Արդարադատության նախարարն ընդունել է IRZ-ի Հարավային Կովկասի բաժնի ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 30-ին ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերին:

Նախարարը բարձր է գնահատել IRZ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը և կարևորել Հիմնադրամի ցուցաբերած աջակցությունը՝ ուղղված հատկապես քրեակատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումներին և փորձի փոխանակման աշխատանքներին:
Թերեզա Թալհամերը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության հետ ստորագրված համաձայնագրով իրականացված աշխատանքներն ու փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն է հայտնել:

Դավիթ Հարությունյանն անդրադարձել է նաև նոտարական ոլորտի բարեփոխումներին և նշել, որ նոտարների ներուժն օգտագործելով աշխատանքներ կտարվեն դատարաններին ուղղված գործերի քանակը նվազեցնելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով կներդրվի կատարողական մակագրության ինստիտուտը, իսկ նոտարներն իրավունք կստանան հաստատելու նաև իրավաբանական փաստը:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նոտարների վերապատրաստմանն ու գերմանացի գործընկերների հետ փորձի փոխանակմանն ուղղված մի շարք հարցերի:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս