Դերասան Արա Կարագյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է իր խաղացած կերպարների, ինչպես նաեւ թատրոնի եւ կինոյի որակային տարբերությունների մասին:
-Պարո՛ն Կարագյան, հեռուստադիտողը Ձեզ ճանաչեց մի քանի հեռուստասերիալներից «Հրեշտակների դպրոց», «Քաղաքում», «Որոգայթ», ինչպես նաեւ «Դոմինո» սիթքոմից: Հատկապես ո՞ր կերպարի անունն է Ձեզ հետ ասոցացվել. Ձեզ ավելի շատ Միրո՞, թե՞ Զորիկ, Զավեն Գրիգորի՞չ, թե՞ Ալիկ են դիմում:
-Բոլոր կերպարներն էլ սիրվել եւ ճանաչվել են հեռուստադիտողի կողմից, բայց ամենաշատը Միրոյի կերպարով են ինձ ճանաչում:
-Սերիալային դաշտը մեզանում ընդլայնվում է, բայց որակի մասով վերելք չունենք:Ի՞նչ եք կարծում՝ այս տեմպերով մինչեւ ո՞ւր ենք հասնելու:
-Իմ խորին համոզմամբ պետք է կամաց-կամաց անհետաքրքիր սերիալները դուրս մղվեն հեռուստատեսությունից: Փա՛ռք Աստծո, հիմա ստեղծվում են տասներկու-տասնհինգ սերիալանոց ֆիլմեր, որոնք ավելի պինդ են եւ ավելի հավաքված: Ես միշտ զարմացել եմ, թե ինչպես է «Սանտա Բարբառա»-ն այդքան երկար մնացել մարդկանց հիշողության մեջ: Հետո շփվելով ամերիկացիների հետ՝ հասկացա, որ նրանք ուղղակի ապրում են այդ նույն կյանքով:
-Ձեր մասնագիտական ուղուց կարո՞ղ եք նշել մի շրջան, որն առավել հոգեհարազատ է Ձեզ, ու դա հատկապես ի՞նչ գործով է պայմանավորված:
-Իմ գործունեությունը կապված է միայն թատրոնի հետ: Ի սկզբանե ես ընտրել եմ դերասանի մասնագիտությունը: Ես խելագարի պես սիրել եւ շարունակում եմ սիրել իմ գործը: Կյանքում չի եղել մի դեպք, որ ես դերից հրաժարվեմ կամ չգնամ: Իմ կարծիքով՝ սերիալը կամ ֆիլմը իրենց տեղն ունեն, բայց առաջնայինը, միեւնույնն է, թատրոնն է: Անմիջական հանդիսատեսի հետ հանդիպումը, խաղը, ծափահարությունը, որից հետո դու հասկանում ես՝ ճի՞շտ ես խաղացել, թե՞…:
-Կա՞ որեւէ պիես, որի վրա աշխատում եք այս պահին:
-Այս պահին աշխատում ենք Սունդուկայնի անվան թատրոնում Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը պիեսի վրա, որը լինելու է բավականին հետաքրքիր երաժշտական ներկայացում: Վերջերս էլ հանդիսատեսի դատին ներկայացրեցինք «Պեպո»-ն: Անկեղծ ասած, մի ժամանակաշրջան կար, որ հանդիսատեսը լրիվ հետ էր կանգնել թատրոնից, սակայն կարծում եմ՝ կամաց-կամաց հանդիսատեսը հետ է գալիս: Սերիալով երբեք չես խաբի թատրոնին:
-Ձեր կարծիքով՝ այսօրվա մեր կինոաշխարհը երբեւէ կկարողանա՞ հատել պրոֆեսիոնալ այն գիծը, որին հասել են աշխարհի շատ երկրներ:
-Հնարավորություններ բոլոր երկրներում էլ կան, բայց հասնելու համար այդ պրոֆեսիոնալ գծին նախ պետք է մի քանի կարեւոր գործոններ. դա ֆինանսավորումն է, տեխնիկան է, շուկա մուտք գործելն է: Մենք չունենք գումարներ, որպեսզի դնենք այդ ամեն ինչի մեջ, չունենք տեխնիկա, որով նկարահանում են Հոլիվուդում կամ Եվրոպայում: Մենք այսօր ունենք շատ հետաքրքիր կոմեդիաներ, գեղարվեստական ֆիլմեր, ամեն դեպքում ինչ-որ քայլեր անում ենք դեպի պրոֆեսիոնալ կինո, բայց հասնել հոլիվուդյան ֆիլմերի մակարդակին, դեռ ժամանակ շատ կա:
-Պարո՛ն Կարագյան, գիտենք, որ վարում եք հարսանյաց հանդեսներ եւ այլ միջոցառումներ: Ի՞նչ է պետք՝ «լավ» թամադա լինելու համար:
-«Լավ» թամադա լինելու համար անհրաժեշտ է ճկուն միտք, լավ բառապաշար, ինչպես նաեւ ժողովրդի հետ լեզու գտնելու եւ շուտ կողմնորոշվելու հատկություն:
-Իրականում ինչպիսի՞ն պետք է լինի դերասանը. խնդրում եմ՝ երեք առաջնային կարեւոր հատկանիշ նշեք:
-Առաջինը՝ պետք է դերասանը լինի տաղանդավոր, երկրորդը՝ աշխատասեր եւ երրորդը՝ նվիրված իր գործին, եթե այդ երեք գործոնը կա, ապա դերասանի մոտ ամեն ինչ կստացվի:
-Եվ վերջում խնդրում եմ պատասխանել մի քանի բլից հարցերի: Եթե ոչ դերասան, ապա՞…
-Բժիշկ:
-Ինչո՞ւ:
-Միշտ սիրել եմ այդ մասնագիտությունը:
-Ի՞նչ եք գնել Ձեր առաջին աշխատավարձով:
-Մայրիկիս համար գնել եմ ծաղիկներ: Հայրիկս շատ էր սիրում գարեջուր, իրեն համար գնել եմ գարեջուր, իսկ քույրիկիս չեմ հիշում…:
-Ձեր ամենաստացված դերը:
-«Այրվող տախտակամած» պիեսում խաղում էի Հարրիի կերպարը, որը շատ հոգեհարազատ էր ինձ: Եվ այդ ներկայացման ժամանակ ծանոթացա իմ ապագա կնոջ հետ:
-Ձեր նախասիրությունները:
-Շատ եմ սիրում տարբեր ժանրերի ֆիլմեր նայել: Սիրում եմ կարդալ, կլասիկ երաժշտություն լսել եւ լավ ընկերություն անել:
-Ձեր կյանքի գույնը:
-Կանաչ: Ամենասիրուն կանաչը նոր դուրս եկած խոտն է, որը դուրս է գալիս ապրիլի կեսերին:
-Ձեր բնավորության դրական եւ բացասական կողմերը:
-Բացասական կողմերից այն է, որ մտածում եմ, որ բոլորն ինձ նման բարի են: Դրականը՝ ես այդպիսին՝ եմ բարի եմ, հումորով, հավեսով եւ նվիրված:
-Ի՞նչն է Ձեզ վախեցնում կյանքում:
-Բժիշկների ասեղներից եմ վախենում (ծիծաղում է)…: Փոքր ժամանակ մթությունից էի վախենում: Շատ վախենում եմ, որ երեխաները հիվանդանում են:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ