետին. վերջինս չի կարող ընդունել այն հասկանալի պատճառներով: Այժմ Ադրբեջանը աշխատում եւ ձգտում է միան ստատուս-քվոն փոխելու ուղղությամբ եւ չի թաքցնում դա, իսկ Հայաստանն էլ այն պահպանելու կողմնակիցն է եւ նույնպես չի թաքցնում դա: Սա դժվար հարց է, եւ ես այժմ չեմ նախանձում համանախագահներին, որոնց համար հիմա դժվար է գտնել որեւէ փոխզիջումային տարբերակ:
-Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո Իլհամ Ալիեւի խորհրդական Ալի Հասանովը հայտարարել է, որ ընդհանուր մոտեցումներ չգտնելու դեպքում պատերազմ կլինի: Այս խոսքով ասած՝ նրանք սպառնում են պատերազմով: Սա կարծես թե Ադրբեջանի կողմից նո՞ր մարտավարություն է:
-Միգուցե Մինսկի խմբի հետ հանդիպման ժամանակ ուղիղ այս մասին չի ասվել, բայց այլ հանդիպումների ժամանակ նման հայտարարություններ եղել են: Դա նոր չէ եւ, այո, դա ինչ-որ տեղ մարտավարություն է, քանի որ Ադրբեջանը պետք է աշխատի ստատուս-քվոյի դեմ, իսկ միակ տարբերակը պատերազմով սպառնալն է: Սա ստատուս-քվոյի փոփոխման ծայրահեղ տարբերակն է: Ես նշեմ, որ ապրիլյան իրադարձությունները պատերազմ չէի անվանի: Դա կոնֆլիկտի ավելի մեծ սրացում էր: Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց նման սրացումներ միանգամայն հնարավոր են:
-Վերջին իրադարձությունների հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 2 վիրավոր: Ի վերջո, որքա՞ն այս հակամարտությունը կարող է անլուծելի մնալ:
-Նման կոնֆլիկտների պարագայում մահերը, ցավոք սրտի, անխուսափելի են: Հակամարտությունը կարող է դեռ երկար այսպես մնալ, քանի որ լուծման համար նախադրյալներ չկան: Իսկ նման պարագայում պետք է պատրաստ լինել նրան, որ այսպիսի իրադարձությունները դեռ երկար կարող են շարունակվել:

 

 

 

«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ»-Ն ՉԴԻՄԱՑԱՎ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՓՈՐՁՈՒԹՅԱՆԸ

Նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը սկսել է մասնատվել: Հուլիսի 18-ին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները նիստ են անցկացրել եւ որոշում կայացրել խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին անվստահություն հայտնելու եւ նրանց Երեւանի ավագանու մշտական հանձնաժողովներից ետ կանչելու մասին: Կուսակցության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ անվստահության հիմք է ընդունվել նրանց կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին եւ սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաեւ երեւանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը:

Մեղադրանքների արժանացած անդամների պատասխանը չուշացավ: Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիեւը հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, թե պրոֆեսիոնալիզմը եւ հարգալից վերաբերմունքը գնահատվել է որպես կուսակցության գծից շեղում: «Ինչ-ինչ պատճառներով այն հանգամանքը, որ մենք կողմնակից ենք կուսակցության Երեւանի ծրագիրը իրագործել սառը դատողությամբ եւ ոչ թե էմոցիոնալ երանգներ հաղորդելով գործընթացներին, ինչպես նաեւ բոլոր գործողությունները կատարել օրենքի շրջանակներում եւ անկախ ամեն ինչից պահպանել պրոֆեսիոնալիզմ եւ հարգալից վերաբերմունք, կուսակցության կողմից գնահատվել է, որպես կուսակցության գծից շեղում, պարտականությունների չկատարում եւ թիմային աշխատանքի խաթարում», – նշված է հաղորդագրությունում։
Հասկանալու համար, թե, ի վերջո, ինչն է խմբակցության անդամների միջեւ նման հարաբերությունների հիմք հանդիսացել, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հայկ Պետրոսյանին: Վերջինս նշեց, թե պաշտոնական հաղորդագրությունից զատ ինքը հակված չէ այլ պարզաբանումներ տալ՝ խոստանալով այդ մասին խոսել օրեր անց կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն մեր ճշտող հարցին՝ արդյոք փոշմանել եք «Երկիր Ծիրանի»-ին միանալու համար եւ այսուհետ կսատարե՞ք ՀՀԿ-ին, նա բացասական պատասխան տվեց. «Ո՛չ, այդպես չի ստացվում: Մեր կողմից ծրագրած անելիքների վերաբերյալ մենք ելույթ կունենանք մամլո ասուլիսին»,- նշեց նա:
Թերեւս անհասկանալի է մնում, թե «Երկիր Ծիրանի» կուսակցությունն անվստահություն հայտնելով իր թիմակիցներին՝ ինչ է նկատի ունեցել՝ ասելով, որ նրանք դավաճանել են կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին եւ սկզբունքներին: Նրանք այլ մեկնաբանություն չեն տալիս:
Նշենք, որ այս որոշումը կայացվել է Երեւանի ավագանու արտահերթ նիստից հետո, որին այս անգամ կուսակցությունը մասնակցում էր: Հետաքրքիր է, որ Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիեւը բոլոր նախագծերին քվեարկել են այնպես, ինչպես մյուսները: Ստացվում է՝ պատճառը սա չի եղել: Սակայն հետեւելով նիստի ընթացքին եւ այս երկու անդամների հայտարարություններին՝ կարող ենք այլ եզրակացություններ անել: Բանն այն է, որ նիստի ընթացքում հինգ անդամից բաղկացած խմբակցության երեք տիկնայք անընդհատ աղմկում, հարցեր էին տալիս, ելույթներ ունենում՝ նույնիսկ առանց բարձրախոսների: Սակայն տղամարդիկ այդ ընթացքում լուռ են եղել: Միգուցե կուսակցության գաղափարախոսությունից շեղվելը «լաչառություն» չանե՞լն է:
Ամեն դեպքում ստացվում է, որ նորաստեղծ կուսակցությունը, որն իր պայքարը սկսեց հենց Երեւանի ավագանու ընտրություններից, չդիմացավ առաջին իսկ փորձությանը:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 
«ԳԱԶ 31»-ՈՎ ՀԱՐՈՒՍՏԸ
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի նորընտիր պատգամավոր Արթուր Մանուկյանի` ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու հայտարարագիրը բավական ուշագրավ է: Նա ունի մեկ բնակարան, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկ ավտոտնակ: Բացի այս, նա ունի երեք հատ ավտոմքենա` «Bentley Continent AL 6.0», «BMW X5 4.6 IS» եւ «Gaz 311000»: Արթուր Մանուկյանը հայտարարագրել է, որ մեկ ընկերությունում ունի 800 հազար դրամի չափով բաժնեմաս:
Իսկ պատգամավորի դրամական միջոցները կազմում են 225 մլն դրամ, 620 հազար դոլար եւ 180 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է երկու վայրից ստացած իր աշխատավարձը` տարեկան 2 մլն 310 հազար դրամ: Նշենք, որ Արթուր Մանուկյանը բազմաթիվ անգամ հայտնվել է սկանդալային պատմությունների մեջ թմրանյութեր, ապօրինի զենք, զինամթերք եւ այլ մեղադրանքների շրջանակներում:

 

 

ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի բնակիչներ Արտեմ եւ Լուսինե Ավագյաններն օրերս դատական հայց են ներկայացրել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դեմ: Նրանք պահանջում են, որ դատարանը ՌԴ ՊՆ դաշնային զորամասից գումար բռնագանձի` 900 հազար դրամի չափով: Ամենայն հավանականությամբ Արտեմ եւ Լուսինե Ավագյանները աշխատել են Շիրակի մարզում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայում, սակայն ինչ-ինչ հանգամանքներում իրենց կատարած աշխատանքի դիմաց չեն վարձատրվել եւ հիմա դատարանի միջոցով են փորձում ստանալ իրենց հասանելիք գումարը:

 

 

ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Չնայած գերատեսչություններում սկսված օպտիմալացումներին, վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է ավելացնել իր աշխատակազմի աշխատակիցների քանակը: Երեկ նա Վռամ Գյուլզադյանին իրեն խորհրդական է նշանակել: Չնայած վերջինս հասարակական հիմունքներով է աշխատելու, սակայն փաստ է, որ Կարեն Կարապետյանն այժմ ավելի շատ խորհրդականներ ունի, քան նախագահն ու ԱԺ նախագահը: Հետաքրքիրը նաեւ խորհրդական նշանակվածի անձն է. Վռամ Գյուլզադյանը նախկինում ՕԵԿ-ական է եղել, մի քանի պաշտոններ է հասցրել զբաղեցնել: Գյուլզադյանն անմասն չի մնացել նաեւ սկանդալից: Մամուլում նրա անվան հետ կապված աղմկահարույց բացահայտումներ եղան։
Նախկին ՕԵԿ-ականին գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետի պաշտոնից հեռացրել էր ՕԵԿ-ական նախարար Գերասիմ Ալավերդյանը: Գյուրզադյանը իր պաշտոնանկության մասին լուրերը կապեց ՕԵԿ-ակական գյուղնախարարի մանկամտության եւ Արթուր Բաղդասարյանի` հոգեկան խնդիրներ ունենալու եւ ինչ-որ պատգամավորի աղջկա բիզնեսին «խփելու» հետ: Բայց այդպես էլ չմանրամասնեց՝ ինչն ինչպես:




Լրահոս