«Ժողովուրդի»-ի հետ զրույցում Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանն (Ասո) իր տեւական լռությունն ու պասիվ գործունեությունը կապեց նախընտրած երաժշտական ոճի հետ. «Անկեղծ ասած այն ոճը, որը ես ընտրել եմ մեր երկրում, պասիվություն է ենթադրում, բայց, այնուամենայնիվ, ես չեմ դժգոհում՝ ավելի լավ է պասիվ լինես, բայց կարեւոր գործ անես:
-Արսե՛ն, վերջին շրջանում նոր երգեր չեք ներկայացնում, ի՞նչն է խնդիրը:
-Միգուցե դադարն է, բայց այնպես չէ, որ ընդհանրապես չեմ աշխատում, շուտով մի քանի երգ, մշակութային գործեր ի հայտ կգան հանդիսատեսին:
-Հոգնե՞լ եք, թե՞ ավելի շատ նախընտրում եք պասիվ գործունեություն ծավալել:
-Անկեղծ ասած, այն ոճը, որը ես ընտրել եմ մեր երկրում պասիվ է, բայց, այնուամենայնիվ, ես չեմ դժգոհում, ավելի լավ է պասիվ լինես, բայց կարեւոր գործ անես:
-Համերգներով հանդես գալու ծրագրեր ունե՞ք:
-Մենահամերգի հնարավորություն դեռ չունեմ, բայց համերգների մասնակցում եմ, ամեն դեպքում պետք է հրավիրեն, որ մասնակցեմ, ես իմ կյանքում երբեք չեմ զանգել, խնդրել՝ այդ համերգին ես էլ կցանկանայի երգել: Երբ կհրավիրեն, ուրեմն պետք եմ այդ համերգին:
-Այսօր հայկական շոու-բիզնեսում տիրող իրավիճակը Ձեր սրտո՞վ է:
-Շոու-բիզնեսը, եթե ինքը շոու-բիզնես է, ուրեմն նորմալ է: Ես կապ չունեմ շոու-բիզնեսի հետ, ես երգում եմ մեր ազգային-ժողովրդական երգերը, մեր կոմպոզիտորների երգերը, որոնք բիզնես համարել չի կարելի, դրանք գոհարներ են, դրանք մեր արվեստն ու մշակույթն են ներկայացնում: Ես դա բիզնես չեմ համարում, եթե դա բիզնես է, ազգային պատկանելիությունն էլ կարելի է բիզնես համարել:
-Մի առիթով նշել եք, որ կցանկանայիք փոխել համերգների կազմակերպման ձեւը, որպեսզի դրանցում միշտ նույն դեմքերը չընդգրկվեն, փոխարենը ասպարեզ բերվեն այլ տաղանդավոր երաժիշտներ…
-Բազմիցս ասել եմ՝ եթե կենդանի կատարում են ուզում, ապա թող կենդանի նվագախումբ լինի բեմի վրա, որովհետեւ ֆանագրաման արդեն սահմանափակում է կենդանի կատարողին, դա միայն երգողը կհասկանա, հանդիսատեսը երբեք չի հասկանա՝ դա ինչ դժվարություն է իրենից ներկայացնում, դրա համար երեխաները, ուսանողները, ովքեր ընտրել են ժողովրդական երգը կամ, չգիտեմ, ցանկացած ոճ, համերգներին պետք է մասնակցեն կենդանի հնչողությամբ եւ օրկեստրի հետ միասին, եւ ով կարող է երգել, թող բեմերի վրա անսպառ ելույթ ունենա:
-Կոնսերվատորիայի երիտասարդ սերունդը շնորհալի է՞:
-Բավականին շատ տաղանդավոր ուսանողներ ունենք, բայց միակ ցավալի փաստն այն է, որ ուսումն առնելուց հետո, մտնելով նոր կյանք, դժվարությունների հանդիպելով, գումարը, տարիների ուսումը հնչում է ռեստորանների բեմերից, բայց նաեւ ունենք այնպիսի ուսանողներ, ովքեր երգելով ռեստորանում, գումար վաստակելով՝ երբեք չեն աղավաղում մեր ազնիվ երգը:
-Երբեւէ մտածե՞լ եք այդ խնդրի լուծման համար ելքեր փնտրել:
-Համերգային շարժը պետք է շատ լինի, որպեսզի մարդիկ հասցնեն կոմունալները մուծել, որովհետեւ միջին աշխատավարձը կազմում է 50-ից 60 հազար դրամ, իսկ կոմունալը գալիս է 200 հազար դրամ: Մարդիկ աշխատում են, որպեսզի դրանք փակեն, դե, ոչինչ, ցամաք հացով էլ կապրեն:
-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այսօրվա սերունդի մեջ:
-Ես կցանկանայի, որ արվեստագետ մարդն այնպես ապրեր, ինչպես ապրում են Եվրոպայում, կցանկանայի՝ մեր ժողովրդի կենսամակարդակը բարձրանար, որպեսզի թառահարն իր գործով զբաղվի, ոչ թե մտածի, որ դրանով երեք տարուց ավելի չի ձգի:
-Ասում են` բոլորը կողմ են ժողովրդական երգերի նորովի գործիքավորմանն ու մատուցմանը: Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է: Արդյո՞ք դա արժեքների վերացման նախադրյալներ չի ստեղծում:
-Ես դեմ չեմ, պարզապես գոյություն ունի ճաշակ: Երգը չպետք է ձեւափոխվի, ոնց կա, թող այնպես էլ մնա, եթե երիտասարդը չի սիրում ժողգործիքներով լսել այդ երգը, ապա թող նորովի գործիքավորմամբ մատուցեն, ոչ թե երգը փոխեն: Իմ կյանքի փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ դիսկոտեկային համապատասխան երգեր են լսում, եւ գալիս է մի պահ, որ միայն Սայաթ-Նովա են լսում, չեմ կարող ասել՝ ինչն է պատճառը, երեւի պապերի կանչն է:
-Արսե՛ն, իսկ կոնսերվատորիայի եւ ոչ հաճախակի կազմակերպվող համերգների պայմաններում դժվար չէ՞ ապրել…
-Չգիտեմ՝ ում մոտ ոնց, բայց ինձ մոտ հնարավոր չէ: Կոնսերվատորիայում այնքան էլ բարձր չէ աշխատավարձը, իսկ համերգներին նորմալ չեն վարձատրում: Ոչ թե ստիպված, այլ շատ ուրախ եմ, որ հրավիրում են հարսանիքներին, որտեղ կարողանում ես մի քանի ժամ մարդկանց կտրել իրենց առօրյա հոգսերից:
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, երբ արվեստագետները մտնում են քաղաքականություն: Քարոզարշավներին հանդես են գալիս ելույթներով…
-Ճիշտն ասած՝ ինձ հետ այս վերջերս նման մի բան կատարվեց. ես երգեցի, բայց լավ է, եղան մարդիկ, ովքեր ավելի ըմբռնումով մոտեցան, հասկացան, որ այս մարդը ամբողջ կյանքում երգել է բարեգործական համերգներ, որոնք երբեք չեն լուսաբանվել, եւ ես երբեք չեմ փոշմանել, թող Աստված ամեն մեկի արածն իր դիմացը բերի: Երգել եմ քարոզարշավին, բայց երբեք չեմ ասել՝ ընտրե՛ք Պողոսին կամ Պետրոսին, երգ է, երգել եմ, որի համար վարձատրվել եմ: Ասենք՝ երգիչ չեմ, պատշար եմ, պետք է պարտադիր իմանամ, թե ո՞ր կուսակցությունից են, գործ է, անում եմ, դա իմ աշխատանքն է: Ժողովրդի դեմ չեմ եղել, չեմ էլ լինի: Ժողովրդի դեմ դուրս են գալիս այն մարդիկ, ովքեր, տանը նստած, անընդհատ գրառումներ են անում սոցցանցերում:
-Եթե դեմ չեք, մի քանի բլից հարցումներով փորձենք բացահայտել Ձեզ այլ կողմից: Ձեր սիրելի գիրքը:
-Ռեմարկի «Երեք ընկերները», որը կարդալիս լաց եմ եղել:
-Փողի հետ Ձեր հարաբերությունները:
-Շատ լավ է, փոխադարձ հարգանք կա (ծիծաղում է):
-Վերաբերմունք, որ Ձեր հանդեպ չեք հանդուրժի:
-Դավաճանություն:
-Կինը երբեք չպետք է…
-Դավաճանի:
-Մի քանի բան, որոնց համար չեք փոշմանի, որ կյանք եք եկել:
-Հետաքրքիր ժամանակաշրջանում ենք ապրում, պատմական իրադարձությունների կենտրոնում, որը լսել կամ կարդացել ենք: Դրա հետ մեկտեղ չեմ փոշմանել, որ ծնվել եմ, ունեմ ծնողներ, սիրած կին եւ երեխաներ: Ես շատ եմ սիրում կյանքը:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ