Լուսանկարը՝ համացանցից
Ինչպես երեւում է լուսանկարից՝ ՌԴ-ում նույնպես եղանակային պայմաններն անբարենպաստ են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, չնայած անձրեւանոցի առկայությանը, այնպես են թրջվել, որ չեն էլ թաքցնում դժգոհությունը։ Հավանաբար ՌԴ-ի օդերեւութաբանները չեն կանխատեսել նման եղանակ, կամ էլ նրանց կճոյանները չեն շտապել պահել անձրեւանոցը, ու պաշտոնյաները մինչեւ ոսկորները թրջվել են։
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ եթե քաղաքացիական ծառայողը գտնվում է ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում, ապա նա կարո՞ղ է շարունակել քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը:
Մհեր Մինասյան (33 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Մինասյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը շարունակվում է, եթե նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) չի ընդունել նրա ծառայողական պարտականությունների կատարումը կասեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ծառայողական քննության նյութերում հանցագործությունների եւ զանցանքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Խորհրդի որոշմամբ այդ մասին հայտնվում է համապատասխան պետական մարմիններին, իսկ ծառայողական քննությունը օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով շարունակվում է:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է հաշմանդամությունը, ո՞ր տեսակի հիվանդություն ունեցողն է համարվում հաշմանդամ, եւ ո՞րն է հաշմանդամի վերականգնումը:
Իսկուհի Մանուկյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հաշմանդամությունը հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետեւանքով առաջացած սոցիալական անբավարարությունն է, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.03 թվականի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետ):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հաշմանդամի վերականգնումը բժշկական, հոգեբանական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական միջոցառումների համակարգն է՝ ուղղված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորության սահմաններում առավել լիակատար փոխհատուցմանը: Վերականգնման նպատակը հաշմանդամի սոցիալական վիճակի վերականգնումն է, սոցիալական հարմարեցումը եւ նյութական անկախությունը (հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետ):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է 200.177 հաշմանդամություն ունեցող անձ, որն ընդհանուր բնակչության 6,6%-ն է: Նրանցից 7.801-ը 3,9 %-ը հաշմանդամ երեխաներն են: Նշենք, որ ընդհանուր թվից 1-ին խմբի հաշմանդամներ են 10.268-ը, որն ընդհանուր հաշմանդամություն ունեցող անձանց 5,1%-ն է: 2-րդ խմբի հաշմանդամները 80.328-ն են, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները՝ 101.780: