Այն պահից ի վեր, ինչ Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պարտականությունները, այս երկրի պետակառավարման համակարգը հանգիստ շունչ չի քաշել: Նախագահի ու նրա մերձավոր շրջապատի մասին գրեթե ամեն օր մամուլը մի նոր սկանդալային հրապարակում է ունենում՝ ինչ-ինչ բացահայտումներ անելով: Այս անգամ, սակայն, Washington Post-ը խախտեց ավանդույթը՝ Թրամփի հետ կապված բացահայտումները առնչակցելով արդեն նախկին նախագահ Բարաք Օբամային: Ըստ պարբերականի աղբյուրների՝ նախագահական ընտրությունների շրջանում Օբաման հստակ տեղեկատվություն է ունեցել այն մասին, որ ՌԴ կառավարող շրջանակները ընտրական գործընթացին անմիջականորեն ներգրավելու քայլեր են ձեռնարկել:
Համաձայն ամերիկյան հեղինակավոր լրատվականի՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը 2016թ․ ամռանը ծանուցել էր նախագահին, որ ռուսական հաքերային շրջանակների կողմից գործողություններ են ձեռնարկվում Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին միջամտելու ուղղությամբ: Ըստ ԿՀՎ-ի հույժ գաղտնի զեկույցի, որը հատուկ ծրարով ուղարկվել էր Սպիտակ տուն եւ թույլատրվել բացվելու հաշված անձանց ներկայությամբ միայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ էր հրահանգել կիբեր հարձակում ձեռնարկել՝ փորձելով հակել ընտրությունները Դոնալդ Թրամփի օգտին: Օբամայի վարչակազմը մտածել է ռուսներին մի շարք պատասխանների արժանացնել, ինչպես, օրինակ, կիբերհարձակումներ գործել ռուսական ինֆրաստրուկտուրաների վրա, հրապարակել ԿՀՎ-ի գաղտնի կոմպրոմատները Պուտինի մասին, ուժեղացնել տնտեսական պատժամիջոցները եւ այլն:
Փոխարենը, Օբաման նախընտրել է անձամբ զգուշացնել Պուտինին 2016թ․ սեպտեմբերին Չինաստանում կայացած G-20 գագաթնաժողովի ժամանակ նման գործելակերպի անթույլատրելիության մասին՝ միաժամանակ բավարարվելով մի քանի ռուս դիվանագետների արտաքսմամբ ու խորհրդանշական նեղ-թիրախային պատժամիջոցներով: Ըստ էության, ռուսական ակտիվ հարձակումները չեն արժանացել ամերիկացիների համարժեք պատասխանին, ինչի համար այսօր լրջորեն քննադատվում է նախկին վարչակազմը:
Հարկ է նկատել, որ Օբամայի վարչակազմի ուղղությամբ այս հարցում առաջին քարերը նետել էր հենց Թրամփը՝ պնդելով, որ եթե ռուսները միջամտել են ամերիկյան ընտրություններին, ապա դա հնարավոր է եղել միայն նախկին վարչակազմի քաղաքականության արդյունքում: Թրամփը ակնարկել էր, որ Օբաման էր պատասխանատու միջամտության համար, քանզի պատշաճ քայլեր չի ձեռնարկել՝ կանխելու դեպքերի այդօրինակ ընթացքը: Ինչպես հաճախ է պատահում Թրամփի հետ, այս անգամ նա նույնպես խտացնում է գույները եւ ծայրահեղ գնահատականներ տալիս՝ առանց հաշվի առնելու Օբամայի վարչակազմի դժվարին կացությունը: Օբաման նախ անմիջականորեն ներգրավվել էր ընտրապայքարին՝ հանդես գալով իր կուսակից Հիլարի Քլինթոնի պաշտպանությամբ: Նախագահը նույնիսկ մասնակցում էր Քլինթոնի հանրահավաքներին ու Թրամփին քննադատող ելույթներ ունենում: Այս հանգամանքը չափազանց կաշկանդում էր Օբամայի՝ երկրի նախագահի պարտականությունները հավուր պատշաճի կատարելու հարցում, քանզի նրա ցանկացած գործողություն, որ կբացահայտեր ռուսների ներգրավածությունը հօգուտ Թրամփի, անխուսափելիորեն արժանանալու էր վերջինիս քաղաքական շահարկումներին:
Պատահական չէ, որ այդ շրջանում Թրամփը նույնիսկ խոսում էր ընտրությունների կեղծման հավանականության մասին՝ որոշակիորեն սպառնալով, որ իր «շարժումը» չի կարող հաշտվել նման հանցանքի հետ: Թրամփի հայտարարությունները՝ ընտրությունները կեղծելու մասին, արդեն իսկ լուրջ գլխացավանք էին Օբամայի համար: Եվ ահա նման իրավիճակում, եթե Օբամայի վարչակազմը հանդես գար ռուսների միջամտության մասին հաղորդմամբ, անպատկերացնելի է, թե Թրամփը ինչպես էր օգտագործելու իրավիճակը՝ դեմոկրատներին մեղադրելով իր հաղթանակը գողանալու մեջ: Անշուշտ, եթե Օբաման գնար նման բացահայտումների ճանապարհով, Թրամփը հազիվ թե հաղթանակ տաներ, ինչը գուցե եւ կհանգեցներ լուրջ ցնցումների: Հաշվի առնելով Թրամփի խառնվածքը, ինչպես նաեւ Օբամայի՝ Քլինթոնի ընտրարշավին ցուցաբերած ակտիվ մասնակցությունը՝ քաղաքական շահարկումների պակաս չէր զգացվելու: Ահա այստեղ է, որ ԱՄՆ դեմոկրատները իրական բացթողումներ ունեցան:
Օբաման պարտավոր էր հանդես գալու արբիտրի կերպարում՝ բավարարվելով Քլինթոնին սատարող հայտարարությամբ: Այնինչ՝ նա խախտեց քաղաքական հավասարակշռությունը եւ ակտիվորեն պաշտպանեց թեկնածուներից մեկին՝ մյուսին ինքնաբերաբար լարելով իր դեմ: Նման իրավիճակում նրա ցանկացած քայլ դիտվում էր Քլինթոնի օգտին՝ ընդդեմ Թրամփի: Ըստ այդմ, որքան Թրամփն է մեղավոր ԱՄՆ-ում ամբոխահաճության ու քաղաքական անպատասխանատվության դրսեւորման բարձր մակարդակի համար, նույնքան էլ կառավարող ընտրախավն ու անձամբ նախկին նախագահ Օբաման:
Ի դեպ, Հայաստանում նման իրավիճակ գրանցվեց 2008թ, երբ իր ժամկետն ավարտող Ռոբերտ Քոչարյանը անմիջականորեն ներգրավված էր ընտրական գործընթացում եւ անթաքույց աջակցություն էր ցուցաբերում Սերժ Սարգսյանին: Քոչարյանի հեռակա բանավեճը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ավելի բուռն էր ու սուր, քան Սարգսյանինը: Այնպիսի տպավորություն էր, որ ընտրություններում Տեր-Պետրոսյանի մրցակիցը ոչ թե Սերժ Սարգսյանն էր, այլ հենց Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս, որպես հեռացող նախագահ, կարող էր առավելագույնը հայտարարել Սերժ Սարգսյանին սատարելու մասին եւ մի կողմ քաշվել՝ մտածելով սոսկ ընտրությունների օրինականության ապահովման մասին:
Նա պարտավոր էր ապահովել ընտրական գործընթացի մաքրությունը՝ իշխանության խաղաղ փոխանցումն իրականացնելով: Սակայն Քոչարյանը Սարգսյանի մասին ավելի շատ էր մտածում, քան անհրաժեշտ էր, եւ նման «անձնուրացությունը» չշրջանցեց անգամ Մարտի 1-ի սպանդը: Քոչարյանը, փաստորեն, ճակատագրական սխալ գործեց ոչ այնքան ժողովրդավարությունը բռնաբարելով կամ անփառունակ կերպով ավարտելով իր քաղաքական կարիերան, որքան դաժան նախադեպ սահմանեց, ըստ որի՝ բացառվեց Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը: Մի սխալ, որից ամերիկյան էլիտան հաջողությամբ խուսափեց՝ իշխանությունը հանձնելով Թրամփին:
Ն. Հովսեփյան