ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայել Հայոց բանակում և ի՞նչ հիմքերով. factor.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես անցած ապրիլյան պատերազմից հետո առավել հաճախ սկսեց քննարկվել այն հարցը, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայում առաջնագծում։ Այս հարցադրմանն ի պատասխան՝ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անգամ արդարացավ՝ նշելով, որ ապահովված ընտանիքների զավակներն ավելի մեծ հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ստանալու և դրա շնորհիվ առաջնագծում ծառայելուց խուսափելու։

Factor.am-ը դեռևս մեկ ամիս առաջ գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ներկայացնելով ՀՀ ներկա և նախկին բաձրաստիճան 48 պաշտոնյաների զավակների ցուցակը և խնդրելով տեղեկացնել, թե նրանցից ով և որտեղ է պարտադիր զինվորական ծառայություն անցել։

 

Պաշտպանության նախարարությունը հունիսի 28–ին պատասխանել է մեր գրավոր հարցմանը: Պատասխանում ներկայացված են մեր կողմից հարցված բոլոր պաշտոնյաների զավակների վերաբերյալ տեղեկություններ։ Սկսենք այն պաշտոնյաներից, որոնց զավակները չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն։ Նրանք են․ ԱԺ պատգամավոր, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի որդին՝ Վահե Կարապետյանը։

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի որդին՝ Վիլիկ Կարապետյանը։

Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկի՝ տարբեր նախարարական պորտֆելներ կրած, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին՝ նախկին դատավոր Արտակ Զախարյանը։

ՀՀ ամենահարուստ պաշտոնյաներից մեկի՝ ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները։

Գյումրիի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ, այժմ «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր դարձած Վարդան Ղուկասյանի որդին՝ մշտապես սկանդալային պատմություններում հայտնվող Սպարտակ Ղուկասյանը։

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած պաշտոնյաների որդիների թվում են նաև ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Աժ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը։

«ՄԱՊ» ՓԲԸ սեփականատեր, նախորդ գումարման խորհրդարանի հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը։

Հայրենիքին իրենց պարտքը չեն մատուցել նաև Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ ներկայիս պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի որդին՝ Վարդան Ցոլակյանը,

Կոտայքի մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա՝ Կարապետ Գուլոյանը,

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի որդին՝ Էդուարդ Առաքելյանը,

նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը։

Ուշագրավ է, որ պարտադիր զինվորական ծառայություն չի անցել անգամ Արցախյան պատերազմի մասնակից, ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Սեյրան Սարոյանի որդին՝ Զարզանդ Սարոյանը։

Վերջում նշենք, որ պարտադիր զինվորական ծառայություն չի անցել նաև Հայաստանի վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը։

Թե ինչ հիմքով են նշված անձինք ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ Պաշտպանության նախարարությունից չեն պատասխանել՝ նշելով, որ դա անձնական տվյալ է։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս