Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 29-ին, այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և տեղեկացել, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի և Արայիկ Խանդոյանի նկատմամբ բռնության վերաբերյալ արձանագրում է կատարվել ՔԿՀ-ի մատյանում: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է համացանցի իր էջում:
«Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչներն ինձ հավաստիացրեցին, որ Խանդոյանի եւ Կյուրեղյանի մարմինների վրա բոլոր վնասվածքներն արձանագրվել են եւ ավելին՝ այդ վնասվածքների մասին արձանագրությունն ուղարկվել է գլխավոր դատախազություն եւ նախաքննությունն իրականացնող մարմնին:
Ենթադրվում է, որ դատարանը նույնպես դրա մասին կտեղեկանա: Այսինքն՝ բռնությունների փաստը պաշտոնապես արձանագրված է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրեն այսօր թույլ չեն տվել այդ արձանագրությունը տեսնել, որպեսզի հնարավոր լիներ պատկերացում կազմել, թե ինչ մասշտաբի վնասվածքների մասին է խոսքը:
Փաշինյանը նշել է, որ պատգամավորների տեսակցությունների վրա արգելանք է դրված: «Ըստ էության, «Ելք» խմբակցության պատգամավորների համար է արգելանք սահմանված, որովհետեւ այս ընթացքում մենք ենք անընդհատ ցանկություն հայտնել հանդիպել այդ մարդկանց»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ Անդրիաս Ղուկասյանին այցելելուց հետո իմացել է, որ այն պաշտոնյան, որը թույլ է տվել Փաշինյանին այցելել Ղուկասյանին, պաշտոնի իջեցման է «արժանացել»:
Նիկոլ Փաշինյանը ՔԿՀ-ի տարածքում տեսել է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատներին թույլ են տալիս տեսակցել կալանավորվածներին:
«Ելք» խմբակցությունն էլ ավելի գործուն կերպով կհետեւի դատավարությանը, որպեսզի մենք հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկենք «Սասնա ծռեր» խմբի անդամների իրավունքները պաշտպանելու եւ նաեւ մեր պատգամավորական գործունեության ընթացքում հնարավոր ապօրինությունները կանխելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Խանդոյանի և Կյուրեղյանի վնասվածքներն արձանագրվել են «Նուբարաշեն» քկհ վարչակազմի կողմից։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Donnerstag, 29. Juni 2017