ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կալանավորների հացը 150 գրամով պակասեցնում են և 150 մլն դրամով պարգևատրում դատախազներին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 23-ին կառավարությունն հավանություն տվեց դատախազների խրախուսման վերաբերյալ որոշման նախագծին, որով ՀՀ գլխավոր դատախազությանը կհատկացվի 150 միլիոն դրամ՝ դատախազներին խրախուսելու համար: Իսկ ինչո՞ւ  է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պարգեւատրում դատախազներին:
Ըստ դատախազության հիմնավորման` դատախազներին խրախուսում են ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, աշխատանքային հաջողությունների եւ այլ վաստակի համար: Նկատենք, որ նախագծի մեջ չի գաղտնազերծվել, թե կոնկրետ որ դատախազներն են պարգեւատրման արժանի եւ կոնկրետ ինչ հաջողություններ են արձանագրել, որ որոշվել է նրանց պարգեւի արժանացնել: Ի դեպ, նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Մեզ հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը, անդրադառնալով դատախազնեորի պարգեւատրմանը հայտնեց, որ իր ընկերներից մեկը ուշագրավ միտք է արտահայտել , թե կալանավորների հացը 150 գրամով պակասեցնում են և 150 մլն դրամով պարգևատրում դատախազներին:

Նշենք, որ 2017 թվականի մայիսի 18-ին ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ իրականացվեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական նվազագույն չափաբաժնում:
Օրինակ 2015 թվականից մինչեւ 2017 թվականի մայիս 18-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրամադրվել է 650 գրամ հաց, իսկ ահա կատարված փոփոխությունների արդյունքում քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրաադրվելու է 500 գրամ հաց: Ասել է, թե կատարված փոփոխությունների արդյունքում 150 գրամով պակասեցվել է կալանավորներին կամ դատապարտյալների տրամադրվող հացի չափաբաժինը:

Ի դեպ Նախագիծը մշակվել էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից եւ վերջիններս կատարված փոփոխությունը հիմնավորել էին հետեւյալ կերպ.«Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրամադրվող սննդատեսակների բազմազանության և կալորիականության ապահովմամբ, հանդերձանքի, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինների և դրանց շահագործման ժամկետների հստակեցմամբ, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների պահեստային մասերում և ճաշարաններում պահվող և օգտագործվող սննդատեսակների բնական կորուստների ձևավորման իրավական հիմքերի սահմանմամբ»:

Թե որքանով կալանավորի հացի չափաբաժինը պակասեցնելով եւ այն այլ սննդի տեսակներով ավելացնելով, ՀՀ քրեակատարողական վարչությունը իրավիճակ կփոխի, դժվար է ասել: Ավելին, արդյոք այս պայմաններում դատապարտյալների կամ կալանավորների հարազատները ստիպված չեն լինի իրենց հարազատի գոյությունը պաշտպանելու համար սնունդ հասցնել ՔԿՀ, ցույց կտա ժամանակը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս