ՖՈՏՈ. Լայն զգեստներ, պոլո մայկաներ՝ վերցված տղամարդկանց պահարանից. տարվա ամենանորաձև թրենդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիզայներ, ոճաբան Արփինե Կոշտոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է հայկական նորաձեւության, ցուցադրությունների, այժմյան տենդենցների եւ հայտնիների նախընտրությունների մասին:

«Այս տարվա ամենանորաձեւ թրենդների մեջ են մտնում լայն զգեստները, որոնք մարմինը չեն գրկում, պոլո մայկաները՝ վերցված տղամարդկանց պահարանից, ինչպես նաեւ շատ ակտուալ են սպորտային տաբատները, որոնք միքսում ենք էլեգանտ պիջակների եւ վերնաշապիկների հետ»,-ասաց ոճաբանը:

Արփինե Կոշտոյանի խոսքով՝ այսօրվա մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները հաճախ դիմում են նրան՝ բեմական զգեստներ գծագրելու համար, իսկ առօրյայում նրանք նախընտրում են հասարակ, ոչ վուլգար սպորտային բոթասներ, շորտեր. «Մենք այսօր ունենք այդ կուլտուրան՝ տարբերելու բեմն առօրյայից»:

Հարցին՝ Հայաստանում նորաձեւությունը զարգացման ի՞նչ փուլում է, վերջինս պատասխանեց, որ համաշխարհային բրենդների հետ համընթաց քայլել չենք կարող, որովհետեւ շատ հետ ենք, իսկ արտերկրում կան բոլոր նախադրյալները, մեր երկիրն այդ կողմից խղճուկ է: «Հայաստանում նորաձեւությունը զարգացնելու համար քայլեր արվում են: Սկսել ենք արտադրությամբ զբաղվել, ինչը ողջունելի է: Այսինքն՝ երկիրը կզարգանա, մարդկանց համար կստեղծվեն աշխատատեղեր»,-նշեց նա:

Ի՞նչն է պակասում մեր դիզայներներին, որ հաճախակի ցուցադրություններ, նոր հավաքածուներ չեն լինում, նոր մտքեր չկա՞ն: Մեր հարցմանն ի պատասխան՝ դեզայներն ասաց. «Մենք այսօր աշխատում ենք՝ գումար վաստակելու համար, որպեսզի կարողանանք այդ գումարով նորից զարգացնել մեր գործը, իսկ ցուցադրության դեպքում շատ ֆինանս է հարկավոր: Մեր երկրում դեռ դա հնարավոր չէ, կամ էլ պետք է շատ հարուստ մասսա լինի, որպեսզի մոդելային հարթակում քայլած հագուստի համար վճարի, ինչպես արվում է աշխարհում»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս