Դա անթույլատրելի աշխատաոճ է. Սերժ Սարգսյանը` դատախազությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հարգելի՛ դատախազներ,

Շնորհավորում եմ ձեզ և դատախազության բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ ձեր աշխատանքում լինեք հաջողակ և գնահատված: Շարունակե՛ք անձնվիրաբար ծառայել ձեր գործին:

Ձեր գործունեությունն անչափ կարևոր է պետության և հասարակության համար: Այն նույնչափ պատասխանատու է, քանի որ ձեր որոշումները կարող են մարդու ճակատագիրը փոխել՝ բառիս ամենաուղղակի իմաստով:

Շնորհավորում եմ նաև ձեր ընտանիքի անդամներին: Առանց ձեր ընտանիքների անդամների ամենօրյա աջակցության՝ ձեր հաջողությունները չեն լինի այնպիսին, ինչպիսին կարող են լինել նրանց օժանդակության պայմաններում:

Վեցերորդ գումարման Ազգային ժողովին հասցեագրած իմ ուղերձում ես առաջարկել էի բանաձև, որով պետք է առաջնորդվի բարեխիղճ կոչվելու հավակնող՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր պաշտոնյա, հատկապես՝ իրավապահ համակարգը ներկայացնող պաշտոնյան: Նաև ներկայացրել էի իրավապահ համակարգի նոր ընկալման մասին իմ պատկերացումը:

Ինձ համար իրավապահ համակարգը իրավապաշտպան բնույթ ունի: Բովանդակային առումով ես դրանք հոմանիշներ եմ համարում: Եթե ուզում ենք մոտ ապագայում Հայաստանում թեթևացնել իրավունքները պաշտպանողի հոգսերը, ապա մեր ջանքերը պետք է ուղղենք մեկ նպատակի՝ իրավունքը պահպանողի գործունեության մեջ որակական նոր մակարդակի բարձրացնել անձի, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը: Դրա գրավականը ուժեղ և պատասխանատվությունից չխուսափող, իրավունքի գերակայության սկզբունքի ներքո աշխատող կուռ և գործակցող իրավապահ համակարգն է:

Այդ համակարգի հենասյուներից մեկը, անշուշտ, դատախազությունն է՝ պատմականորեն ինքնատիպ իր կարգավիճակով: Եվ այդ ինքնատիպությունը առավել հստակ ընդգծվում է սահմանադրական նոր կարգավորումներով. իշխանության եռաթև համակարգից դուրս, բայց միաժամանակ իշխանության բոլոր ճյուղերի հետ առնչվող միասնական կառույց՝ միայն իրեն հատուկ լիազորություններով և ազդեցության ոլորտներով:

Հարգելի՛ գործընկերներ,

Սահմանադրությունը ձեզ վստահել է արդարադատության իրականացմանն անմիջականորեն մասնակցելու, տարբեր մարմինների գործունեությունը հսկելու, որոշակի ոլորտներում պետական կառույցների համար զսպիչ և հակակշիռ լինելու պատասխանատվությունը: Հատկապես մեծ է ձեր դերակատարումը քրեական արդարադատության ոլորտում. մինչդատական վարույթի օրինականության, դատարանում ներկայացվող մեղադրանքի հիմնավորվածության, իսկ երբեմն նաև կայացվող դատական ակտերի արդարացիության վերաբերյալ հանրության մոտ ձևավորվող պատկերացումները պայմանավորված են նաև ձեր գործողություններով: Դա տրամաբանական է: Եթե մեծ է պատասխանատվությունը, ապա մեծ է նաև դրանից ածանցվող հնարավորությունը, իսկ որքան մեծ է հնարավորությունը, նույնքան մեծ են նման հնարավորությունից օգտվողին ներկայացվող պահանջները:

Այս առումով կուզենայի հատուկ ուշադրություն դարձնել ձեր գործառույթների հետ անմիջականորեն կապված մի քանի խնդրահարույց երևույթների վրա, որոնց մի մասն իրավական գործընթացների շրջանակներում քննարկման առարկա են դառնում նույնիսկ միջազգային դատական ատյաններում: Վստահ եմ՝ հասկանում եք, որ նկատի ունեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Խոսքս նախևառաջ վերաբերում է կալանքների հիմնավորվածությանը:

Կասկածից վեր է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը պետք է հիմնավորված լինի: Սակայն դրա կարևորագույն նախադրյալներից մեկը համապատասխան որակյալ միջնորդության առկայությունն է: Այստեղ է, որ դատախազությունը յուրօրինակ միջանկյալ օղակ պետք է լինի նախաքննական մարմնի և դատարանի միջև՝ երկու հիմնական խնդիր լուծելու միտումով. արգելափակել ակնհայտ անհիմն, իսկ երբեմն՝ միայն օրենքի պարզունակ վերարտադրություն պարունակող միջնորդությունների ներկայացումը դատարան, և միաժամանակ, բարձրացնել այն միջնորդությունների որակը, որոնց բավարարման համար իրականում կան թե՛ օբյեկտիվ անհրաժեշտություն և թե՛ բավարար հիմքեր:

Հասկանալի է, որ ես նկատի չունեմ բավարարման քանակը. երբ մեր դատավորները խոսում են այն մասին, որ դատարանները բավարարում են միջնորդությունների 90 տոկոսից ավելին, և դա շատ է, ո՛չ, խոսքը դրա մասին չէ: Կարող է լինել 100 տոկոս բավարարում դատարանի կողմից և չլինել հիմնավորված, և կարող է դատարանի կողմից լինել 100 տոկոս բավարարում ու ամբողջովին հիմնավորված, ինչը, կարծում եմ, կլինի ամենաիդեալականը:

Մեր պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու տեսանկյունից մտահոգիչ է նաև դատարաններում արդար դատաքննության ոչ բոլոր բաղադրիչների լիարժեք պահպանումը: Մասնավորապես, դա վերաբերում է մեղադրանքի կողմի առանցքային վկաների՝ հակընդդեմ հարցումն ապահովելուն:

Կարծում եմ՝ դատախազներն այստեղ ևս անելիք ունեն: Այս ճակատում կատարված պատասխանատու և բարեխիղճ աշխատանքը ոչ միայն երաշխավորում է անձի հիմնարար իրավունքների իրացումը, այլև ապահովում է յուրաքանչյուր քրեական գործի քննության և հանգուցալուծման արդարացիությունը:

Քրեական գործերի քննության տևականության կամ ձգձգումների տեսանկյունից շարունակում է արդիական մնալ հետախուզվող անձանց հայտնաբերման խնդիրը: Համոզված եմ, որ իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում դատախազությունը պետք է առավել մեծ ուշադրություն դարձնի նմանատիպ գործերին: Քննությունից թաքնվող մեղադրյալների հայտնաբերման հարցում պետք է սերտ և ավելի արդյունավետ համագործակցել քննչական մարմինների և հատկապես ոստիկանության հետ:

Հարգելի՛ գործընկերներ,

Այս ամենով հանդերձ, այսօր կարող ենք փաստել, որ մեր դատախազության գործունեության մեջ զգալի առաջընթաց կա: Գնալով՝ դատախազները դառնում են է՛լ ավելի պատրաստված և է՛լ ավելի պատասխանատու: Դատախազների նման բարեխիղճ աշխատանքը տալիս է իր դրական արդյունքը: Համոզված եմ, որ դա նկատում են ինչպես ձեզ հետ աշխատող պաշտոնատար անձինք, այնպես էլ մեր հանրությունը: Այն նկատելի է նաև դատախազության տարեկան հաղորդումներում:

Միաժամանակ տարեկան հաղորդումներում տեսնում եմ որոշ խնդիրների մասին մտահոգություններ: Բնական է, որ պետական մյուս մարմինների աշխատանքն էլ իր դրական կամ բացասական ազդեցությունն է թողնում դատախազության գործունեության արդյունքների վրա: Սակայն դուք չեք կարող պասիվ դիտորդներ լինել և սահմանափակվել այս կամ այն բնագավառում առկա խնդիրներն արձանագրելով:

Խնդիրների մասին բարձրաձայնելը բավարար չէ: Դա խնդրի լուծում չէ: Խնդրի վերհանումը պետք է մշտապես ուղեկցվի այն լուծելու միջոցներ ձեռնարկելով:

Այս պարզ կանոնը միշտ պետք է կիրառվի ձեր առօրյա աշխատանքում: Եթե ղեկավարին պաշտոնյան ներկայացնում է խնդիրը և չի տալիս դրա հնարավոր լուծումը, ավելի լավ կլինի՝ լուծման տարբերակները, իսկ լուծումների մասին մտածում է միայն ղեկավարը, ապա նշանակում է, որ նրանք երկուսն էլ արդյունավետ չեն օգտագործում իրենց ժամանակն ու հնարավորությունները:

Դա անթույլատրելի աշխատաոճ է: Մենք նման գործելակերպով առաջնորդվելու ավելորդ ժամանակ չունենք: Կարծում եմ, որ օրենսդրական լիազորությունների շրջանակներում դուք ունեք բավարար գործիքակազմ թե՛ բացահայտված խնդիրները լուծելու, թե՛ դրանց լուծման համար անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու համար:

Հակառակ գործելակերպը բերում է անտարբերության. անտարբերություն, որը պարարտ հող է ստեղծում չարաշահումների, կոռուպցիոն երևույթների և ի վերջո՝ անարդարության համար: Ես արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ անարդարությունը մեր թիվ մեկ թշնամին է, և մենք պատերազմ ենք հայտարարել անարդարությանը: Այդ պատերազմում մենք պարտավոր ենք հաղթել՝ չեզոքացնելով անտարբերության ամեն մի դրսևորում, վերացնելով կոռուպցիոն ցանկացած երևույթ:

Դուք ընկալելի, վստահելի և հուսալի իրավապահ համակարգ ունենալու գլխավոր պատասխանատուներից եք: Ենթադրվում է, որ ձեր մասնագիտական որակները և արժեքային համակարգն ունակ են երաշխավորելու դա: Իսկ եթե ձեր մեջ կան մարդիկ, որոնց որակներն ու արժեքները տարբերվող են, ապա կա՛մ նրանք պետք է հեռանան, կա՛մ ինքներդ պետք է վճռականորեն հեռացնեք նրանց: Երրորդ տարբերակը նույնպես կա, սակայն այն հեռանկարային չէ և ցավոտ է, ընդ որում՝ ոչ միայն կամ ոչ այնքան նման «անհատների», որքան տվյալ համակարգի համար:

Անարդար դատախազը վնասաբեր է թե՛ դատախազության, թե՛ այն կառույցի համար, որը դատախազությանը վերապահված լիազորությունների ուժով նրա ազդեցության գոտում է: Այս իմաստով՝ անարդարության դեմ դատախազության պայքարը երկճակատ է: Եվ դժվար է ասել, թե որ ճակատում դատախազի անհաջողությունն ավելի վնասաբեր կլինի: Ուստի, միշտ պետք է զգոն լինեք: Ձեր զգոնության թուլացումը թուլացնելու է իրավապաշտպան ողջ համակարգը:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր երկիրը մտել է բեկումնային մի նոր ժամանակաշրջան: Միասին կառուցելու ենք պետական կառավարման նոր կարգը: Ապրիլյան ընտրություններից առաջ մենք խնդիր էինք դրել ցույց տալ ինքներս մեզ, ինչու ոչ նաև միջազգային կառույցներին, որ վճռական ենք կազմակերպելու լավագույն չափանիշներին համապատասխանող ընտրություններ:

Արդեն կարելի է փաստել, որ դա մեզ հաջողվեց: Անշուշտ, կգտնվեն մարդիկ, որ այլ կարծիք կունենան, բայց որևէ մեկը չի կարող հերքել, որ այդ ընտրությունները վկայեցին Հայաստանում առնվազն ժողովրդավարության և պետականաշինության առաջընթացի փաստի մասին: Դրանք նաև վկայեցին, որ պետությունն ի վիճակի է արձագանքելու նման գործընթացներին ուղեկցող ցանկացած իրավախախտման:

Այստեղ պետք է ընդգծեմ դատախազության կարևոր դերակատարումը: Դատախազության ակտիվ մասնակցությամբ իրավապահ համակարգը ցույց տվեց, որ ունակ է առկա ռեսուրսների ճիշտ կիրառմամբ քննարկել ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը: Ձեզ հաջողվեց պատասխանատվությամբ համակարգել իրավապահ մարմինների առջև դրված խնդիրների լուծման գործընթացը, հավուր պատշաճի վերլուծել առկա տեղեկատվությունը և ժամանակին արձագանքել յուրաքանչյուր ահազանգի՝ նույնիսկ, եթե այն առերևույթ որևէ իրավախախտման լուրջ նշաններ չէր պարունակում:

Անկասկած, սա ձեռքբերում է, բայց դատախազությունը դեռ շատ անելիքներ ունի: Ոմանք կարող են մտածել, որ փոփոխված Սահմանադրությամբ դատախազության դերը չի փոխվում, սակայն ես այլ կարծիք ունեմ:

Վստահ եմ, որ կառավարման նոր համակարգի և պետական իշխանության մարմինների նոր հարաբերակցության պայմաններում փոխվում է նաև դատախազության դերակատարումը: Այն ավելի մեծ կամ փոքր չէ, ավելի ուժեղ կամ թույլ չէ, այն պարզապես յուրահատուկ է: Եվ հենց այդ յուրահատկությունը պահպանելով՝ դուք պետք է հավատ ու վստահություն ներշնչեք նաև մյուսներին:

Սահմանադրությունը ձեզ տվել է անհրաժեշտ և բավարար բոլոր գործիքները՝ է՛լ ավելի բարձրացնելու դատախազության ու դատախազի նկատմամբ հանրային վստահությունը: Գտնում եմ, որ Սահմանադրության փոփոխությունների ներքո մշակվող Դատախազության մասին նոր օրենքը լրացուցիչ երաշխիքներ կտա ձեր առաքելությունն առավել արդյունավետ իրականացնելու համար: Նաև կարծում եմ, որ ձեր հաջողություններն ու անհաջողությունները մեծապես պայմանավորվելու են ոչ այնքան տվյալ օրենքի լուծումներով, որքան ձեր առաքելության հանդեպ դրսևորած մոտեցմամբ և ձեր աշխատանքի որակով:

Գիտեմ, որ քիչ խնդիրներ չունեք: Միաժամանակ, ուզում եմ իմանաք, որ պետությունն աջակցելու է ձեզ այդ խնդիրների լուծման գործում, փորձելու է ընկալելի և տեսանելի դարձնել դատախազի սոցիալական դերը: Այդ նպատակին հասնելու համար պետք է վստահ լինենք, որ դատախազությունում իշխում են բարեխղճությունը, ազնվությունը և պրոֆեսիոնալիզմը:

Առանցքային այս որակներն ակնկալելու համար, բնականաբար, պետք է ապահովված լինեն դատախազի սոցիալական երաշխիքները: Կարծում եմ՝ վերջերս ընդունված օրենքով մեզ հաջողվեց լուծել դատախազներից շատերին մտահոգող կենսաթոշակների հարցը, ինչը որոշակիորեն թեթևացնում է համակարգում առկա սոցիալական խնդիրները: Այն նաև մասամբ լուծում է կադրային խնդիրը: Փորձառու և արդար կադրերը մեզ համար չափազանց թանկ են:

Անշուշտ, մենք չենք բավարարվելու ձեռքբերումներով և փորձելու ենք լավագույնս լուծել երկրի կայունության և անվտանգության համար անհրաժեշտ նաև մյուս խնդիրները: Ես վստահ եմ, որ 2018 թվականի պետական բյուջեի հաստատումով դուք տեսնելու եք նաև վերաբերմունքի որոշակի փոփոխություն դեպի դրականը:

Հարգելի՛ գործընկերներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Շնորհավորում եմ նաև ձեր այն գործընկերներին, ովքեր արժանացել են պետության բարձր պարգևների և բարձրագույն դասային աստիճանների: Վստահ եմ, որ արժանավորները մշտապես գնահատված են լինելու մեր պետության կողմից:

Առողջություն և հաջողություն եմ մաղթում ձեզ: Շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար, առավել շնորհակալ եմ այն աշխատանքի համար, որ ապագայում կատարելու եք: Ես ուղղակի խնդրում եմ՝ սատարե՛ք Հայաստանի Հանրապետության կառավարությանը, սատարե՛ք ինձ մեր երկրից արմատախիլ անելու բոլոր հոռի երևույթները, որոնք պատժելի են օրենսդրությամբ»,-ասել է Հանրապետության Նախագահը:




Լրահոս