Հայտարարելը դեռ խոստանալ չէ. Սերժ Սարգսյանի սցենարը կրկնվում է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ եւ մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը»,- երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը` մասնակցելով վերանշանակված կառավարության առաջին նիստին: Առաջին տպավորությամբ նա, ի հեճուկս 2018-ի անորոշության մասին խոսակցությունների, փակեց իր եւ վարչապետի լարված հարաբերությունների թեման՝ նրան իր աջակցությունը հայտնելով: Բայց դա միայն առաջին տպավորությամբ:

Ս. Սարգսյանի հայտարարությունները չի կարելի որակել Կարեն Կարապետյանի կառավարությանը տրված «քարտ-բլանշ» եւ հավաստիացում առ այն, որ նրա թիմը շարունակելու է պաշտոնավարել նաեւ 2018թ. ապրիլից հետո:

Ինչո՞ւ, նախ Ս. Սարգսյանն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող ուրիշ հայտարարություն անել. եթե Կարեն Կարապետյանն ու նրա կառավարությունը չվայելեին իր ու ՀՀԿ-ականների վստահությունը, ապա չպետք է պաշտոնավարեին: Բացի այդ՝ նման բովանդակությամբ ելույթ Սերժ Սարգսյանը ձոնել է նաեւ այլ վարչապետների, որոնց հերթով՝ քաղաքական նպատակահարմարությամբ թելադրված, հեռացրեց աշխատանքից «սեփական դիմումի համաձայն»:

Հիշեցնենք՝ Ս. Սարգսյանը ժամանակին նույնկերպ արտահայտվել էր նաեւ Հովիկ Աբրահամյանի հասցեին` նրան բնութագրելով որպես ԱԺ մեծամասնության վստահությունը վայելող անձ: «Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, եւ արդյունավետ աշխատելու համար էլ որեւէ խոչընդոտ չեմ տեսնում»,- 2013թ. մայիսին էլ համապետական ընտրություններից հետո Տիգրան Սարգսյանի կառավարության նիստում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Բայց դա չխանգարեց, որ ԱԺ ընտրություններից առաջ պաշտոնանկ անի եւ Աբրահամյանին, ավելի վաղ՝ Սարգսյանին՝ փոփոխությունների տպավորություն ստեղծելու համար: Այնպես որ, Կարեն Կարապետյանի կառավարության ճակատագիրը եւս շարունակում է օդից կախված մնալ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս