Beeline-ի աջակցությամբ երկրորդ անգամ կանցկացվի Հայկական PR մրցանակաբաշխությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի աջակցությամբ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունն երկրորդ անգամ կանցկացնի Հայկական PR մրցանակաբաշխությունը, որը տեղի կունենա հուլիսի 18-ին:
Մրցանակաբաշխության նպատակն է զարգացնել և տարածել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթը հանրային կապերի (PR) մասնագետների, ԶԼՄ-ների և հասարակության տարբեր շերտերի միջև, նպաստել PR մասնագետների ակտիվ դերակատարությանը քաղաքական-հասարակական գործընթացներում, հանրային կյանքում: Հայկական PR մրցանակաբաշխությունն օգնում է նոր չափանիշներ սահմանել հանրային կապերի պատասխանատուների համար, խթանում է առողջ մրցակցությանը մասնագիտական դաշտում, և առաջարկում լինել առավել ստեղծագործ, ինքնատիպ ու առաջադեմ:

Հայկական PR մրցանակաբաշխության ավանդական անվանակարգերին`Տարվա մամուլի քարտուղար, PR իրադարձություն, Իմիջային PR, Հրապարակային գործիչ, Քաղաքական գործիչ, Մշակութային PR, Տարվա ԶԼՄ, Պետական կառույց, Ճգնաժամային կառավարում, PR նախաձեռնություն, Ֆինանսական PR, Հայկական բրենդ, ավելացել են ևս երկուսը՝ Նորարարական PR և PR տեխնոլոգիա, որոնք միտված են հանրային կապերի ոլորտում նպաստել բարձր պրոֆեսիոնալիզմի խթանմանը:
«Յուրաքանչյուր ընկերություն պետք է կարևորի հասարակության հետ շփումը, կրի սոցիալական կորպորատիվ պատասխանատվություն և իրազեկի առաջարկվող ծառայությունների մասին: Գրագետ և թափանցիկ աշխատելաոճը յուրաքանչյուր ընկերության առաջընթացի հիմքն է: Պրոֆեսիոնալ PR մասնագետների գործունեությամբ է պայմանավորված ընկերության, կառույցի, գերատեսչության ու կազմակերպության դրական կերպարի ձևավորումը և հրապարակային գործելաոճը՝ ի շահ հասարակության», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նախորդ տարի առաջին անգամ իրականացված Հայկական PR մրցանակաբաշխությունը նոր շունչ հաղորդեց Հայաստանում հանրային կապերի ոլորտին՝ դնելով այն զարգացման բոլորովին նոր ուղենիշերի վրա: Այս տարի ևս մրցանակաբաշխությունը միտված է լինելու մասնագիտական դաշտում առողջ մրցակցությանը, ստեղծագործականությանը, ինքնատիպ և առաջադեմ մտածողության զարգացմանը խթանելուն: PR մրցանակաբաշխության կարևորագույն նպատակը հասարակությանը, գերատեսչություններին, ծառայություն մատուցողներին, քաղաքական և հասարակական գործունեություն ծավալողներին բարձրաձայնել և տեղեկացել PR երևույթի, PR գործիքի ու տեխնոլոգիայի, հաղորդակցական գործընթացի կառավարման անհրաժեշտության մասին»,- նշում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Հանրային կապերի լավագույն մասնագետներին և ոլորտի զարգացմանը նպաստող անհատներին ըստ արժանվույն գնահատելու, դաշտում առկա խնդիրներն ու բացթողումները բացահայտելու, ինչպես նաև իրականացված ծրագրերն ու ձեռքբերումներն ամփոփելու նպատակով՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս, համակողմանի ուսումնասիրության է ենթարկել ոլորտը: Հետազոտական աշխատանքների ընթացքում իրականացվել են հարցումներ թիրախային խմբերի հետ, մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, հանրային գործիչների գործունեությունը, ի մի են բերվել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացված լավագույն ծրագրերն ու միջոցառումները:
Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline:




Լրահոս