ԹՐԱՄՓԸ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՊՈՐՈՇԵՆԿՈՅԻՆ. ՀԵՐԹՈՒՄ ՊՈՒՏԻՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն աշխատանքային այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ հանդիպել նախագահ Դոնալդ Թրամփին, փոխնախագահ Փենսին, պետքարտուղար Թիլլերսոնին: Թրամփի հետ հանդիպումը հատկապես կարեւոր էր Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների ֆոնին: Հայտնի է, որ Թրամփը բազմիցս գովաբանել է Պուտինին ու վերջինիս քաղաքականությունը եւ ահա այժմ ստիպված է հանդիպել հենց Պուտինի կողմից անընդունելի առաջնորդներից մեկին: Հատկանշական է, որ նախագահական հանդիպումը բավականին սառն է անցել. կրել է սոսկ մակերեսային բնույթ:

Ամերիկյան մամուլը արդեն իսկ հասցրել է ծաղրաբար վերաբերել Ուկրաինայի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպմանը՝ Պորոշենկոյի այցը գնահատելով իբրեւ Սպիտակ տան կողքով անցնելիս բարեւի համար դուռը թակելու գործողություն: Խնդիրն այն է, որ Ուկրաինայի նախագահին ԱՄՆ-ում չեն դիմավորել ինչպես պատշաճում է նախագահաներին ընդունելու ու ճանապարհելու արարողակարգով: Մասնավորապես Թրամփը Սպիտակ տան մոտ չի դիմավորել Պորոշենկոյին, ինչպես վարվել է այլ առաջնորդների հետ: Պորոշենկոն ստիպված է եղել ինքնուրույն հասնել նախագահական նստավայրի արեւմտյան թեւ առանց պաշտոնական ազդարարման: Սպիտակ տան ներկայացուցիչները ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան՝ պարզաբանել են, որ յուրաքանչյուր հանդիպում իր առանձնահատկությունն ունի, ուստի կարիք չկա հակադրել նախագահի ու այլ առաջնորդների հանդիպումները միմյանց: Իրավիճակը նկատելիորեն փոխել է ԱՄՆ վարչակազմի քայլը՝ շուրջ 38 մարդու ընդգրկել պատժամիջոցների նոր ցուցակի մեջ, որոնց շարքերում կան Ուկրաինայի հետ ընթացող հակամարտությանը անմիջական ներգրավված մի շարք ռուսներ: ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Սթիվեն Մնուշինը հայտարարել է, որ այդ պատժամիջոցները նպատակ ունեն Ռուսաստանին հակել դեպի դիվանագիտական լուծումը՝ արտահայտելով ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը:
Պաշտոնական հայտարարությունները նույնպես պակաս հետաքրքիր չեն: Պորոշենկոյի վարչակազմը թվիթերյան հարթակում արված գրառմամբ արձանագրել էր, որ կարեւրագույն հանգամանքներից մեկն այն է, որ ԱՄՆ նախագահն առաջինը հանդիպում է Ուկրաինայի նախագահի հետ եւ միայն դրանից հետո կտեսնվի ՌԴ նախագահի հետ: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Թրամփի հետ հանդիպումը խիստ առարկայական է եղել, մինչդեռ Սպիտակ տան հայտարարության մեջ նախագահական հանդիպմանը հպանցիկ անդրադարձ է եղել: Սա կարելի է բացատրել հանգամանքով, որ Պորոշենկոն առաջինը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Փենսին, եւ նախագահի հետ առանձնազրույցը սոսկ ճանաչողական բնույթի է եղել: Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը կարծես իր փոխնախագահ Փենսի հետ կիսել է պատասխանատվությունը եւ գերազանցապես չի հանդիպում այն առաջնորդների հետ, որոնց ընդունում է Փենսը, ինչպես, օրինակ, Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդը, Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Հերնանդեսը եւ այլն: Ի դեպ, Մայք Փենսն է նաեւ ՀՀ իշխանությունների հետ ԱՄՆ կառավարող շրջանակների կապավորը, որը 2016թ. դեկտեմբերի 2-ին հեռախոսազրույց էր ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Ինչեւէ, հանդիպումից հետո Թրամփը հայտարարեց, որ իր համար մեծ պատիվ էր ընդունել Պորոշենկոյին, ում հետ գործակցությունը մեծ առաջընթաց է արձանագրել՝ ընդգծելով իր գոհունակությունը կայացած զրույցից: Մինչդեռ Պորոշենկոն ավելի զուսպ է գտնվել՝ նկատելով, որ երկու երկրները կարող են արդյունավետորեն համագործակցել միմյանց հետ: Պորոշենկոն իր երախտագիտությունն է հայտնել Թրամփին ու ԱՄՆ-ին՝ որպես «Ուկրաինայի ամենավստահելի ու ռազմավարական գործընկերոջ»:
Այսուհանդերձ, Պորոշենկոյին դիմավորելու ու ճանապարհելու՝ ամերիկացիների քայլերը ակնհայտորեն հստակ տրամաբանություն են ունեցել: Խնդիրն այն է, որ ս.թ. հուլիսի 7-8-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայանալու է G20 երկրների առաջնորդների մեծ գագաթնաժողովը, որի ժամանակ նախատեսվում է Թրամփի ու Պուտինի առանձնազրույցը: Եվ ահա Թրամփը փորձել է խուսափել ռուսական էլիտային անտեղի գրգռելուց, հատկապես որ վերջինս ԱՄՆ-ին է մեղադրում Ուկրաինայի արեւելքում ընթացող ռազմական գործողությունների հրահրման համար: Ըստ այդմ, Թրամփը կարծես փորձում էր մեղմել Պուտինի հետ սպասվող հանդիպման տոնը՝ իր սառնությունը ցուցադրելով Ուկրաինայի նախագահի նկատմամբ: Այդպես Թրամփը կարծես չի դադարեցնում իր անուղղակի ռեւերանսները Պուտինի նկատմամբ, թեպետ մտահոգվելու տեղ նա հաստատ պետք է ունենա:
Հիշենք, որ ԱՄՆ-ում Թրամփը ներկայումս լուրջ խնդիրների է բախվել Պուտինի ու ռուսական կառավարական շրջանակների պատճառով՝ մասնավորապես նկատի ունենալով ՀԴԲ-ում ընթացող հետաքննությունը նրա վարչակազմի առանցքային ներկայացուցիչների նկատմամբ: Բացի այս, ամերիկյան լրատվականները համոզում են, որ ի հեճուկս Օբամայի վարչակազմի, որը շատ ջերմ վերաբերմունք ուներ Պորոշենկոյի հանդեպ, Թրամփն անձնական հարաբերություններ ունի Պորոշենկոյի հակառակորդների հետ: Այս կապակցությամբ հիշատակվում է Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանա Ֆորթը, որը լոբբիստական աշխատանքներ էր տանում Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի համար: Չթերագնահատելով հանդերձ անձնական հարաբերությունների նշանակությունը՝ քիչ հավանական է, որ Թրամփը ԱՄՆ արտաքին քաղաքականություն Ուկրաինայում կարողանա վարել դրանց հիման վրա՝ անտեսելով ԱՄՆ կենսական շահերը: Կարծելի է, որ այս օրինակ քայլերով Թրամփի վարչակազմը փորձում է մտրակի ու բլիթի քաղաքականություն վարել Պուտինի հետ հուլիսյան հանդիպմանն ընդառաջ: Պուտինն էլ, սակայն, դիլետանտ չէ եւ նախօրեին ԱՄՆ-ի հետ Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխարգելման շուրջ հուշագրի շրջանակներում կնքված փոխհարաբերությունները դադարեցնելու մասին ՌԴ ՊՆախարարության քայլը պետք է ընկալել նույնպես այս համատեքստում:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԵՐԹՈՒՂԻ ՍՊԱՍԱՐԿԵԼ

Գյումրիում «Նյու սիթի տրանս» ընկերությունը հրաժարվում է սպասարկել 40 ավտոբուսային երթուղին. ընկերությունը դեռ մայիսի 31-ին նման դիմում էր ներկայացրել քաղաքապետարան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երթուղին սպասարկելուց հրաժարվելու պատճառը 5 ավտոբուսների շարժիչների խափանումն է եղել: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանի հետ, ով հայտնեց, որ «Նյու սիթի տրանս» ընկերությունը անցած տարվանից սկսած պարբերաբար քաղաքապետարանին տեղեկացրել է, որ ավտոբուսների հետ կապված լուրջ խնդիրներ կան: Նկատենք, որ ավտոբուսները չինական են, 2013 թվականի արտադրության:

«Բայց օրենքով սահմանված կարգով ընկերությունը 45-օրյա ժամկետից շուտ պետք է օպերատորին զգուշացնի երթուղուց հրաժարվելու մասին, որից հետո միայն մենք կարող ենք լուծել իրենց եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագիրը: Այս պահին 1-ին համարի երթուղուց ենք մի քանի ավտոբուս բերել, որպեսզի այդ 45 օրը պահենք 40 համարի երթուղին, մինչեւ «Նյու սիթի տրանս» ընկերության հետ պայմանագիրը լուծենք: Չինական արտադրության ավտոբուսները 4 տարի ժամկետի մեջ են եղել, հիմա դրանց երաշխիքի ժամկետը լրացել է: Չորս տարիների ընթացքում յուրաքանչյուր ավտոբուսը 500 հազար կմ քշվել է: Լուրջ խնդիրներ են առաջ եկել, որոնք չենք կարող կարգավորել»,- բացատրեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ իրենք ընկերությանն առաջարկել են հին ավտոբուսները նորերով փոխարինել, որտեղից ի պատասխան՝ ասել են, որ այդ դեպքում ուղեւորատոմսի սակագինը կբարձրացնեն: Սակայն, ըստ Արտյոմ Սարգսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեմ է եղել այդ տարբերակին:
«Ժողովուրդ»-ի հարցին` այժմ քաղաքապետարանը ի՞նչ է ձեռնարկում հարցը լուծելու ուղղությամբ, տրանսպորտի հարցերով պատասխանատու Սարգսյանն ասաց. «22 համարի երթուղին սպասարկող ընկերությանը խնդրել ենք ուղեւորահոսքի կուտակումների դեպքում երկու-երեք մեքենա ավելացնել, որպեսզի հարցը դրական լուծվի»: Ապա տեղեկացրեց, որ 40 ավտոբուսային երթուղու համար հունիսի 1-ին մրցույթ է հայտարարվել, բայց այս պահին դեռ հայտ ներկայացնող չկա: Իսկ հայտերի ներկայացման ժամկետը մինչեւ հուլիսի 10-ն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴԻ ՀԱՐՑԸ ՉԼՈՒԾՎԵՑ
Իջեւանի Անկախության փողոցի թիվ 1 շենքի բնակիչ,1941թ. ծնված Դոնարա Կարապետյանի վիճակի մասին: Նա 1978 թվականից Իջեւանի հիվանդանոցում հաշվառված է որպես հոգեկան հիվանդ, որի հիվանդությունն ախտորոշվել է «էմոցիոնալ-կամային ոլորտի դեֆեկտով զառանցական ձեւի շիզոֆրենիա»: Կինը գրեթե միշտ հալյուցինացիաների մեջ է, թշնամաբար է ընկալում շրջապատող անձանց, նրա վերաբերմունքն ու վարքն անկանխատեսելի են, չի կարողանում ղեկավարել իր գործողությունները ու հաշիվ տալ դրանց համար: Դ. Կարապետյանը մինչ օրս խորհրդային նմուշի անձնագիրը չի փոխել: Այդ պատճառով 5-րդ տարին է, որ նրա բնակարանը հոսանքազրկված է, դադարեցված է բնական գազի մատակարարումը: Նա Իջեւանում եւ հարակից տարածքում ընտանիք եւ մոտակա ազգականներ չունի: Իջեւանի քաղաքապետ, Իջեւան համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ Վարդան Ղալումյանը 2015թ. մայիսի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է դիմել Դ. Կարապետյանին անգործունակ ճանաչելու պահանջով: Դատարանի` 2015թ. հունիսի 5-ի որոշմամբ նշանակվել է Դ. Կարապետյանի դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն, եւ գործի վարույթը կասեցվել է մինչեւ փորձաքննության արդյունքների ստացումը: 2017թ. ապրիլի 14-ին դատարանի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է: Գործի քննության ընթացքում խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ Վահագն Թամրազյանը նշել է, որ Դ. Կարապետյանի հոգեկան վիճակից ելնելով՝ հնարավոր չէ ապահովել նրա ներկայությունը դատաքննությանը: Նա դատարանին խնդրել է փորձաքննություն չնշանակել, որովհետեւ Դ. Կարապետյանի հոգեկան վատ վիճակի պատճառով հնարավոր չէ կազմակերպել նրա տեղափոխումը Երեւան եւ նրան հանձնաժողովին ներկայացնել: Գործով վկա Վարդան Խաչատրյանը, որը հանդիսանում է Դ. Կարապետյանի հարեւանը, դատաքննության ընթացքում նշել է, որ Կարապետյանը շատ երկար տարիներ տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ, ներկայումս կույր եւ խուլ է, որեւէ հարազատ չունի, նրան ինքը եւ իր ընտանիքն են խնամում, նա ինքնուրույն չի կարող կենսական անհրաժեշտության որեւէ հարց լուծել, կենսաթոշակ, որեւէ օգնություն չի ստանում, զրկված է բնական գազից եւ էլեկտրական հոսանքից: Դ. Կարապետյանի հոգեկան վիճակը պարզելու նպատակով դատարանի որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, սակայն պահանջը չի կատարվել: Դատարանն էլ համարել է, որ թեեւ վկայի ցուցմունքները տեղեկություններ են պարունակում Դ. Կարապետյանի վարքի ու կենսակերպի մասին, այնուամենայնիվ, նրա գործողությունների նշանակությունը չհասկանալու կամ ղեկավարելու անկարողության փաստը հավաստող թույլատրելի ապացույց դիտվել չեն կարող, իսկ դատաքննության ընթացքում հետազոտված մյուս ապացույցները բավարար հիմք չեն տալիս համարելու, որ Դ. Կարապետյանը հոգեկան խանգարման հետեւանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը: Եւ այսքանից հետո 2017թ. հունիսի 2-ին դատարանը վճռել է Դ. Կարապետյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին դիմումը մերժել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս