ՊԵՏՔ Է ՊՈԿՎԵՆՔ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՍԱԾ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին երկու հայտարարությունը կարելի է հասցեական համարել, եթե դրանց նայենք լուրջ դիվանագիտական ենթատեքստով, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Ելք» դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացներից: Սարգսյանը մեզ հետ զրույցում խոսեց նաեւ ՀՀԿ-ի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կազմակերպված «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ի մասին, որին զուգահեռ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածությունն է՛լ ավելի էր աճել:

-Պարո՛ն Սարգսյան, Արցախում անցկացված «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ին զուգահեռ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում լարվածությունն աճել էր, որի հետեւանքով հայկական կողմը նաեւ զոհեր ունեցավ: Որքանո՞վ են նման ֆորումներն ու քննարկումներն արդյունավետ:
-Ֆորումները չունեն այն ուժը, որով կարող են հստակ ազդեցություն ունենալ գործադիր իշխանության օղակների վրա, որոնք կշարժվեն այդ որոշումներով: Ֆորումներն արվում են խորհրդատվական նպատակով եւ տեսակետները շոշափելու առումով: Այս առումով, կարծում եմ, որ Ստեփանակերտում այդ կարգի ֆորումները կազմակերպելը ճիշտ է: Այլ բան է, թե օրակարգում ընդգրկված հարցերը որքանով էին այդ պահի համար հարմար, զեկուցողները որքանով էին անաչառ ու անկեղծ: Ընդհանուր առմամբ, Արցախում անցկացված ֆորումը դրական եմ գնահատում: Մենք այնտեղ էինք, երբ սահմանում նման դեպքեր եղան: Ես շատ կարեւոր եմ համարում Արցախում նման ֆորումներ, հանդիպումներ, լսումներ անցկացնելը, Հայաստան-Ղարաբաղ կապը պահելը: Ցանկացած պահի նպատակահարմար է Ղարաբաղ գնալ եւ տեսակետներ հայտնել: Խնդիրները պետք է ավելի շատ լուծվեն տեսակետներով, քան կռվով, զոհերով:
-ԵԱՀԿ Մինսկի խումբն ավարտելով տարածաշրջանային այցը՝ հանդես եկավ նաեւ հայտարարությամբ: Այս անգամ հայտարարությունը հասցեական կարո՞ղ ենք համարել:
-Նրանց հայտարարությունն ինչ-որ առումով կարելի է համարել նաեւ հասցեական, եթե նայում ենք լուրջ դիվանագիտական ենթատեքստով: Հայտարարության մեջ հստակ նշված էր Ադրբեջանը, որից հետո նոր մնացած կողմերը: Նաեւ այդ հայտարարության մեջ շատ դրական եմ համարում, որ նշված տարածքները չէր համարվել օկուպացված, այլ համարվել էր տարածքներ:
-Մինսկի խմբի նախորդ հայտարարությունը եւս տարբերվում էր: Արդյո՞ք սա խոսում է գործելաոճի փոփոխության մասին:
-Համոզված եմ, որ աշխարհի համար մենք ավելի ընկալելի եւ հասկանալի ենք սկսել դառնալ, քան Բաքուն, որը անկառավարելի պահվածք է վարում՝ հայտարարելով, որ «Երեւանը մերն է», «Զանգեզուրը մերն է», «մենք պատերազմով ենք վերցնում» եւ այլն: Աշխարհն այսօր պատերազմ չի ուզում, եւ այն ուժերը, որոնք պատերազմից են խոսում, աշխարհը փորձում է դա զսպել, եւ, առավել եւս, որ այդ պատերազմից գոնե այս փուլում որեւէ մեկը չի շահի: Բաքուն այդ խնդրում ընկել է անհարմար իրավիճակի մեջ:
-Իսկ այս փուլում Հայաստանի իշխանությունների անելիքը ո՞րը պետք է լինի:
-Բացատրել, թե Հայաստանի իշխանություններն ինչ պետք է անեն, երկարատեւ գործընթաց է: Հիմա աշխարհն էլ է հասկացել, որ այս խնդիրը մեկ քայլով լուծելի չէ, շատ արագ լուծվող չէ: Խոսել տարածքների վերադարձի, փոխզիջումների, պատերազմի դադարեցման մասին ժամանակավրեպ է՝ դատելով այսօրվա տարածաշրջանային իրավիճակից, Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակից: Այսօր պետք է փոքր, բայց հիմնավոր քայլերով գնալ առաջ: Ես տեսնում եմ, որ վերջին վեց ամիսներին համանախագահող երկրներն այդ ուղղությամբ քայլեր անում են, որովհետեւ ասում են, որ ժողովուրդների մեջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, պետք է դրվեն մշտադիտարկման սարքեր, որոնք կարող են հաստատել, թե որ կողմը խախտեց հրադադարի ռեժիմը: Սրանք են այն փոքր քայլերը, որոնք պետք է տանեն նրան, որ շարքային ադրբեջանցին ոչ թե ասի, որ Երեւանը մեր քաղաքն է, ոչ էլ շարքային հայաստանցին ասի, որ Բաքվում թեյ են խմելու, այլ որ շարքային հայաստանցին ու ադրբեջանցին ասեն, որ հարեւաններ ենք, կարող ենք միասին ապրել, մենք ինքներս մեր դարդն ու ցավը կարող ենք լուծել:
-Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ուշադրության արժանացավ այն հանգամանքը, որ արտաքին քաղաքականության ոլորտն այնքան էլ մանրամասը ներկայացված չէ: Դա բացթողո՞ւմ է:
-Կառավարության գրած ծրագրում առաջին տողում գրված էր՝ խորացնել հարաբերությունները մեր դաշնակից ՌԴ-ի հետ: Ես խորհրդարանում հարց բարձրացրեցի՝ էլ ինչքա՞ն խորացնենք, եթե բազաներն անվճար տվել եք, դեռ մի բան էլ մենք ենք վճարում, եթե գույք պարտքի դիմաց ծրագրով մեր տնտեսական պոտենցիալն ամբողջությամբ տվել ենք իրենց: Մեր էներգետիկ համակարգն իրենցն է, փաստաթուղթ եք ստորագրել, որով մեր իշխանությունները չեն կարող ստորագրել մի փաստաթուղթ, որը կհակասի «Գազպրոմ Արմենիա»-ի շահերին: Սրանից ավել էլ ինչքա՞ն խորացնենք, մա՞րզ ենք ուզում դառնանք: Ավելի խորանալը հենց դա է: Պետք է պոկվենք երրորդ նախագահի ասած Եվրասիական անվտանգությունից, որն այդպես էլ անվտանգություն չապահովեց, որի պարագայում զենք շարունակեցին վաճառել, այսինքն՝ տնտեսական ծուղակ մտնելն առ ոչինչ էր եւ անվտանգության առումով նույնպես: Մենք դրանից հետեւություն անո՞ւմ ենք, թե՞ ոչ, եթե չենք անում, ուրեմն այս թուղթն ուղղակի թուղթ է:

 

 

 
ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հունիսի 26-30-ը կայանալիք նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Բանն այն է, որ վեհաժողովի առաջիկա նստաշրջանի առաջին իսկ լիագումար նիստի մեկնարկին ակնկալվում է կազմակերպել ԵԽԽ նախագահ Պեդրո Ագրամունտի իմպիչմենթի գործընթացը, եթե վերջինս սեփական կամքով հրաժարական չներկայացնի:

Հիշեցնենք, որ ապրիլյան նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ բյուրոն որոշում էր ընդունել, որով Ագրամունտն այլեւս վեհաժողովի նախագահը չէ եւ չի կարող հանդես գալ վեհաժողովի անունից: Սակայն հունիսի 7-ին Ագրամունտը նամակ է հղել ԵԽԽՎ քարտուղարին եւ քաղաքական խմբերին, որտեղ փորձում էր հիմնավորել, թե ապրիլյան նստաշրջանում բյուրոյի որոշումը հակասում է ԵԽԽՎ կանոնադրությանը: Եթե երկուշաբթի մեկնարկող նիստին Ագրամունտը հրաժարական չներկայացնի, ապա պատգամավորները նրան իմպիչմենթ կհայտարարեն: Նախ ընդգծենք, որ նման քայլ անելու հնարավորություն նախկինում չի եղել եւ միայն վերջերս՝ կանոնադրական հանձնաժողովի կատարած փոփոխությունից հետո, նման քայլ անելն արդեն հնարավոր է:
Հատկանշական է փաստը, որ ԵԽԽՎ այս նստաշրջանին հայկական պատվիրակությունը մեկնելու է նոր կազմով եւ նոր ղեկավարով՝ Արփինե Հովհաննիսյան: Վերջինս երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով սպասվող նստաշրջանին, նշեց. «ԵԽԽՎ օրակարգում ներկայումս առաջնահերթություն է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացը, որին նա ընդդիմանում է բոլոր հնարավոր եղանակներով՝ ընդհուպ վիճարկելով Էթիկայի հանձնաժողովի որոշումը: Օրակարգում պաշտոնանկության հարցը կա, կտեսնենք՝ ինչ կստացվի», – նշեց Ա. Հովհաննիսյանը:
Հարցին՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության մարտավարության մեջ փոփոխություն կմտցվի՞՝ հաշվի առնելով, որ ըստ գնահատականների՝ նախկին պատվիրակությունները ձախողել են իրենց առաքելությունը, Հովհաննիսյանը պարզաբանեց, որ հայկական պատվիրակության մարտավարությունը դեռ քննարկվելու է, եւ, ըստ այդմ, որոշ մոտեցումներ կարող են փոխվել, մի մասն էլ կմնան նույնը: «Ես՝ որպես ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, իմ մոտեցումներն ունեմ, եւ մենք պատվիրակության կազմում կքննարկենք դա», – հավելեց նա:
Մնում է սպասել` տեսնելու, թե մշտապես քննադատության ենթարկված ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն ինչպես կարող է իրեն դրսեւորել արդեն նոր կազմով:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՆՇԵՑԻՆ ՖՈՒՐՇԵՏՈՎ
Խորհրդարանը երեկ 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է կառավարության ծրագիրը: Չնայած դեմ ձայների պատկառելի թվին՝ իշխող կուսակցությունը կարծես թե գոհ էր մնացել արդյունքից եւ որոշել էր իր ձեւով շնորհակալություն հայտնել կառավարության ներկայացուցիչներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հենց խորհրդարանում ֆուրշետ էր կազմակերպել կառավարության ներկայացուցիչների համար: Իսկ կոնյակի եւ ուտելիքի հոտը տարածվել էր ԱԺ երրորդ հարկով մեկ:
«Ժողովուրդ»-ի աչքից, սակայն, չվրիպեցին քվեարկության ժամանակ եղած «անակնկալները»: «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագրին դեմ քվեարկելու մասին: Սակայն պարզվում է՝ «Ծառուկյան» դաշինքից ոչ բոլորն են ենթարկվել խմբակցության պահանջին: Մասնավորապես Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, իսկ այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը կառավարության ծրագրին կողմ էր քվեարկել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, նա պնդում էր, որ դեմ է քվեարկել: Մեր այն դիտարկմանը, թե անհատական քվեարկության էլեկտրոնային համակարգում արձանագրված է, որ կողմ եք քվեարկել, Ղուկասյանն արդարացավ. «Էտ մուտիլովշչիկությունը Դուք պետք է մենակ գտնեք: Այնքան տեխնիկական սխալներ կան, ես մոտեցել եմ, ասել եմ եւ բարձրաձայն ասել եմ, որ մենք դեմ ենք: Ես յոթը ձեռքով դեմ եմ, որովհետեւ ժողովրդի վիճակը վատ է, բայց այդ աշխատատեղերը չեն ստեղծվում, իսկ պետությունն իր սեփականությունը չի ունենում»: Միայն թե, նշենք, որ ԱԺ պաշտոնական կայքում այդպես էլ որեւէ ուղղում չկար:

 

 

ՕՖՇՈՐԻՍՏԸ՝ ԱՌԱՆՑ ՄԵՔԵՆԱՅԻ
Պարզվում է՝ ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալում հայտնված, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը, որքան զարմանալի է, ավտոմեքենա չունի. գոնե այդպես է նշված բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից: Այս փաստը հետաքրքիր է այն առումով, որ Մ.Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը Հայաստանում ճապոնական արտադրության BYD ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է, եւ նրանք են այդ մեքենաները ներկրում:
Չնայած սրան՝ Մ. Պողոսյանի հայտարարագրից, սակայն, տեղեկացանք, որ նա բավական հարուստ է. հայտարարագրել է, որ ունի հասարակական նշանակության վեց շինություն, մեկ ավտոտնակ, արտադրական նշանակության մեկ շինություն, շենքեր ու շինություններ: Նորընտիր պատգամավորի դրամական միջոցները կազմում են 32 մլն դրամ եւ 153 հազար դոլար: Որպես եկամուտ վերջինս հայտարարագրել է վարձակալության դիմաց ստացած վճարները` 3.1 մլն դրամի չափով: Տեղեկացնենք, որ Միհրան Պողոսյանը ավելի հայտնի է Քեթրինի Միհրան անունով. նա Հայաստանում բանանի շուկայի մոնոպոլիստն է:




Լրահոս