Երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Աարայիկ Պապիկյանը հանդես էր եկել հայտարարությամբ` Արայիկ Խանդոյանի խոշտանգման մասին:
Այսօր վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ ՀՀ դատախազությունը փաստաբան Ա.Պապիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ գրություն է ուղարկվել ՀՀ փաստաբանների պալատ
«ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արայիկ Պապիկյանը, դուրս գալով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված փաստաբանական գործունեության շրջանակներից, փաստաբանական գործունեությանը չվերաբերող, վստահորդին իրավաբանական օգնություն տրամադրելուն որևէ կերպ չառնչվող հարցերով իր հայացքներն է փոխանցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ավելին՝ անպարկեշտ ձևակերպումներով գնահատականներ է տվել պետական իշխանության մարմիններին, իրավապահ մարմիններին ու դրանց գործունեությանը:
mamul.am համացանցային կայքի 2017թ. հունիսի 29-ի հրապարակումից զատ փաստաբանի կողմից նույն բովանդակությամբ գրառում է կատարվել նաև նրա ֆեյսբուքյան էջում: Ընդ որում, փաստաբանը հանդես է եկել իր անունից, վերջինիս դատողությունները ձևակերպված են ոչ թե որպես անձնական կարծիք կամ գնահատական, այլ որպես բացարձակ ճշմարտություն նաև իր կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին:
Նկատի ունենալով, որ փաստաբանի վարքագիծն հակասում է օրենքին ու դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջներին դատախազի կողմից ՀՀ փաստաբանների պալատ ուղարկվել է գրություն՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխում ամրագրված դրույթներին համապատասխան փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու վերաբերյալ»: