ՊՈՒՏԻՆԻ «ՈՒՂԻՂ ԿԱՊՆ» ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՁԱԽՈՂՎԱԾ ՓՈՐՁԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ «Ուղիղ կապով» պատասխանում էր ՌԴ քաղաքացիների հարցերին: Այդ պրակտիկան Պուտինը դարձրել է ավանդական եւ ամենամյա ռեժիմով հանդես է գալիս նման նախաձեռնությամբ: Նա անդրադարձել է երկրի արտաքին ու ներքին քաղաքականության բազմաթիվ հիմնահարցերի, որոնց շարքում հիշատակելի են ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ու Ուկրաինայի հարցը: Նկատենք, որ ի տարբերություն Պուտինի, Սերժ Սարգսյանը Հայաստանում հանդես չի գալիս նման նախաձեռնություններով՝ պարփակվելով «սիրելի ու վստահելի» լրագրողների հակիրճ հարցազրույցներում:

Այսպես՝ ՌԴ նախագահը նախ անդրադարձել է ԱՄՆ-ՌԴ հարաբերություններին՝ բացասաբար գնահատելով ԱՄՆ-ում ռուսաֆոբիայի դրսեւորումները: Նա պնդել է, որ դա չափազանց վատ երեւույթ է, եւ իր մտահոգությունն արտահայտել Ռուսաստանը որպես թշնամի ընկալելու ամերիկյան մոտեցման կապակցությամբ: Նա հավելել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին ընկալում է որպես գործընկեր եւ համատեղ աշխատանքներով է հնարավոր միայն լուծել համաշխարհային կարեւորություն ունեցող խնդիրները: Նա բոլոր չարիքների, այդ թվում ահաբեկչության ու ծայրահեղականության արմատները տեսնում է աղքատության մեջ, ուստի եւ կարծում է, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է առավելագույն ջանքեր ներդնեն համաշխարհային այդ խնդիրը լուծելու ուղղությամբ: Պուտինը նաեւ շեշտել է, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն են աշխարհում ամենահզոր միջուկային տերությունները, որոնք չպետք է իրենց հարաբերությունները կառուցեն հակադրությունների վրա: Հիշատակելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խնդիրը՝ ՌԴ նախագահը իր զարմանքն է արտահայտել այն կապակցությամբ, որ ԱՄՆ Սենատում փորձում են նոր սանկցիաներ սահմանել: Ըստ նրա, որեւէ նոր ու արտակարգ բան չի պատահել, ինչու են ամերիկացիները խառնվել իրար ու ձգտում նոր գործողությունների: Պուտինի կարծիքով, այդ ամենը տեղի է ունենում բացառապես Ռուսաստանը ծնկի բերելու քաղաքականության շրջանակներում: ՌԴ նախագահը վստահ է, որ եթե չլինեին Ղրիմի հարցն ու Ուկրաինայի արեւելքում ծավալվող գործողությունները, ՌԴ-ի թշնամիները հաստատապես մի նոր պատրվակ կգտնեին՝ նույնատիպ քաղաքականությունը շարունակելու համար: Նա ընդգծել է, որ ՌԴ-ն արդեն սովոր է հարվածներ ստանալ ինքնուրույն գործելու եւ սեփական ոտքերի վրա կանգնել փորձելու համար: Ավելին՝ ՌԴ նախագահը դրական է գնահատել իր երկրի դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցությունը, ինչը հնարավորություն է տվել ռուսներին ապավինել սեփական ուժերին, «տաղանդին ու խելքին»: Ըստ նրա՝ Ռուսաստանը դրանց արդյունքում է սկսել զարգացնել սեփական արտադրությունը՝ մասնավորապես առաջընթաց արձանագրելով խոզաբուծության ու թռչնաբուծության բնագավառներում եւ այժմ էլ կանգնել նոր շուկաներ որոնելու խնդրի առաջ:
ՌԴ նախագահը խոսել է նաեւ Ուկրաինայի հետ հարաբերությունների մասին՝ արձագանքելով վերջինիս նախագահ Պետրո Պորոշենկոյի վերջերս արած աղմկահարույց հայտարարություններից մեկին: Հիշեցնենք, որ Պորոշենկոն ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման կապակցությամբ հայտարել էր, որ Ուկրաինան գնում է դեպի Եվրոպա՝ ետեւում թողնելով Ռուսաստանը: Ուկրաինայի նախագահը մեջբերել էր ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի հայտնի բանաստեղծության խոսքերը. «Հաջողություն, անլվա Ռուսաստան»: Պուտինը նախ ծաղրաբար գովաբանել է ուկրաինացի պաշտոնակցին՝ ռուսական դասական գրականությանը ծանոթ լինելու համար, այնուհետեւ հավելել է, որ Պորոշենկոն պիտի հիշեր նաեւ նույն բանաստեղծության հաջորդ տողերը, որտեղ հեղինակը ձգտում էր խուսափել ռուսական ցարերի՝ ամեն ինչ տեսնող աչքերից եւ ամեն ինչ լսող ականջներից: Նա խորհուրդ է տվել Պորոշենկոյին շատ չհանգստանալ, քանզի ամեն ժամ կարող է ինչ-որ բան պատահել: Արտահայտելով իր ցանկությունը՝ չմիջամտել Ուկրաինայի քաղաքականությանը, Պուտինը ակնհայտորեն նման ձեւակերպումներով դիմում է մե՛րթ շանտաժի, մե՛րթ սադրանքի տակտիկային: Ավարտելով Ուկրաինայի թեման՝ Պուտինը հիշեցրել է ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շեւչենկոյի հայտնի տողերը, որոնց համաձայն՝ Ուկրաինան անդունդի եզրին է, եւ դրանում մեղավոր են իր իսկ զավակները:
Հաշվի առնելով հանգամանքը, որը Հայաստանի պետական-կառավարման էլիտան ամեն հարցում փորձում է կապկել Ռուսաստանին, պարզապես զարմանալի է, որ Սերժ Սարգսյանն էլ նման մի «ուղիղ կապ» չի ստեղծում իր համերկրացիների հետ: Նրա հարցազրույցներն ու շփումները մամուլի ասուլիսների տեսքով այնքան քիչ են, որ անխուսափելիորեն կհայտնվեին քաղաքականության «կարմիր գրքում», եթե նման բան գոյություն ունենար: Սերժ Սարգսյանը միայն 2008թ մարտի 1-ից հետո է պատասխանել համացանցի միջոցով իրեն ուղղված հարցերին՝ այն էլ օգտվելով առիթից, որ իշխանության կարծիքին հակառակ ցանկացած խոսք ու ԶԼՄ պարզապես բռնությամբ լռեցված էր: Բայց նրա այդ հարցուպատասխանի ժամանակ հնչած հարցերը բավական էին, որ հետագա պաշտոնավարման ընթացքում խուսափի նման միջոցառումից: Հիշեցնենք, որ այդ հարցուպատասխանի ժամանակ Սերժ Սարգսյանը պատմել էր, որ կազինո չէր խաղում, ինչպես նաեւ հրաժարվել էր երկխոսել իրեն «մոնղոլ-թաթար եւ բանդիտ» անվանած ընդդիմության հետ: Իսկ նրա այդ հարցազրույցը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնն ԱՄՆ Պետդեպին գրած խորհրդապահական զեկուցագրում որակել էր «գորշ ու չստացված»:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՀՀԿ-ԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑԻՆ
ՀՀ 5 մարզերի 9 համայնքներում հունիսի 18-ին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով հիմնականում հաղթել են ՀՀԿ-ական գործող համայնքապետերը: Նշենք, որ ընտրություններին մասնակցել են նաեւ ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական թեկնածուներ:
Օրինակ` ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր գյուղում վերընտրվել է առաջադրված միակ թեկնածուն` գործող ՀՀԿ-ական գյուղապետը: Վերջինիս ընտրել է Մեծաձորի 19 բնակիչ: Նույն մարզի Սաղմոսավանում գյուղապետ է ընտրվել առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուն` հավաքելով 69 ձայն: Նրա հետ պայքարի դուրս եկած երկու թեկնածուներից դաշնակցականը հավաքել է 44 ձայն: ՀՀ Արարատի մարզի Սուրենավանում վերընտրվել է ՀՀԿ-ական գործող գյուղապետը` հավաքելով 796 ձայն: Իսկ մյուս ԲՀԿ-ական թեկնածուն պարտվել է` հավաքելով 469 ձայն: Շիրակի մարզի Բայանդուր գյուղում նույնպես վերընտրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետը: Նա մրցակից չի ունեցել, եւ միակ առաջադրված թեկնածուն է եղել: Իսկ ահա Հովիտ գյուղում պայքարն ընթացել է երկու ՀՀԿ-ականների միջեւ: Նշենք, որ առաջադրված թեկնածուներն են եղել ՀՀԿ-ական Արարատ Սահակյանը, ով հողագործ է եղել եւ հավաքել է 114 ձայն, իսկ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Ավետիք Մեսրոպյանը հավաքել է 151 ձայն:
Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում նույնպես վերընտրվել է գործող գյուղապետը, ով հավաքել է 603 ձայն: Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում առաջադրված կին անկուսակցական թեկնածուն հավաքել է 218 ձայն, սակայն գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մուրադյանը վերընտրվել է` հավաքելով 1792 ձայն:
Նույն պատկերն է նաեւ Նոր Հաճնում, որտեղ վերընտրվել է գործող քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը: Ի դեպ, Նոր Հաճնում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էին չորս թեկնածու, սակայն ընտրապայքարին մասնակցել են նախկին եւ ներկա քաղաքապետերը: Արդյունքում գործող քաղաքապետ Գագիկ Մաթեուսյանը հավաքել է 3073, իսկ նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը, ով հայտնի է Ուզբո մականունով` 1319 ձայն: Ըստ որոշ տեղեկությունների` Նոր Հաճնը գտնվում է Գագիկ Ծառուկյանի ենթակայության տակ, որի պատվավոր քաղաքացին է ինքը: Տեղեկացնենք, որ վերընտրված քաղաքապետ Գ. Մաթեուսյանը նախկինում եւս մասնակցել է ընտրություններին ԲՀԿ-ի կողմից: Բայց Գագիկ Ծառուկյանի` մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո, նա անցել էր ՀՀԿ-ի կողմը: Այժմ նորից փոփոխություն է եղել:
Իսկ մյուս թեկնածուն` նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը, այս տարվա խորհրդարանական ընտրություններին աշխատել է ՀՀԿ-ի օգտին, ինչի համար էլ իշխանությունները նրան առաջադրեցին Նոր Հաճնի քաղաքապետի պաշտոնում եւ փորձեցին անցկացնել ընտրություններում: Սակայն դա նրանց չհաջողվեց: Ի դեպ, Արմեն Քեշիշյանը դեռեւս 2005 թվականին մարդ սպանելու համար մեղադրվել էր եւ դատապարտվել 3 տարի ազատազրկման:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՇԱԲԱԹԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՆ ՋՈՒՐ ՍՏԱՆՈՒՄ

Բարեկամավանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահեռավոր, սահմանամերձ գյուղն է: Այն Նոյեմբերյան քաղաքից գտնվում է 33 կմ հեռավորության վրա: Բարեկամավանը սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի Քյամառլու, Ղայմախլու, Ալբայրամլու գյուղերին:

Հնամենի շենը գտնվում է սահմանի եզրին, այդ պատճառով բարեկամավանցիների սեփականաշնորհած հողերի զգալի մասը չի մշակվում, գյուղի արոտավայրերը գտնվում են ադրբեջանական զինուժի նշանառության տակ: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում նշված է, որ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ Բարեկամավանն ունի 484 բնակիչ, սակայն ներկայումս սահմանամերձ գյուղում փաստացի 180 մարդ է ապրում: Հայաստանի անկախանալուց հետո Բարեկամավանից մեծ արտագաղթ է եղել: 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 350 աշակերտ, այժմ 350 աշակերտական տեղով Բարեկամավանի միջնակարգ դպրոցի շենքում սովորում է 21 երեխա:
2016-2017 ուսումնական տարում գյուղի միջնակարգ դպրոցում առաջին դասարան չի եղել, նոր ուսումնական տարում եւս առաջին դասարան չի լինելու: Բարեկամավանից մեծ է արտագաղթը, որի պատճառը ոչ միայն ադրբեջանական գնդակոծություններն են, այլ նաեւ կյանքի անտանելի պայմանները: Բարեկամավանի բնակիչները «Ժողովուրդ»-ին բողոքեցին, որ իրենք խմելու ջուր չեն ստանում, չնայած անցյալ տարի ԻՖԱԴ-ի ծրագրով Բարեկամավանում գործարկվել է խորքային հորերից սնուցվող խմելու ջրագիծ: Բարեկամավանի բնակիչներից մեկն ասաց, որ ինքը Երեւանից եկել է Բարեկամավան, որպեսզի իր ծեր մորը խնամի, սակայն գյուղում անգամ ջուր չկա: Բարեկամավանը 2016թ. սեպտեմբերի 18-ից, խոշորացվելուց հետո, Նոյեմբերյան համայնքի մաս է կազմում: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ խմելու ջրի խնդիրն առաջացել է այն պատճառով, որ ջրի հաշվիչներ տեղադրված չեն, գյուղացիները շաբաթը մեկ անգամ պոմպերի միջոցով առավոտից իրիկուն մատակարարված ջուրն օգտագործում են ոչ միայն խմելու, այլ նաեւ տնամերձ հողամասերը ոռոգելու նպատակով, ջուրը չի հերիքում: Բարեկամավանի շրջակայքում ջրի աղբյուրներ չկան, գյուղից վերեւ մի աղբյուր կա, որը միացված է գործող ջրագծին:
Բարեկամավանցիները մտահոգություն էին հայտնել, որ Բարեկամավանի տարածքում գտնվող աղբյուրներից մեկի մոտ խորքային հոր է փորվելու, որը կարող է հանգեցնել այդ աղբյուրի ցամաքելուն: Ջ. Միքայելյանի խոսքերով՝ խորհրդային տարիներին այդ աղբյուրի ջուրը մատակարարվել է գյուղի հասարակական բաղնիքին ու բավականացրել է, նման մտահոգության պատճառ չկա, այդ աղբյուրի կողքին հոր են փորելու, սակայն աղբյուրը չի ցամաքի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս