ՆԱԽԱՐԱՐԻ ԴԱՆԴԱՂԿՈՏՈՒԹՅԱՆ «ԶՈՀԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ղեկավարած գերատեսչության գործելաոճից դժգոհությունները չեն դադարում: Իսկ դժգոհողները հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն են: «Ժողովուրդ» օրաթերթը վերջերս տեղեկացրել էր, որ հաշմանդամություն ունեցող անձինք ավելի քան հինգ ամիս չեն ստացել իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները: Հիմա էլ բողոքում են լսողական սարքեր ստացող քաղաքացիները:

Նույն խնդրով «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել Երեւանի բնակչուհի Վերա Մանուկյանը, ում քույրը` Օֆելյա Մանուկյանը, արդեն մի քանի տարի է, ինչ օգտագործում է լսողական համապատասխան սարք: Օֆելյա Մանուկյանը դեռեւս 3 տարի առաջ է լսողական սարք ստացել, այս տարվա օգոստոսի 1-ին նա նորից պետք է դրանից ստանա: Բայց մտավախություն ունի, որ ինքը այն կստանա ավելի ուշ` ժամանակային շեղումով:
«Իմ քույրը առողջական մի քանի խնդիրներ ունի, նա ինքնուրույն չի կարողանում տանից դուրս գալ: Ինքը արդեն մի քանի տարի է՝ լսողական սարք է օգտագործում, հիմա ավելի է խորացել լսողության հետ կապված խնդիրը, եւ 2014 թվականին ստացած սարքերը բացարձակ չօգնեցին: Արդեն մեկ տարի է, ինչ քրոջս հետ չենք կարողանում հաղորդակցվել»,- ցավով նկատեց տիկին Վերան:
Ապա պատմեց, որ ինքը նույնիսկ այս խնդրով գրավոր նամակ է ուղղել նախարարություն, որտեղից կոնկրետ պատասխան չի ստացել: Այնուհետեւ նա կապ է հաստատել նախարարության հետ, պարզաբանում խնդրել եւ կրկին չի ստացել լուրջ հիմնավորում. «Ես զայրույթով զանգեցի ու հետաքրքրվեցի` հնարավո՞ր է ժամանակին կամ դրանից շուտ ստանալ լսողական սարքը: Բայց ի պատասխան՝ հայտարարեցին, թե կարող եմ գնալ եւ սեփական միջոցներով գնել: Բայց հնարավոր չէ թոշակով այդ ապարատը ձեռք բերել: Ապա ինձ նախարարությունից հայտնեցին, որ մրցույթ դեռ պետք է հայտարարենք, հիմա չենք կարող տրամադրել լսողական սարք, որովհետեւ դատական քաշքշուկների մեջ ենք»,- պատմեց նա:
Սոցապ նախարարության աշխատակիցների պատասխանը խիստ մտահոգել է Վերա Մանուկյանին: Վերջինս մտավախություն ունի, որ դատական քաշքշուկների պատճառով իրենք կարող են լսողական սարք ստանալ ամիսներ անց: Ինչը, փաստենք, որ իսկապես լուրջ խնդիր է եւ հաշմանդամների խնդրով զբաղվող թիվ մեկ պաշտոնյայի` նախարար Արտեմ Ասատրյանի համար արդեն վաղուց ձեւավորված մի ավանդույթ է դարձել: Միայն հիշենք, որ շաբաթներ առաջ «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր հաշմանդամություն ունեցող անձանց դժգոհություններին, որոնք նշում էին, որ ավելի քան հինգ ամիս չեն ստացել իրենց պրոթեզ կոշիկները, գոտիները, օրթեզները եւ այլն: Պատճառն այն էր, որ նախարարությունը այդ պրոթեզները, օրթեզները ձեռք բերելու նպատակով մրցույթ էր հայտարարել, որին մասնակցել է «Պրոթեզաօրթոպեդիկ» ընկերությունը եւ «Սատար» ՀԿ-ն, հաղթող ճանաչվել էր «Սատար» ՀԿ-ն: Սակայն հետո պարզվել էր, որ ՀԿ-ն իրավունք չի ունեցել մասնակցելու գնումների մրցույթին, ինչի պատճառով էլ «Պրոթեզաօրթոպեդիկ»-ը բողոքարկել էր արդյունքները: «Սատար» ՀԿ-ն էլ իր հերթին հայց էր ներկայացրել դատարան, եւ հիմա գտնվում են դատական քաշքշուկների մեջ: Եւ, բնականաբար, նախարարությունը չէր կարող պայմանագիր կնքել դատական քաշքշուկների մեջ գտնվող ընկերության հետ: Արդյունքում տուժել է քաղաքացին:
Բայց նախարարը կարող էր մինչ այդ որեւէ ելք գտնել՝ խնդիրը կարգավորելու համար: Ի դեպ, Արտեմ Ասատրյանը նման փորձ ունի. մայիսի 25-ին նա կառավարության նիստին գնման գործընթացը իրականացնելու վերաբերյալ որոշման նախագիծ ներկայացրեց: Նշենք, որ այն վերաբերում էր հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաներով, սայլակներով եւ լսողական սարքերով ապահովելուն: Միայն թե Արտեմ Ասատրյանն այս քայլին գնաց «Ժողովուրդ» օրաթերթի՝ թեման բարձրաձայնելուց հետո: Իսկ հիմա թե հակառակ ո՞ւմ է գործում նախարարը, դժվար է ասել: Բայց այն, որ իր գործելաոճի պատճառով հաշմանդամություն ունեցող քաղաքացիները տուժել են, դա հաստատ է:
«Չեմ հասկանում՝ ոչ ոք հաշվի չի առնում մեր խնդիրները: Հայաստանի վարչապետը ամեն ինչին ուշադրություն է դարձնում, անգամ աղբին… դե, թող այս ոլորտն էլ հետեւի, ուսումնասիրի` արդյո՞ք Ասատրյանը կատարում է իր պարտականությունները, թե՞ ոչ: Մեզ հարցրեք, չէ՞ որ մենք ավելի լավ ենք իմանում, ավելի շատ ենք իրենց հետ առնչվում նման հարցերով»,- վրդովվեց տիկին Վերան: Իսկ զրույցի ընթացքում նա հայտարարեց, որ բարձր որակի սարքերի արժեքը սկսվում է նվազագույնը 110 հազար դրամից:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից պարզաբանեցին, որ հրատապության կարգով մրցույթ է հայտարարված, իսկ լսողական սարքերի մրցույթը կբացվի այսօր: Արդյունքում հաղթող կազմակերպության հետ կկնքվի պայմանագիր, դրանից հետո հրատապության կարգով կմատակարարվի թվով 78 լսողական սարք: Իսկ ահա սահմանված ժամկետից շուտ լսողական սարք ձեռք բերելու համար պետք է դիմել բուժտեխնիկական հանձնաժողով՝ «Արթմեդ» հիվանդանոց, եւ հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա կարող է ժամկետից շուտ ձեռք բերել լսողական ապարատ: Բուժտեխնիկական հանձնաժողովն աշխատում է յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 11-ից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս