ՖՈՏՈ. Շղարշիկում տեղացած կարկուտի հետևանքով 50 ոչխար է սատկել. գյուղացիներն անելանելի վիճակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում տեղացած ուժգին կարկուտի հետեւանքով գյուղի բնակիչները հսկայական վնասներ են կրել: Նկատենք, որ որ երեկ կարկուտից վնասներ են կրել նաեւ Վերին Բազմաբերդ, Զովասար, Ոսկեթաս, Կաքավաձոր, Իրինդ, Աշնակ գյուղերի բնակիչները:

Շղարշիկի գյուղապետ Հովհաննես Հարությունյանը ArmLur.am-ին տեղեկացրեց, որ մարդկանց կարտոֆիլիի, ոլոռի եւ այլ մշակաբույսերի հողատարածքները կարկուտը «սրբել տարել է»: Նկատենք, որ գյուղի բնակիչները առաջիկայում պետք է կարտոֆիլն ու ոլոռը վաճառեին:


Շղարշիկի գյուղապետ Հովհաննես Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ բացի մշակաբույսերից կարկուտի հետեւանքով սատկել են նաեւ մարդկանց ունեցած ոչխարները: «Ահագին վնասներ կրեցին մարդիկ: Ամբողջ գյուղի բնակիչներն էլ տուժեցին կարկուտից: Ընդհանուր գյուղից 50 գլուխ ոչխար է սատկել: Այդ ոչխարները խուզված էին, դրա համար կարկուտի տակ մնալով սատկել են»,- ցավով նկատեց գյուղապետը:

Հարցին` մարզպետարանից համապատասխան մարդիկ այցելել են վնասները հաշվարկելու համար, գյուղապետ Հարությունյանը պատասխանեց. «Դեռ չեն եկել, բայց տեղյակ են: Թե ինչու չեն եկել չեմ կարող պատասխանել»:


Եւ չնայած սրան`Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը դեռ մտադիր չէ իր մարմնի համապատասխան հատվածը պոկել փափուկ աթոռից ու այցելել տուժած գյուղեր: «Եղավ, եղավ… զբաղված եմ»,- ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տեղացած կարկուտին, անտարբեր նկատեց մարզպետը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս