Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում. այս օրերին ՀՔԾ հարցաքննության են հրավիրվում քրեական գործեր քննող դատավորները: Նրանց թիվը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մոտ չորս տասնյակ է: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, դատավորները կամ նրանց օգնականները դատավճիռները շատ դեպքերում օրենքով սահմանված կարգով չեն ուղարկել իրավապահ մյուս մարմիններին՝ ի կատար ածելու: Արդյունքում ամբաստանյալները կալանավորվելու փոխարեն մնացել են ազատության մեջ կամ կալանավայրից չեն տեղափոխվել համապատասխան ՔԿՀ, կամ տուգանքի գումարները չեն բռնագանձվել: Այսինքն՝ «հանուն Հայաստանի Հանրապետության» կայացված իրավական ակտերը պարզապես մնացել են օդից կախված, անկատար: Ու հիմա ՀՔԾ-ում փորձում են պարզել՝ այս ամենն անփութությա՞ն հետեւանք է, թե՞ դատավորներն այլ շահագրգռվածություն են ունեցել: Հատկանշական է փաստը, որ այս տարվա ընթացքում երեք դատավոր է ձերբակալվել կաշառք վերցնելու համար, հենց նույն պահին: Ու հավանական է, որ քրեական գործեր քննող դատավորների նկատմամբ ՀՔԾ-ի հետաքրքրվածությունն այս ամենի շարունակությունն է: Չնայած, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իշխանություններն ինքնակամ չեն գնացել այս քայլին, այլ ԵՄ-ի ճնշման ներքո, քանի որ պարտավորվել են պայքարել կոռուպցիայի դեմ ու այդ նպատակով նաեւ լուրջ գումարներ են ակնկալում: Իսկ մինչ այդ մեզ մնում է փաստել, որ ինչպես պետական կառավարման մյուս ոլորտներում, այնպես էլ դատարաններում պարզապես բարձիթողի վիճակ է, եւ այս ամենը դրա հետեւանք է: Հետաքրքիր է՝ իրավիճակը շտկելու համար ի՞նչ են անում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:
Լսողական սարքեր ստացող քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Եւ, ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատճառով ավելի քան հինգ ամիս չեն ստացել իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները: Պատճառն այն է, որ նախարարությունը այդ սարքերը ձեռք բերելու նպատակով մրցույթ էր հայտարարել, որի արդյունքները, սակայն, մրցույթին մասնակցած մյուս ընկերությունները բողոքարկել են: Ու հիմա արդյունքում տուժում են սովորական քաղաքացիները: Երբ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ստացված ահազանգի հետքերով դիմեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, պարզաբանեցին, որ հրատապության կարգով մրցույթ է հայտարարված, ու նախատեսված է ձեռք բերել 78 լսողական սարք: Միայն թե սա հազիվ խնդրին ամբողջական լուծում տա, առավել եւս, երբ նախարար Արտեմ Ասատրյանը պարզապես թերանում է ոլորտի խնդիրները լուծելու հարցում եւ մատնված է անգործության:
Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ ընդլայնված կազմով գագաթնաժողովին, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ անգամ ելույթ է ունեցել: Սակայն այդ ելույթի բովանդակությունը նախագահականի կայքում երեկ այդպես էլ չէր հրապարակվել: Ընդամենը նշված էր, որ Ս.Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած «խորհրդարանական ընտրություններին, արձանագրված առաջընթացին, Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության եւ անվտանգության ապահովման խնդիրներին»: Մինչդեռ հետաքրքիր էր իմանալ, թե եվրոպացիների մոտ ի՞նչ է խոսել Ս. Սարգսյանը հատկապես ԱԺ ընտրությունների մասին, եթե հաշվի առնենք վերջերս ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու քննադատություններն ու դիվանագետին՝ ՀՀԿ-ականների հակադարձումները: Հետաքրքիր է իմանալ՝ եվրոպացիների մոտ ինչպե՞ս է արդարացել Սերժ Սարգսյանը կամ ինչպե՞ս է փորձել փրկել իշխանության դեմքը:
Մինչ կառավարությունն իր ծրագրով խոստանում է «արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների եւ ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի», Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության հաշվեկշռում շարունակվում է բացասական ընթացքը: Մասնավորապես ներկրման ծավալները շարունակում են գերազանցել արտահանման ծավալները: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին արտահանման ծավալները կազմել են 803.9 մլն դոլար, ներկրման ծավալները՝ 1 մլրդ 482.3 մլն դոլար: Ասել է, թե արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 678.4 մլն դոլար է: Եւ այստեղ մեծ հաշվով կապ չունի փաստը, որ արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 23.1 տոկոսով, որից արտահանումը՝ 20.9, ներկրումը՝ 24.4 տոկոս: Միայն փաստը, որ այս տարվա հինգ ամիսների ընթացքում ներմուծման ծավալները գրեթե երկու անգամ գերազանցում են արտահանմանը, անուղղակի ապացույցն է այն բանի, որ իշխանությունները նաեւ այս հարցում չեն կարող խոստացված ցուցանիշներ ապահովել:
Ի՞ՆՉ ԵՆ ԱԿՆԱՐԿՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հանրապետականներն այլեւս չեն թաքցնում, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ իշխանության ղեկին նաեւ 2018թ. ապրիլից հետո, երբ լրանա նախագահական լիազորությունների ժամկետը: Այդ մասին բավական թափանցիկ ակնարկներ եղան կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ: Ճիշտ է, ՀՀԿ-ականներն առայժմ չեն կոնկրետացնում Սերժ Սարգսյանի պլանների մասին, չեն մանրամասնում` արդյո՞ք նա շարունակելու է իշխանավարել որպես վարչապետ (որը նոր Սահմանադրությամբ լինելու է պետության ղեկավարը), թե՞ որպես իշխող կուսակցության նախագահ (ԽՍՀՄ տարիներից հայտնի գենսեկի ոճով): Բայց որ Ս. Սարգսյանը մտադիր է երկարացնել իր անձնական իշխանությունը, փաստ է:
Հետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանի` 2018թ. հետո երկրի դե ֆակտո ղեկավարը լինելու մասին խոսակցությունները «համընկան» կառավարության ծրագրի քննարկումների հետ, երբ ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրել էին, թե արդյո՞ք 2018թ. ինքն է լինելու գործադիրի ղեկավարը, Կարեն Կարապետյանն էլ նշել էր, թե ինքն այդ հարցին բազմիցս պատասխանել է ու կրկնել էր հայտնի խոսքերը. «Ես պատրաստ եմ լինել վարչապետ, այս պատասխանը ձեզ բավարա՞ր է», նաեւ ասել էր. «Այն հանգամանքը, որ մենք կառավարության ծրագիրը ֆիքսել ենք 2017-2022 թվականների համար, ինչ-որ առումով պատասխանում է ձեր հարցին»:
Եւ, ահա, Կարեն Կարապետյանի այս հայտարարություններին հաջորդեցին ՀՀԿ-ականների մեկնաբանությունները: «Անկախ 2018 թվականի վարչապետի անձից՝ գործ պետք է ունենաք քաղաքական իշխանության հետ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, մեր պարագայում գործ պիտի ունենաք ՀՀԿ-ի հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»,- հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Բացի այդ՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն է խոսել իշխանության ապագայի թեմայով. «Այս ծրագիրը մեր կուսակցության եւ մեր առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն է, եւ 2018-ին նա կլինի նույնպես մեր առաջնորդը, դա ամենամեծ պաշտոնն է մեծամասնության համար»:
Ուշադրություն դարձրեք` երկու օր է՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները փորձում են «սթափեցնել» իրենց նորելուկ թիմակցին` հասկացնելով, որ իր ցանկությունները, վարչապետ աշխատելու պատրաստակամությունը դեռ բավարար չեն, եւ ապագա վարչապետի հարցը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի որոշելիքն է: Այս համատեքստում պատահական չեն ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հայտարարությունները, որ կարեւոր չէ վարչապետի անձը: Այսպես ՀՀԿ-ականները հասկացնում են, որ ով էլ լինի կառավարության ղեկավար, միեւնույն է, իրականացնելու են իրենց թիմի եւ Սերժ Սարգսյանի որոշումները: Եւ որ ամենակարեւորն է` այս մասին նրանք հայտարարում են ոչ մեկ անգամ. նախկինում էլ ՀՀԿ-ականների կողմից հնչել են նման ակնարկներ: