Օրեր առաջ Վանաձորի մայրիկների ակումբի ղեկավար Լիլյա Աբրահամյանը ահազանգ հնչեցրեց Վանաձորի բնակվող Լուսինեի երեք մանկահասակ երեխաների վերաբերյալ: Տիկին Աբրահամյանը այցելել էր նշված բնակարան, որպեսզի օգնություն ցուցաբերի ընտանիքին, քանի որ ըստ հարևանների՝ երեխաները սոված են ու անխնամ: Այցելելով նշված բնակարան` Լիլիան նկատել էր, որ տան դուռը փակ է, իսկ ներսում երկու մանկահասակ երեխաներ կան փակված:
Հարևանների ուղեկցությամբ Լիլիան մտել էր բնակարան ու ներսում տեսել ոչ միայն 3 և 5 տարեկան փոքրիկներին միայնակ, այլ նաև ներսում տիրող հակասանիտարական վիճակը: Հարևանների պատմելով՝ կինը ալկոհոլի նկատմամբ սեր ունի, գրեթե միշտ փոքրիկ երեխաներին կողպում է տանն ու հեռանում` տուն վերադառնալով ուշ գիշերով: Լիլիան տեսածի մասին գրել էր սոցիալական ցանցերից մեկում` խնդրելով պատկան մարմիններին քայլեր ձեռնարկել: Ահազանգից կարճ ժամանակ անց Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանի, Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանի և ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցներից կազմված խումբը նշված հասցեում էր: Պատկերն անփոփոխ՝ երեխաներն անխնամ ու միայնակ, իսկ բնակարանը կեղտի մեջ կորած:
Երեխաները նույն օրը տեղափոխվել են Վանաձորի մանկատուն: Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանը ArmLur.am-ին հայտնեց, որ այժմ ուսումնասիրվում է երեխաների և ընտանիքի փաստաթղթերը, իրավական կողմը ապահովելու նպատակով. «Հարցը կդրվի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստում քննարկման, որից հետո էլ արդեն կորոշվի երեխաների հետագա ճակատագիրը»:
Էդվարդ Արզումանյան
Լոռի