Հայաստան-Թուրքիա պետական սահմանին մոտ գտնվող Արաքսավան բնակավայրում ժողովրդական կամավորական դրուժինայի անդամը հայտնաբերել է անծանոթ մի տղամարդու, ով անգլերենով հարցեր է տալիս տեղի բնակիչներին:
Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի բաժնից, Արաքսավանի բնակիչը, անհանգստացած լինելով փաստի առնչությամբ, այդ մասին անմիջապես տեղյակ է պահել ՀՀ- ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը:
Կասկածելի տղամարդու փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ նա Անգոլայի քաղաքացի, 1982 թվականին ծնված Դոնգալա Բոբ Ջոան է: Բացի անձնագրից նրա մոտ եղել են նաև փաստաթղթեր, որոնք հաստատում են Ֆրանսիայում փախստականի իր կարգավիճակը և տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում ազատազրկման վայրից ազատման վերաբերյալ:
Հարցաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ Ջոան պատիժ է կրել 2016 թվականին Թուրքիայի և Հայաստանի սահմանն անօրինական հատելու համար:
Ազատ արձակվելուց հետո գնել է տոմս Երևան-Փարիզ թռիչքի համար, սակայն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հետևանքով չի կարողացել հատել պետական սահմանն ու հեռանալ:
Դրանից հետո նա սկսել է Ֆրանսիա գնալու այլ ուղիներ փնտրել: Նրա խոսքով՝ ինքը Հայաստանի պետական սահմանը ևս մեկ անգամ ապօրինի հատելու հետին մտադրություն չի ունեցել: ՀՀ իրավապահ մարմինների որոշմամբ՝ Դոնգալա Բոբ Ջոան փոխանցվել է Ֆրանսիայի դեսպանություն: Սահմանապահ ծառայության ղեկավարությունն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի սահմանամերձ շրջանի բնակիչներին զգոնության համար: