ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՇԱՌԱՉՈՒՆ ԱՊՏԱԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ իշխող Հանրապետականին ԱԺ ընտրություններում հաջողվեց բացարձակ մեծամասնություն կազմել, սակայն համատարած ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի եւ ճնշումների արդյունքում ձեռք բերված հաղթանակը նրանց վրա բավական թանկ է նստելու: Այդ մասին է վկայում ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի եւ ՀՀԿ-ականների միջեւ արդեն երկու շաբաթ շարունակվող փոխհրաձգությունը: Հիմա դրան միանում են նաեւ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա մյուս դեսպանները՝ բնականաբար, պաշտպանելով եվրոպացի իրենց գործընկերոջը:

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ՀՀ-ում ԵՄ դեսպանի քննադատություններին ի պատասխան՝ իշխանությունները նրան հորդորել էին չմիջամտել Հայաստանի ներքին գործերին: Դրանից մի քանի օր անց Սվիտալսկին բավական կոպիտ էր պատասխանել իշխանություններին. նախ՝ կոչ էր արել կարծիք հայտնելուց առաջ մտածել, նաեւ հայտարարել էր, թե որոշ հարցերի վերաբերյալ ԵՄ-ն ոչ միայն իրավունք ունի խոսելու, այլեւ պարտավոր է այդպես վարվել, քանի որ ԵՄ-ի առաջ ՀՀ իշխանությունները պարտավորություններ են ստանձնել, հիշեցրել էր, թե իշխանություններն էին խնդրել իրենց ֆինանսական աջակցություն տրամադրել: «Ուրախ եմ, որ հայերը շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ինքնիշխանությանն սպառնացող վտանգները այլ տեղ են թաքնված եւ ոչ մեր բարեկամական աջակցության մեջ»,- հասկացրել էր Սվիտալսկին:
Երեկ Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան է հայտարարել, թե հայտարարությունները Հայաստանի ներքին գործերի հետ կապ չունեն: «Պարոն Սվիտալսկիին աջակցում են ԵՄ անդամ պետությունները: Չեխիան նույնպես ֆինանսապես աջակցել է ընտրական գործընթացում դիտորդական առաքելության անցկացմանը, իհարկե, ավելի նվազ գումարով, քան ԵՄ-ն ընդհանուր: Կարծում եմ՝ մի քանի հայ պաշտոնյաների արձագանքները մի փոքր չափազանցված էին: Հենց Հայաստանի կառավարության ցանկությունն էր, որ միջազգային կառույցներն աջակցեն ընտրական գործընթացին: Հայաստանը ստորագրել է մի շարք միջազգային համաձայնագրեր, որոնք իրենցից ենթադրում են հստակ պարտավորությունների շրջանակ: Չեմ կարծում, որ պարոն Սվիտալսկին իրավունք չունի արտահայտելու իր կարծիքը՝ այս ամենի հետ կապված»,- ասել է Չեխիայի դեսպանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ եվրոպացի դեսպաններն արդեն դիվանագիտական խողովակներով իշխանությունների մոտ իրենց դժգոհությունն են հայտնել կատարվածի վերաբերյալ, նույնիսկ հիշեցրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցում մատնանշված փաստերը ընտրակաշառքի, վարչական ռեսուրսների ու ահաբեկումների մասին, նույնիսկ մեջբերել իրենց հետ ընտրություններից հետո տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի խոսքերը, որտեղ նա շնորհակալություն էր հայտնել գնահատականների համար: Նույն աղբյուրների պնդմամբ՝ դեսպաններից մի քանիսը ցանկանում է նաեւ հրապարակային հայտարարություններով հանդես գալ ու պաշտպանել Սվիտալսկիին: Խոսքը մանավանդ այն դեսպանների մասին է, որոնց երկրները ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Հայաստանին՝ ընտրական գործընթացների կազմակերպման համար:
Բայց հետաքրքիրն այն է, որ իշխանությունների ու դեսպանների միջեւ հեռակա բանավեճը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել այցի նախաշեմին: Սա հազիվ թե պատահականություն լիներ: Առավել եւս, երբ Սվիտալսկին մեկ անգամ չէ, որ քննադատել է խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ անգամ ասելով, որ քաղաքական կոռուպցիան սպառնում է երկրի ապագային: Սակայն իշխանությունները երբեք այդպես կտրուկ չէին հակադարձել նրան:
Ի դեպ, այս համատեքստում ուշագրավ մեկ փաստ եւս. Բրյուսելում Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ ընդլայնված կազմով գագաթնաժողովին, անգամ ելույթ է ունեցել: Միայն թե նրա ելույթի բովանդակությունը նախագահականի կայքում երեկ այդպես էլ չէր հրապարակվել: Ընդամենը նշված էր, թե Ս. Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած «խորհրդարանական ընտրություններին, արձանագրված առաջընթացին, Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության եւ անվտանգության ապահովման խնդիրներին»: Մինչդեռ հետաքրքիր էր իմանալ, թե հատկապես ԱԺ ընտրությունների մասին ի՞նչ հայտարարություններ է արել Սերժ Սարգսյանը, արդյո՞ք նա կարեւորել է ԵՄ-ի ցուցաբերած ֆինանսական աջակցությունը, որի դեմ այսօր Հայաստանում «բողոքում են» ՀՀԿ-ականները, արդյո՞ք որեւէ կերպ նա փորձել է արդարացնել այն բոլոր բացասական երեւույթները, որոնց մասին մատնանշել էին ե՛ւ եվրոպացի դիտորդները, ե՛ւ դեսպանները: Ու վերջապես, արդյո՞ք եվրոպացիներից Սերժ Սարգսյանը հերթական ֆինանսական օգնությունն է խնդրել, թե՞ համարելով դա Հայաստանի ներքին գործերին խառնվելու փորձ՝ որոշել է զրկվել մի քանի միլիոն եվրոյից: Ամեն դեպքում՝ հետաքրքիր է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՈՐՏԵՂԻ՞Ց ՏԵՂԱԿԱԼԻՆ ԶԵՆՔԸ
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ջրառատ համայնքում ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՕՐՕ դաշինքի եւ ՀՀԿ-ական փոխգյուղապետի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործն ուղարկվել է դատարան. ամբաստանյալի աթոռին հայտնվել է ՀՀԿ-ական փոխգյուղապետ Տիգրան Սարգսյանը, որը, սակայն, դատվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու համար:
Հիշեցնենք, որ դեռ մարտին Ջրառատ համայնքում միջադեպ էր եղել, որի արդյունքում հիվանդանոց էին տեղափոխվել ՀՀ փոխոստիկանապետի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, եւ ՕՐՕ դաշինքի համակիրները: Միջադեպի կիզակետում էին հայտնվել նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը: Այս ամենի հետեւանքով գյուղապետի տեղակալը ապօրինի զենքից կրակել էր օդ: Նշենք, որ միջադեպի արդյունքում երեք երիտասարդ ծեծի էին ենթարկվել, իսկ ավելի ուշ հայտարարել էին, որ որեւէ բողոք չունեն: Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն ծեծի գործը կարճեց, իսկ ահա գյուղապետի տեղակալի կողմից ապօրինի զենքի գործը ուղարկվեց դատարան: Իսկ որտեղից էր գյուղապետի տեղակալը՝ Տիգրան Սարգսյանը, ձեռք բերել զենքը: Պարզեցինք, որ նա 1994թ. գարնանը մորեղբոր որդուց` Էդիկ Մուրադյանից, ապօրինի ձեռք է բերել «AK-74» մոդելի 1107221 համարի ինքնաձիգ եւ նշված ինքնաձիգից կրակելու համար 5,45մմ տրամաչափի 25 հատ փամփուշտ, որոնք պահել է Ջրառատի իր հողատարածքում: 2017թ. մարտի 14-ին Ջրառատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նշված ինքնաձիգից կրակել է եւ միջին ծանրության վնաս է պատճառել Հակոբ Մելքոնյանին: Այս արարքի համար Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 235 հոդվածի 1-ին մասով` ապօրինի զենք պահել: Ասել է, թե Ջրառատ համայնքում ՀՀ փոխոստիկանապետի մտերիմների մասնակցությամբ միջադեպը մոտեցավ իր ավարտին, սակայն նրանց թիմակիցներից գյուղապետի տեղակալին այդպես էլ չկարողացան փրկել, եւ նա այսօր ապօրինի զենքի համար գտնվում է կալանքի տակ:

 

 

ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ
Հայաստանի կառավարությունն առաջիկայում 9 մլն դրամ կհատակացնի Վանաձորի քաղաքապետարանին: Նշված գումարով Վանաձորի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել քաղաքի փողոցների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վանաձոր քաղաքի բյուջեով նախատեսված է կատարել 100 մլն դրամի փոսային նորոգման աշխատանքներ, ինչն անբավարար է քաղաքում նորմալ ճանապարհային ցանց ունենալու համար: Բանն այն է, որ նախնական հաշվարկներով ճանապարհային ծածկի նորոգման ենթակա է 220 հազար քմ, իսկ Վանաձոր քաղաքի այս տարվա բյուջեով նախատեսված միջոցները կբավարարեն մոտ 15 հազար քմ մակերեսի նորոգման համար: Նշենք, որ Վանաձորում անմխիթար վիճակում են գտնվում քաղաքի երթեւեկության համար կարեւոր բազմաթիվ փողոցներ: Ի դեպ, առաջիկայում շինարարական աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 290 մլն դրամ:

 

 

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը մշտապես Ռուսաստանի ԱԳՆ-ի օրակարգում է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման մշտապես Ռուսաստանի ԱԳ նախարարության ջանքերի օրակարգում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաեւ ռուսական դիրքորոշումը»:

 

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
ԱՄՆ-ը խորապես մտահոգված է ղարաբաղյան շփման գծում հրադադարի վերջին խախտումներով, որոնց հետեւանքով անցած շաբաթ բազմաթիվ զոհեր եղան։ Այդ մասին այսօր հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը. «Հորդորում ենք կողմերին խուսափել սրացումից եւ խրախուսում ենք շփման գծի ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով լարվածությունը նվազեցնելու միջոցների անհապաղ քննարկումը»։

 

 

ՈՉ ԿԵՆՍՈՒՆԱԿ
ԵՄ խոսնակը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված վիճակին. «Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետեւանքով ԼՂ հակամարտության գոտու շփման գծում եղան բազմաթիվ զոհեր, ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է… Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման եւ այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին: Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում եւ զսպվածության ցուցաբերում թե՛ գործերում եւ թե՛ խոսքում: Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ միանում նրանց՝ հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը եւ վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսեւորելով անհրաժեշտ բարեխղճություն եւ քաղաքական կամք»:

 

 

ՆՈՐ ԴԻՎԵՐՍԻԱՅԻ ՓՈՐՁ
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է ԼՂ պաշտպանության նախարարությունը։ «Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության եւ տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը եւ հակառակորդին տալով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր», – հայտնում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ: Ըստ հաղորդագրության, ներթափանցման փորձը կանխելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

 

 

ԱՆՏԻԾՐԱԳԻՐ
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում կառավարության առաջիկա 5 տարվա ծրագիրը որակել է «անտիծրագիր». «Վերեւը գրեք ոչ թե «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր, այլ ուղղակի գրեք «Ծրագիր որեւէ կառավարության», շատ ընդհանուր, ընդունելի նորմեր են գրված, որեւէ արտառոց բան չկա»:




Լրահոս